Logo

«Ես թատրոնում ապրում եմ, ոչ թե խաղում»․ հուլիսի 1-ին Գալյա Նովենցի ծնունդն է

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:43 / 01.07.2025Լուրեր
null

Նա առաջին ու միակ հայ դերասանուհին է, որ արժանացել է Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի դերակատարման համար։ Նրան համեմատում էին թատրոնի և կինոյի աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Աննա Մանյանիի հետ, բայց նա պարզ ու հասարակ Գալյա Նովենցն էր։ Հուլիսի 1-ին նա կդառնար 88 տարեկան։ Ծննդյան կապակցությամբ «Fast News Culture»-ն առանձնացրել է Գայլա Նովենցի մտքերն ու մեծանուն արվեստագետների կարծիքը դերասանուհու մասին։

Գալյա Նովենցի մտքերը կյանքի ու մասնագիտության մասին 

«Ծնվել եմ Երևանում։ Մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Մայրս շատ գեղեցիկ երգում էր, մորաքույրս դերասանուհի էր։ Ժառանգեցի նրանց բնատուր հակումները։ Մանկության ամենաջերմ ու տպավորիչ հիշողությունը կապված է անհատնում խաղերի հետ։ Չնայած հետպատերազմային կարիքին ու թշվառությանը՝ մանկաբար երջանիկ էինք»։

«Ես թատրոնում ապրում եմ, ոչ թե խաղում»։

«Շատերը գալիս են Ամերիկա գունավոր երազներով, բայց բախվում են դաժան իրականությանը…»։

«Բարությունը միակ արժանիքն է, որ մնում է մարդու մեջ կյանքից հետո»։

«Մեր մշակույթը փխրուն է՝ ինչպես լույսը․ եթե չպահենք, կմարի»։

«Ես ինքս իմ ցավը խաղացել եմ բեմում, դրա համար հանդիսատեսը ինձ սիրում էր»։ 

«Պետք է լավ կրթություն ստանալ, սովորել, անվերջ ինքնակատարելագործվել։ Բնատուր օժտվածությունը կարևոր է, սակայն չպետք է անտեսել կրթության դերը»։

«Բոլոր դերերն էլ սրտիս հարազատ են: Դրանք իմ թանկագին, անմոռանալի զավակներն են: Իհարկե, առանձնահատուկ տեղ եմ տալիս Սիրանուշին՝ «Մեր մանկության տանգոյից», որովհետև այդ դերով ձեռք բերեցի ճանաչում, հեղինակություն, փառք: Եղան և մրցանակներ համամիութենական ու միջազգային փառատոններում՝ կնոջ լավագույն դերակատարման համար»։

«Անտանելի բնավորություն ունեմ՝ շուտ հուսահատվող, կաթիլ ջրից խեղդվող, դժվարությամբ եմ ուրախանում, դժվար եմ ծիծաղում, թեև՝ վատատես չեմ: Ինձ ոչինչ հեշտությամբ չի տրվել. ուստի՝ թանկ է ուրախության ամեն մի պահը»։

«Այսուհետև հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրաց կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին»: ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոֆիկո Ճիաուրելին՝ «Մեր մանկության տանգոն» դիտելուց հետո

«Մինչև հիմա հայ ռեժիսորներդ  ձեր  ժապավեններում նկարահանում էիք վրաց դերասանուհիներին: Գալյա Նովենցին էկրանին տեսնելուց հետո համոզվեցինք՝ ժամանակն է՝ մենք դիմենք ձեր օգնությանը»: Վրացի կինոռեժիսոր Գենա Ցուլայա

«Եթե ես քեզ չեմ տեսնում թատրոնի բեմում, ապա երջանիկ եմ, որ հաճախ դու ես այցելում մեր տուն և կապույտ էկրանից քո մաքրամաքուր արվեստով զրուցում ինձ հետ… Այցելում ես քո քույրերի` Սիրանուշի, Սանամի, Անթառամի, քրդուհի Նազիի և թեկուզ չար Նոյեմի հետ»: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյան

«Այն երջանիկներից եմ, որ թե՛ աշխատել է Գալյայի հետ, թե՛ եղել նրա ընկերը: Անկարելի է չհիշել այն հրաշալի պահերը, որ ես անցկացրել եմ այդ զարմանալի զուսպ մարդու հետ: Այդքան շռայլորեն օժտված լինել ու միաժամանակ այդքան զուսպ, խուփ․ դեպի ներս գնացող գոյություն ոչ միայն թախիծի, այլև ուրախության, հրճվանքի մեջ: Կտրվելուց հետո է միայն երևում ծառի բուն հաստությունը։ Սևակյան այս գիտակցումը հետո է գալու, հետո ենք զգալու այդ ճշմարտության դառնությունը: Հետո ենք հասկանալու՝ ինչ հսկա արվեստագետ կորցրինք»։ Տիգրան Մանսուրյան

«Հիշեցի «Մի գավաթ բարություն» ներկայացումը, որտեղ Գալյան ընդամենը երկու մուտք ուներ: Հենց բեմ էր մտնում, կերպարն էլ հետն էր գալիս` հավաստի, կենդանի կերպար: Որպես հանդիսատես, նույն ներկայացումը բազմիցս դիտելով՝ ամեն անգամ նոր երանգ էի տեսնում, որովհետև Գալյան ամեն անգամ նոր, մի ուրիշ գույն էր տալիս նույն կերպարին: Դա մի փոքր դեր էր, բայց փոքր դերեր չեն լինում, լինում են փոքր դերասաններ: Իսկ մեծ դերասանի համար փոքր դերեր չկան: Նրանք, ովքեր Գալյային միայն բեմում են տեսել կամ էկրանին, նրան կիսով չափ են ճանաչում: Զուսպ մարդ, զուսպ կին, որ կարող էր իր զսպվածությամբ ցանկացած հարցին լուծում տալ»։ Մարտին Վարդազարյան

«Նա ներքին զգայարաններով ապրող մարդ էր, և դա արտացոլվում էր նրա և՛ դեմքին, և՛ կերպարներում: Նա բարության, մայրության, հայ կնոջ կերպար է, որի կարիքը հայ մշակը, հայ մարդը միշտ ունի: Ես էլ շատերի հետ սպասում եմ, թե ով է գալու փոխարինելու Մետաքսյային, Գալյա Նովենցին: Նրանք ստեղծել են կանացի տարբեր կերպարներ՝ տարբեր երանգներով: Իսկ Գալյա Նովենցն առաջին հերթին հայ կին էր, հայ մայր, հետո՝ դերասանուհի»։ Միքայել Պողոսյան


Նելլի Խերանյանը, Գալյա Նովենցը և Հրաչյա Հարությունյանը

«Հայ թատրոնի ու կինոյի վերջին մոհիկաններից էր: Զուսպ ու պարկեշտ մի դերասանուհի, որ կարողացավ տանել իր խաչը` չկորցնելով իր նկարագիրը, պահպանելով գեղարվեստական մտածողությունն ու հայացքն աշխարհի հանդեպ: Վստահ եմ՝ հայոց արգանդը չի դադարելու տաղանդներ ծնել: Գալյա Նովենցի բոլոր դերերն էլ խորն են ու բազմերանգ, չեմ կարող որևէ մեկն առանձնացնել: Գուցե «Մեր մանկության տանգոյի» Սիրանուշի՞ն առանձնացնեմ կամ «Բեռնարդա Ալբայի տունը» ներկայացման Մարտիրիոյի՞ն: Ո՞ր մեկն առանձնացնել, հնարավոր չէ, որովհետև նա իր հետ հայ կինո և հայ թատրոն բերեց իր դերասանական տեսակը և, փառք Աստծո, մնայուն արժեքներ»։ Արմեն Էլբակյան

«Իտալացիները մեր Գալյային համեմատեցին իրենց Աննա Մանյանիի հետ, բայց ես այնքան էլ համաձայն չեմ: Համոզված եմ, որ նա ավելին է:  Աննան էկրան է բարձրանում` գրեթե խոսք չասելով, իսկ Գալյայի մոտ գերիշխում է խոսքը, միտքը, ճշմարիտ խոսքը, դարդը, մարդկային ճակատագրի հանգուցալուծումը: Համոզված եմ, որ նա ոչ միայն այս, այլև եկող սերունդների համար նկատելի արտիստ է լինելու: Փառք ու պատիվ մեր կինոյին, որ Գալյա Նովենց անունը գրեց իր պատմության էջերում»։ Ռուբեն Մաթևոսյան

«Գալյա Նովենցի դերասանական արվեստի գաղտնիքը, հավանաբար, ճշմարիտի անդավաճան զգացողության մեջ է, նա կարողանում է վայրկյանապես հարազատանալ կերպարին, ընդ որում աննկատ բոլորի համար՝ թե բեմադրող-ռեժիսորի, թե խաղընկերների...
Գալյա Նովենցը հավասարապես հետաքրքիր ու հավաստի է թե՛ դրամատիկ, թե՛ կոմիկական դերերում։ Համարյա անհնար է որսալ, թե դերասանական տեխնիկայի որ միջոցով է հասնում դրան»։
Հենրիկ Մալյան

fastnews-ads-banner