Logo

Կարավաջո՝ «Մեդուզա». Հունական դիցաբանության հրեշը կտավի վրա

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 02.08.2018ՄՇԱԿՈՒՅԹ
ghjg - Կարավաջո՝ «Մեդուզա». Հունական դիցաբանության հրեշը կտավի վրա

Վաղ Բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոն իր աշխատանքներով միշտ տարբերվել է իր ժամանակի նկարիչներից: Նրա աշխատանքները լույսի և ստվերի միջոցով ավելի դրամատիկ, «խորն» ու «կենդանի» տպավորություն են թողնում:

Նրա այդպիսի աշխատանքներից է նաև «Մեդուզա»-ն: Երկու տարբերակ ունեցող այս գործը ստեղծվել է 1596 և 1597 թվականներին: Առաջին տարբերակը նկարիչն անվանել է Մորտուլա՝ առաջին պոետի պատվին, որը հիշատակել է Մեդուզային: Այդ տարբերակը չափսերով ավելի փոքր է և հիմա պատկանում է մասնավոր հավաքածուի: Իսկ երկորդ տարբերակը, որի մասին խոսելու ենք այս հոդվածում, կոչվում է հենց «Մեդուզա»: Այն պատկերում է հունական դիցաբանության մի հրեշավոր կնոջ՝ Մեդուզա Գորգոնային, որը, ըստ առասպելի, քարացնում էր մարդկանց, երբ վերջիններս իր աչքերի մեջ էին նայում: 

Մեդուզան գորգոնյան երեք քույրերից ամենահայտնին է։ Առասպելում ասվում է, որ նա իր գեղեցկությամբ ցանկանում էր մրցել Աթենասի հետ, որն էլ պատժում է նրան այդ հանդգնության համար և գլխի գանգուր մազերը դարձնում օձեր, իսկ ոտքերը՝ պղնձե սմբակներ։ Մեդուզային սպանում է Պերսևսը՝ Զևսի և Դանայայի որդին, որը սակայն մեծացել էր Սերիփոսի իշխան Դիկտիսիոսի տանը: Վերջինիս եղբայրը՝ արքա Պոլիդեկտեսը, սիրահարվում է Դանայային, որը, սակայն, չէր սիրում նրան: Արքան  որոշում է Պերսևսին տալ այնպիսի հանձնարարություն, որ վտանգի նրա կյանքըն ու ամուսնանա անպաշտպան, միայնակ մնացած Դանայայի հետ։ Արքան այդ պատճառով ուղարկում է Պերսևսին բերելու Գորգոն Մեդուզայի գլուխը: Նիմֆերից ստացած նվերներով Պերսևսը կարողանում է սպանել քնած Մեդուզային ու գլուխը հասցնել Պոլիդեկտեսին:

«Մեդուզա» կտավի մեջ հետաքրքրական է նաև այն, որ նկարիչը՝ Կարավաջոն, որպես բնորդ նկարել է հենց ինքն իրեն: Նա այդ անելու համար օգտագործել է ուռուցիկ հայելի, ինչի պատճառով էլ, ուշադիր նայելու դեպքում, կտեսնեք, որ Մեդուզայի այտերն ու ճակատը ավելի կլորավուն են ու սպասվածից խոշոր:

Կարավաջոյի այս հայտնի աշխատանքն այսօր գտնվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում: 

 

 


fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner