Հնդկական Հոլիվուդի՝ Բոլիվուդի ամենափայլուն աստղերն այս օրերին Հայաստանում են. նրանք նոր ֆիլմ են նկարահանում՝ հնդկական սիրո մասին, որը զարգանում է և հնդկական կինոյին բնորոշ բոլոր գույները ստանում Հայաստանում: Ֆիլմի սյուժեն հետևյալն է. հնդիկ աղջիկը գալիս է Հայաստան սովորելու և որոշում է աշխատանք գտնել ու մնալ այստեղ: Նրա սիրած տղան էլ է գալիս Հայաստան՝ սիրելիի մոտ…: Ֆիլմի ռեժիսորն է Սիլվեր Ագավեն. «Հույս ունենք, որ մինչ տարեվերջ կամ եկող տարվա սկիզբ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա», – խոստանում է ռեժիսորը:
Ֆիլմի բոլոր դրվագները նկարահանվելու են Հայաստանում՝ ներկայացնելով մեր երկրի գեղեցկությունները: Սա մեզ համար շատ կարևոր և օգտակար կարող է լինել. հնդիկները տեսնելով մեր երկրի գեղատեսիլ վայրերը՝ կգան Հայաստանն անձամբ վայելելու՝ խոստանում է նկարահանող խումբը:

