Գարիկ Պապոյանը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը։ Երաժիշտը խոսել է «Եվրատեսիլից» հրաժարվելու, Գարիկ Սոնա բենդի, կնոջ, առողջական և ֆինանսական խնդիրների մասին։ «Fast News Culture»-ն առանձնացրել է հաղորդման ամենակարևոր դրվագները։
«Հումորն ու երաժշտական ունակությունները ժառանգել եմ մորիցս»
Հայրս պետական պաշտոնյա էր։ Նրանից ժառանգել եմ կարգապահություն, չուշանալու հատկություն։ Մորիցս երաժշտական կողմն եմ ժառանգել, նաև հումորը։ Նա գյումրեցի էր, սոլֆեջոյի ուսուցչուհի և դաշնակահար։
ԽՍՀՄ փլուզումից հետո հայրս ոչ թե հայրս պաշտոնը կորցրեց, այլ Սովետական միության փլուզման հետ փլուզվեցին այն արժեքները, որոնց հիման վրա նա աշխատել էր։ Արդար մարդ է եղել, չթալանող։ Նախընտրել է ապրել խաղաղ, հեռու մնալ վտանգից ու խարդախությունից։ Ունեցել ենք ֆինանսական խնդիրներ, բայց այդ քայլն իմ մեջ շատ մեծ արժեք ու գնահատական է առաջացրել։
«Աղջիկս 11 տարեկան է, 12-13 տարեկանից կարող է աշխատել»
Վերջերս ընտանիքով մարզերում էինք։ Ռեստրոաններում ճաշելիս տեսնում էինք, որ մատուցողները 12-13 տարեկան երեխաներ էին։ Երևում էր, որ արձակուրդը ճիշտ են օգտագործում, ուզում են գումար աշխատել։ Երեխաներս ասում էին՝ «պապ, նայի՛ր, փոքր են, բայց աշխատում են»։ Զգում էի՝ որքան հարգանքով էին դա ասում։ Հիշում էի, երբ փոքր տարիքում տեսնում էի ինձ հասակակից աշխատողի, ամաչում էի, որ ես չեմ աշխատում, բայցև ամաչում էի իմ աշխատելուց։ Դա ինձ համար բարյեր էր, որի մեջտեղում տատանվում էի մինչև կարողացա կոտրել դա։ Նպաստաեց նաև այն հանգամանքը, որ այլ երկրում պիտի աշխատեի։
Մեծ աղջիկս 11 տարեկան է։ 12-13 տարեկանից կարող եմ կազմակերպել, որպեսզի աշխատի։ Իմ կարծիքով՝ իրենց ունեցածը գնահատելը ձևավորվելու է ժամանակին իրենց չունենալուց և ստեղծելուց։ Երբ քեզ պատահական որևէ բան են տալիս, դու դա այնքան չես գնահատում, որքան՝ այն, երբ ֆիքսում ես, որ չունես, իսկ ունենալն աշխատանք է պահանջում։ Ուզում եմ երեխաներս այդ փուլն անցնեն։

««Վիտամին ակումբում» ընդմիջմանը կարկանդակի գումար էինք հավաքում»
Երբ դարձա ուսանող, ունեինք ֆինանսական խնդիրներ։ Դրանք ինչ-որ չափով իմ՝ ուսանող դառնալու հետևանքն էին։ Այդ ժամանակ ուզում էի կիթառ, համակարգիչ և ստուդիայի այլ իրեր, որոնք բավական թանկ էին։ Ընկերներիցս մեկն ԱՄՆ-ում մի քանի ամիս աշխատել ու գումարով վերադարձել էր։ Որոշեցի ես էլ դիմեմ այդ քայլին։ Մտածում էի՝ ընտանեկան կարիքները կհոգամ, նաև իմ երազանքների սկիզբը կդնեմ։ Այդ խնդիրները մեծամասամբ լուծել եմ մի քանի տարի առաջ։
«Վիտամին ակումբը» նույնիսկ իր բարձրակետում չի ապահովել ֆինանսական մեծ հոսք։ Թիմը բաղկացած էր տասնյակ մարդկանցից։ 1 հաղորդման համար չկար այնպիսի հոնորար, որը բաժանեինք այդքան մարդու, և յուրաքանչյուրն իրեն զգար կայացած, հարուստ արտիստ, որ չուզեր այլ տեղ աշխատեր։ «Վիտամին ակումբի» ամենամաեծ արժեքը մեզ բացահայտելն էր, տրամպլին հանդիսանալն էր, որպեսզի մենք կարողանայինք այլ ոլորտներում ֆինանսապես շատ ավելի հաջողել։
Գարիկ Սոնա բենդից և այլ երաժշտական նախագծերից հետո միայն տեսա վերջին 10 տարվա աշխատանքիս արդյունքը։ Սկսեցի մարել այն ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին մեր ընտանիքում։ Դրանից հետո ֆինանսապես չեմ նեղվել։

«32 ատամն» ու «Վիտամին ակումբը» դարձան այդքան սիրված ու համահայկական քիչ ֆինանսի և շատ էնտուզիազմի շնորհիվ։ Ոչ ոքի համար այս նախագծերը չեն եղել հարստանալու միջոց, այլ սեփական շնորհքն ու տաղանդը ցուցադրելու հարթակ։ Հիմա, եթե բացենք ակումբ, ներգարվենք տաղանդավոր մարդկանց, ներդնենք մեծ գումար, չի լինի այն մթնոլորտը, որը կար մեզ մոտ։ «Վիտամին ակումբի» բարձրակետի տարիներին սցենարիտ էինք ուզում ընդունել։ Մի տղա եկավ, հարցեր էինք տալիս ու հասկացանք, որ ընդմիջման ժամն է։ Ոզում էինք գումար հավաքել կարկանդակի համար, բայց այնպես, որ այդ տղան չհասկանա՝ ինչ ենք անում։ Նա հասկացել էր՝ ինչ է կատարվում։ Գնաց, մի քանի րոպեից կարկանդակներով վերադարձավ։ Այդ «սովածության» պայմաններում մենք հագենում էինք գնահատականով։
Ինչու փլուզվեց «32 ատամը»
Ես և Կարեն Բաբաջանյանը նույն բակից էինք։ Նա է ինձ հրավիրել «32 ատամ»։ Կարենն ու Վահեն («32 ատամի» տնօրեն, «Վիտամին ակումբի» պրոդյուսեր) ինձ նույնիսկ իրենց КВН-ի թիմում էին փորձել։ Նրանք իմ մեջ միշտ պոտենցիալ էին տեսնում։
Եթե որևէ մեկը հավաքում է թիմ, ունենում է տեսլական, իսկ այդ թիմը հավատում է այդ տեսլականին ու գնում են առաջ։ Ընթացքում պայմաններ են փոխվում։ Այդ ժամանակ կարծիք են ունենում նաև թիմում ընդգրկված այլ մարդիկ։ Այդ կարծիքի հետ հաշվի չնստելը կարող է բերել բախման։ «32 ատամը» փլուզվել է ոչ թե կոնֆլիկտի, այլ անհամաձայնության հետևանքով։ Դա 2 կողմին տվել է ուժ ապացուցելու, որ այսպես էլ կարելի էր անել։ Ես իմ հիշողություններում չեմ պահել խնդիրները, պահել եմ միայն այն, ինչն ինձ ջերմացնում է։

4 վիրահատություն 3 ամսում
Առողջական խնդիրն առաջացել էր ոչ ճիշտ մարզվելու հետևանքով։ Սկզբում վնասվածքը փոքր էր, բայց շարունակում էի ինձ «խելոք չպահել»՝ սնոուբորդ էի քշում, ֆուտբոլ էի խաղում։ 1-շաբաթյա արձակուրդ վերցրի, որ բուժեի վնասվածքս, բայց սխալվեցի, որ այլ բժիշկների չդիմեցի, այլ կարծիքներ չլսեցի։ Ասացին՝ վիրահատություն է պետք, համաձայնեցի։ Արտասահմանից մասնագետ պետք է գար, վիրահատեր։ 10 օրից Ստեփանակերտում միջոցառում պետք է վարեի, հարցրի՝ «մինչև այդ կապաքինվեմ», ասացին՝ «այո»։ Վիրահատությունն ընթացավ ամենավատ սցենարով։ Վնասեցին առողջ ոտքս։ Այնքան բարդ վիրահատություն էր, որ նույնիսկ 1 հատը շատ ռիսկային է։ Ինձ 3 ամսում 4 անգամ վիրահատեցին։ Երրորդ վիրահատությունից հետո Շվեյցարիայից եկավ մի բժիշկ ու ասաց՝ «պատկերացրու բռնցքամարտիկ ես, ում մի քանի անգամ նոկդաուն են արել ու, եթե մեկ անգամ էլ դիպչեն նոկաուտ կլինի։ Բայց, եթե հիմա չանենք, չքայլելու ռիսկը շատ մեծ է»։ Ընկերներով գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք ու գնացինք վիրահատության։ Ավարտից հետո շատ հյուծված էի, բայց ֆիզիկապես անհնարինն եմ արել, որ կարողանամ վերականգնվել։ Դա համարում եմ կյանքիս վերաարժեքավորման փուլերից։ Որքան պետք չէր ֆիզիկապես այս ամենը լիներ, այնքան պետք էր հոգեբանորեն այս ամենով անցնել։
Ինձ ոչ ոք չի տեսել տխուր, դեպրեսիվ կամ հուսալքված, որովհետև դա անցնելու էր ընտանիքիս անդամներին։ Նույնիսկ այդ վիճակում պատվիրել էի սարքեր, որոնց վրա կարող էի կիթառն ամրացնել ու առանց կանգնելու նվագել։ Պատրաստվում էի այդպես շարունակել կյանքս, որովհետև դա ընտանիքիս ապահովության և երեխաներիս բարեկեցության գրավականն էր։ Պատրաստ էի ամենավատ սցենարին, բայց ոչ ոքի ցույց չէի տալիս, որ կյանքումս որևէ բան է փոխվել։
Ապրում էի մի երկրում, որտեղ նման իրավիճակում են հայտնվել շատ հերոս տղերք։ Ես միշտ շփվել եմ նրանց հետ ու տեսել եմ՝ ինչպես ավելի վատ իրավիճակում նրանք չեն հանձնվել։ Վիրահատությունից հետո ինձ տանում էին մարզասրահ, հետո ինքս էի գնում, բայց ոչ հստակ քայլերով։ Ծառայողական ընկերս՝ բժիշկ Արայիկ Դունոյանը, սովորեցնում էր նստել, կանգնել։ Բարկանում էի, ասում էի՝ չեմ ուզում, նա ինձ չէր լսում ու շարունակում էր։ Հետո սովորեցնում էր աստիճան բարձրանալ, իջնել։ Այսօր էլ դեռ վերականգնողական փուլում եմ, բայց այսպես էլ մնամ, գոհ եմ։
Նման իրավիճակում չպետք է համացանցում փնտրել ապաքինման տարբերակներ։ Երբ առաջին անգամ փնտրեցի, դժոխային օրեր ապրեցի, որովհետև, ըստ google-ի, քայլելու հնարավորություն չունեի։ Պետք է պատրաստ լինել վատագույն սցենարին ու ընդունել, որ նույնիսկ այդպես կարելի է ապրել։

Ինչպես ստեղծվեց Գարիկ Սոնա բենդը
«Վիտամին ակումբում» Արամ MP3-ի հետ սկսեցինք ժանրային էքսպերիմենտներ անել։ Շատ շնորհակալ եմ Արամին, որ համաձայնեց ու առաջին երգերը երգեց ինձ հետ։ Զուգահեռ «Հայ սուպերսթարում» ժյուրիի անդամ էի։ Սոնան մասնակցում էր։ Ապշել էի, որ նման որակի երիտասարդ երգչուհի կա։ Սոնան հաղթեց այդ նախագծում ու ինձ մոտ դարձավ մի կերպար, ում հետ շատ էի ուզում աշխատել։ Զուգահեռ «Վիտամին ակումբում» ստեղծվեց երաժշտական այն վիճակը, որտեղ հասկացա, որ անլսելի երգերը կարող եմ դարձնել գոնե ինձ համար լսելի։ Սկզբում կինս՝ Մարիաննան էր երգում։ Երբ երգերը շատացան ու հասկացանք, որ ուզում ենք ավելի պրոֆեսիոնալ մակարդակում ելույթ ունենալ, եկավ Սոնայի՝ որպես փայլուն երգչուհի կերպարը։ Ես ու Մարիաննան հասկացանք, որ Սոնայից բացի այլ տարբերակ չկա։ Զանգեցինք Սոնային, հրավիրեցինք մեր տուն։ Սոնան շատ բարեհամբույր համաձայնեց, ուրախացավ, եկավ, լսեց ու սկսեց զուգահեռ երգել։ Այդ պահին հասկացա, որ սա դառնալու է այնպիսի նախագիծ, ինչպիսին իմ երաժշտական հիշողությունում չկա։ Չկար որևէ հաշվարկ, որ սա կլինի կոմերցիոն աշխատանք, որովհետև այդ ժամանակ հարսանիքներին կամ այլ առիթների նման երաժշտություն չէր հնչում։ Մենք պարզապես հասկացանք, որ ուզում ենք սա անել։ Հետո ընտրեցինք երաժիշտների։ Ուզում էի ընտրել այնպիսիններին, ովքեր չկան այլ նախագծերում և չունեն ձևավորված մոտեցում, որը դժվար է կոտրել կամ փոխել։ Ընտրեցինք երիտասարդների։ Այդ ժամանակ այնքան սկսնակ էի, որ կայացած երաժիշտների ամաչում էի առաջարկել միանալ մեզ։ Երիտասարդների հետ էսպերիմենտները բերեցին մի տեղ, որտեղ հիմա շատ պինդ կանգնած ենք։
Ես և Սոնան ունենք անհատական կարիերա, բայց երկուսս էլ անում ենք հնարավորը, որ բենդը չտուժի, չկորցնենք Գարիկ Սոնային։ Մեր բենդն ապագա ունի։ Եղել է, որ Սոնային կանչել են բենդի երգը միայնակ երգելու, հրաժարվել է։ Նա շատ ամուր կանգնած է այդ հողի վրա։ Ինձ հետ էլ այլ երգչուհի չի կարող բենդի երգ երգել, որովհետև մերը մերն է։

«Մի քանի անգամ մեզ առաջարկել են ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»»
Մի քանի անգամ մեզ առաջարկել են ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»։ Քննարկել ենք ու հասկացել՝ ոչ։ Չեմ կարող ասել ինչու, բայց հրաժարվել ենք։ Հետաքրքիրն այն է, որ այնպես չէ մենք չենք ուզում, բայց քննարկումների արդյունքում միշտ հանգել ենք «չէ»-ի։
Մարիաննային դուրս թողեց «X factor»-ից, ընտրեց որպես կին
Փորձում եմ աշխատել մաքսիմալ օբյեկտիվ։ Սեփական կապվածության կամ հրապուրանքի արդյունքում երաժշտական որոշումներ չեմ կայացնում։ Որպես ժյուրի ինձ համար բավարար չի եղել Մարիաննայի ու իր խմբի ելույթը, և նրանք դուրս են մնացել։ Բայց որպես ճաշակով տղամարդ Մարիաննան մաքսիմալ արդարացրել է բոլոր սպասելիքները։
Մարիաննան շատ տաղանդավոր երգչուհի է այն առումով, որ ունի այդ շնորհքը, բայց երբեք այդ ուղղությամբ չի գնացել։ «X factor»-ում էլ նա երիտասարդ էր, ցանկացավ փորձել, բայց երաժշտությունը նրա համար հոբբի էր։ Նա մասնագիտությամբ սոցիոլոգ է և երիտասարդ տարիքում մի մեծ հյուրանոցի մարկետինգային թիմ էր ղեկավարում։ Արյդունքում՝ Մարիաննայի ամենաստացված հիթը իմ և նրա ծանոթությունն է, և մեր 3 ալբոմը (ծիծաղում է, - հեղ․)։ Երբ մենք երգերը ձայնագրում էինք ու ցանկացանք դա ավելի պրոֆեսիոնալ անել, հարց տվեցինք մեզ՝ ուզում ենք անձնականը դարձնել նաև գործնական։ Հասկացանք՝ ոչ։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝


