Logo

Ինչպես է սպարապետը խեղդվելուց հրաշքով փրկվում և փրկում հայրենիքը․ կայացավ «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

Հեղինակ
Նարինե Մելիքյան
02:45 / 06.03.2025Լուրեր
Բացառիկ
null

Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի 66-ամյակն էր, նաև՝ «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան։  «Կինոմոսկվայի» կարմիր գորգից այս անգամ ժպտացին սպարապետին ու հարազատներին մարմնավորող դերասանները։ «Fast News Culture»-ը  ներկա է եղել պրեմիերային, զրուցել ստեղծագործական ու դերասանական կազմի հետ։

Մինչև ֆիլմի ցուցադրումը Խորեն Լևոնյանը շնորհավորեց սպարապետի ծնունդը։ Մեջբերեց Վազգեն Սարգսյանի թևավոր խոսքերից․ «Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, և համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»։

Ֆիլմում ներկայացված է սպարապետի պատմությունը՝ 1 տարեկանում խեղդվելուց և հրաշքով փրկվելուց մինչև ֆուտբոլասեր պատանի, գրող, Հայաստանի պաշտպանության 1-ին նախարար ու վարչապետ։ «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և մտահղացման հեղինակ Նոնո Սարգսյանը նկատեց՝ ֆիլմում որևէ դրվագ հորինված չէ։ «Հորեղբայրս կոկորդին փոքրիկ նշան ուներ։ 1 տարեկանում եգիպտացորենի հատիկը կանգնել է կոկորդին, կտրվածք են արել և ասել, որ երեխան մահացած է։ Բայց, ըստ երևույթին, շատ քիչ անցք է մնացել, և նա կարողացել է շնչել մինչև ծնողները տեղափոխել են Երևան», - վերհիշեց Նոնոն և խոստովանեց՝ հորեղբայրը կբարկանար, եթե իմանար, որ իր մասին ֆիլմ է նկարահանվել։ Վազգեն Սարգսյանը չէր սիրում, երբ իր կենացն էին խմում կամ իր մասին երգում։ «Վազգեններ կան և լինելու են։ Կյանքը շարունակվում է։ Մենք պետք է շարունակենք նրա գործը և  չհուսահատվենք», - նշեց Նոնոն։

Վազգեն Սարգսյանին մարմնավորած Խորեն Լևոնյանը կատակեց՝ մինչև ֆիլմը բոլորն իրեն պապիկին էին նմանեցնում, հիմա իրավիճակ է փոխվել։ Դերասանի խոսքով ֆիլմի ասելիքը պարզ է՝ Հայաստան, հայ, հայրենիք և սեր։ Ըստ Խորենի դժվարություններ ունեցել է նկարահանվելու առաջարկն ընդունելու առաջին իսկ օրից։ Ընդգծեց՝ չի փորձել «տնազ անել», այլ իր ձևով ու ոճով փորձել է հանդիսատեսին հասցնել սպարապետի էությունն ու մտածելակերպը։ «Հայրս ականատես է եղել՝ ինչպես է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի սենյակում Վազգենը Խորեն Աբրահամյանին ասում, որ «Սարոյան եղբայրների» պապիս՝ Գևորգի կերպարով է մեծացել։ Արվեստն այսպիսի ուժ ունի։ Մեր հաղթանակներում գլխավորը պետք է լինի, թե ինչ մշակույթ ու արվեստ ենք փոխանցում սերունդներին։ Դուշման Վարդանը, Մոնթեն, Վազգենն ու մյուս նվիրյալ տղերքը մեծացել են սովետական ֆիլմերով։ Դրանք քարոզում էին հայրենիքի համար արյուն թափել, զոհվել ու հաղթել։ Հիմա մենք այդպիսի ֆիլմեր չունենք», - անկեղծացավ Խորենը։

Գրետա մայրիկին մարմնավորած Մարջան Ավետիսյանը լարված ու տագնապած է սպասել պրեմիերային։ Մտավախությունն արտաքինն էր։ «Խաղս մասամբ հավանեցի։ Յուրաքանչյուր կերպարումս սխալներ գտնում եմ։ Միշտ կարելի է խաղալ այլ կերպ։ Խաղիս վերաբերյալ ինչ պետք է խմբագրեի, արդեն խմբագրել եմ։ Հուսամ ֆիլմը հույզեր կառաջացնի։ Կփորձենք հասկանալ՝ ով էինք մենք, ինչի համար էինք, ինչի համար պետք է լինենք վաղը», - ընդգծեց դերասանուհին։

Սպարապետի եղբորորդուն մեծ տարիքում մարմնավորել է իրական եղբորորդին՝ Կառլեն Սարգսյանը, ում կատակով անվանում են Վազգեն Սարգսյանի «տղան»։ Հորեղբոր հետ հիշողությունները կապված են բանակի և զորավարժությունների հետ։ Սպարապետի հետ նույնիսկ սպորտով է զբաղվել ու այն ժամանակ երեխայական-քաղաքական հարցեր քննարկել։ «Մի անգամ հորեղբորս հետ գնացինք զորագունդ ստուգելու։ Զինվորը դարպասը չբացեց։ Վազգեն Սարգսյանն ասաց՝ զինվո՛ր, դու ինձ չես ճանաչո՞ւմ։ Զինվորը պատասխանեց՝ ճանաչում է։ Հորեղբայրս էլ ասաց՝ հրամանատարիդ զեկուցիր, որ նախարարն է եկել։ Հրամանատարը շատ լարված եկավ, հորեղբայրս զինվորին 10 օր արձակուրդ տվեց և խրախուսեց, որ զինվորը իր ստեղծած բանակն այդպես է պահում», - հիշեց Կառլենը։

Լուսանկարները՝ Ագնեսա Կիրակոսյանի

fastnews-ads-banner