Լիա Զախարյանը հյուրընկալվել է «Կյանքի ուղիներով» հաղորդմանը։ Դերասանուհին խոսել է սարերում անցկացրած մանկության քաղցր հուշերի, տատիկի, երգչուհի դառնալու երազանքի, 19 տարի անց հորը հանդիպելու և այլ թեմաների մասին։ «Fast News Culture»-ն առանձնացրել է հաղորդումից մի քանի դրվագ։
Սյունյաց սարերի մանկությունը
Ծնվել ու մեծացել է սահմանամերձ Արևիս գյուղում։ Ապրում էր տատիկի տանը։ Հիմա շատ է կարոտում սարերի մանկությունը։ «Մանկությունս անցել է տատիկիս կողքին, սարերին ու բնությանը մոտ։ Այնքան եմ կարոտում այդ օրերը։ Դասերից փախչում, սար էինք գնում՝ 50 դրամանոց բուլկիներով ու կարկանդակներով։ Ուտում էինք ու խաղում։ Չեմ հիշում՝ ինչ էինք խաղում, բայց ուրախ էինք, երջանիկ էինք, ժպտում էինք։ Հետո ուսուցիչներին էլ համոզեցինք։ Նրանք էլ էին փախչում և մեզ հետ սար գալիս՝ բրդուճ ուտելու։ Հիմա բնության գիրկ գնալիս՝ ինձ հետ վերցնում եմ բրդուճ, որ նստեմ սարի գագաթին ու նայեմ շուրջս՝ ուտելով բրդուճս», - վերհիշել է դերասանուհին։
Երգում էր սանրով՝ հայելու առջև
4 տարեկանում որոշեց գնալ դպրոց։ Տատիկը տնօրենին խնդրեց, որ հաճախի դասերին, սիրտը չկոտրվի։ Լիան գնում էր, հորինում պատմություններ, բոլորը ուշի-ուշով լսում էին, իսկ վերջում ծափահարում։ Այդ տարիներից զգաց, որ իրեն դուր է գալիս լինել ուշադրության կենտրոնում։ «Հեռուստացույցով նայում էի Բրիթնի Սփիրսի և Սելին Դիոնի ելույթները։ Տեսնում էի՝ ինչպես են նրանք շարժվում բեմում, ինչպես է հանդիսատեսը ծափահարում նրանց։ Ոգեշնչվում էի, կանգնում հայելու առջև և մազի սանրով երգում», - պատմել է Լիան։
Բրյուսովից դերասանական ստուդիա՝ 1 քայլ
Լսեց մայրիկին և ընդունվեց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան։ Ուսանողական տարիներին երգում էր ուսխորհրդի միջոցառումներին, բայց գիտակցում էր, որ լավ ձայնային տվյալներ չունի։ «Որոշեցի գնալ վոկալի դասերի, որ հանկարծ ինձ այդ միջացառումներից չհեռացնեն։ Զուգահեռ պետք է գերազանց սովորեի, որպեսզի վարձս զեղչվեր, ես էլ դառնայի լավ մասնագետ, որ օգնեի ընտանիքիս։ Գտա վոկալի ուսուցչի, բայց մայրիկիս չասացի այդ մասին։ Մայրիկս ինձ ճանապարհածախսի, պատճենահանման և ընդմիջման գումար էր տալիս։ Որոշեցի դասախոսություններս գրել ձեռագիր և չսնվել, որպեսզի կարողանամ վճարել վոկալի ուսուցչին։ Չուտելուց ինքնազգացողությունս վատացավ։ Մայրիկիս տեղեկացրին այդ մասին և իմ գաղտնիքը բացահայտվեց։ Մայրս ուղղորդեց դերասանական ստուդիա։ Այնտեղ մոռացա երգչուհի դառնալու մասին, տարվեցի դերասանությամբ», - հիշում է Լիան։
19 տարի անց հանդիպում հոր հետ
Մեծացել է առանց հոր։ Երբ ծնվեց պատերազմ էր՝ մոմի լույս և հրթիռների ձայն։ Կողքին էին մայրիկն ու տատիկը։ Միայն 19 տարեկանում որոշեց գտնել հորը։ «Չէի ծնվել, երբ ծնողներս բաժանվել են։ 19 տարի անց տունը մաքրելիս՝ գտա նրանց ամուսնալուծության թուղթն ու կարդացի հորս անուն ազգանունը և բնակության հասցեն։ Որոշեցի գտնել նրան։ Դուռը թակեցի, բացեց նրա կինը։ Ներկայացա, որ իր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ։ Թույլտվություն հարցրի հորս հետ շփվելու համար։ Ասաց՝ արի ներս, լոգարանում է, հիմա կգա։ Եկավ մի օտար տղամարդ, ում դու պետք է ասես «պապա»։ Առաջին օրից նրան հենց այդպես էլ դիմել եմ, քանի որ վստահ էի՝ ունի դրա կարիքը», - նշել է դերասանուհին։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝