Մենք բազմիցս ֆիլմերում տեսել ենք տարբեր ընդունակություններով կենդանիների՝ «սերֆինգիստ» շներ, պարող կատուներ, հայտնի հիթեր կատարող թութակներ, և այն, որ կենդանիները նաև հայտնի են իրենց դերասանական ընդունակություններով, մարդկանց համար վաղուց նորություն չէ:
Եվ այսպես մենք ձեզ ենք ներկայացնում մի շարք կենդանիների, որոնք իսկական կինոաստղեր են:
1. Հաչիկո. Ամենահավատարիմ ընկերը /Хатико. Самый верный друг/ Hachi: A Dog’s Tale 2009
Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, որոնք տեղի են ունեցել Ճապոնիայում: Կինոնկարում պատմվում է ակիտա-ինու ցեղատեսակի շան մասին, որն իր տիրոջ մահից հետո, 9 տարի շարունակ, սովորության համաձայն գնում էր կայարան՝ նրան դիմավորելու:
«Հաչիկո. Ամենահավատարիմ ընկերը» հոլիվուդյան ֆիլմը ճապոնական «Հաչիկոյի պատմությունը» ֆիլմի ռիմեյքն է:
Ռեժիսոր Լասե Խալստրեմը Հաչիկոյի դերում նկարահանել է երեք տարբեր տարիքի շների՝ Չիկո, Լայլա, Ֆորեսթ:
«Հաչիկո. Ամենահավատարիմ ընկերը» ֆիլմից հետո ակիտա-ինու, ինչպես նաև խասկի ցեղատեսակի շները կրկնակի ճանաչում և սեր սկսեցին վայելել:
2. Բեյբ. մի փոքրիկ խոզուկ ճանապարհորդության է մեկնում/ Бэйб. четвероногий малыш/ Babe. A little pig goes a long way. 1995
Ֆիլմը պատմում է փոքրիկ խոզուկ Բեյբի մասին, որը բավականին արագ հասկանում է իր տեղը և դերը սննդային շղթայում, և որպեսզի կարողանա գոյատևել, Բեյբը սկսում է կատարել խոզուկին ոչ բնորոշ աշխատանք՝ ոչխար արածացնել:
Այս ֆիլմը ունեցավ մեծ հաջողություն, այն դարձավ կենդանիներով նկարահանած առաջին ֆիլմը, որը «Լավագույն վիզուալ էֆեկտների» համար արժանացավ Օսկարի: Սակայն նման հաջողության ետևում կար ահռելի բարդ աշխատանք:
Նկարահանումների ընթացքում փոխարինվել է ավելի քանի 50 խոզուկ և ընդհանրապես ֆիլմում ընդգրկված կենդանիների քանակը հասնում էր 1000-ի:
3. Կանաչ մղոն/Зеленая миля/ The Green Mile 1999
Ֆրենկ Դարաբոնտին հիրավի կարելի է համարել Սթիվեն Քինգի գործերը էկրանավորող լավագույն ռեժիսոր. «Փախուստ Շոուշենկից», «Կանաչ մղոն». այս ֆիլմերով արդեն ամեն բան ասված է:
«Կանաչ մղոնը», որը Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա նկարած միսթիկ դրամա է, Դարաբոնտին բերեց Օսկարի 4 նոմինացիա, «Սատուրնի» 3 մրցանակ, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակներ և նոմինացիաներ:
Այս ֆիլմը հիացնում է իր ռեժիսորական մտահաղացումով, դերասանական խաղով և իր խորությամբ: Ֆիլմի կերպարները իրենց պատմությամբ ստիպում են՝ հուզվել, անհանգստանալ, խղճալ, զայրանալ՝ մի խոսքով հանդիսատեսին հասցնում են կատարսիսի:
Եվ այդ բազմերանգ կերպարային հրավառության մեջ կա մի կերպար որն իր անկեղծությամբ և պարզությամբ բոլոր կերպարներին միահյուսում է իրար: Փոքրիկ մկնիկ Պարոն Ջինգլսի մասին է խոսքը, նա լցնում է իմաստով ֆրանսիացի Դե լա Կրուայի կարճ կյանքը մինչ նրա մահապատիժը, նա կատարում էր անբացատրելի հնարքներ, ինչով ուրախացնում էր բոլորին և կյանքով լցնում «մահվան հանգրվան» դարձած այդ բանտախցերը:
4. Ազատ Վիլլին/ Освободите Вилли/ Free Willy 1993
Վիլին 3 տոննայանոց խոյադելֆին է, որին, հանուն ապահովագրության, Օկիանարիումի տերերը ցանկանում են սպանել, սակայն նրան օգնության է հասնում 12 ամյա Ջեսսին, ով Վիլիին ազատ է արձակում: Արդյունքում էլ նրանք դառնում են անբաժան ընկերներ:
Առաջին ֆիլմի բյուջեն կազմել է 50 մլն $, իսկ ահա համաշխարհային ցուցադրություններում այն հավաքել է ավելի քան 153 մլն: Նման հաջողությունից հետո նկարահանվեց ևս երկու մաս:
Վիլլին մարմնավորող խոյադելֆինի իրական անունը Կեյկո էր, նրան 2 տարեկան հասակում բռնել էին Իսլանդիայի ափերի մոտ և տեղափոխել Կանադա, այնուհետև նրան տեղափոխում են Մեքսիկա, որտեղ էլ ֆիլմի պրոդյուսորները նրան գտնում են:
Կեյկոն վատ պայմաններում ապրելու պատճառով խնդիրներ ուներ առողջության հետ, սակայն ֆիլմի շնորհիվ ամբողջ աշխարհից նրա համար գումար հավաքվեց և Կեյկոին կարողացան փրկել: Նկարահանումներից հետո խոյադելֆինին տեղափոխում են իր հարազատ բնօրրան՝ Իսլանդիա, որտեղ նրան բաց են թողնում ազատ ծով, սակայն Կեյկոն այնքան էր կապված մարդկանց հետ, որ մշտապես վերադառնում էր նրանց մոտ:

