Մենելաոս Լուդեմիս
Սովորիր հեռանալ
Ծակ գրկախառնությունների ապահովությունից,
Քեզ հետապնդող ձեռքսեղմումներից,
Մի կեղծ երջանկության հիշողությունից,
Հեռացիր` անաղմուկ, լուռ, առանց աղաղակի, երկարաշունչ հրաժեշտի:
Հետդ ոչինչ մի վերցրու, ոչ հիշատակ, ոչ էլ տաք շոր ճանապարհի:
Վազելով հեռացիր սուտ ապաստաններից, թեկուզ և դրսում կարկուտ տեղա:
Սովորիր նայել աչքերի խորքը հրաժեշտ տալիս, այլ ոչ թե ներքև կամ անհունի մեջ:
Բառերիդ ճիշտ իմաստ տուր, մի արժեզրկիր նրանց, խնդրում եմ:
Սովորիր նայել ավազի ժամացույցին, տեսնել, որ ժամանակդ վերջացել է:
Գրկախառնություններին, նամակներին, նվիրագրություններին վերջ` երբևէ կհանդիպենք, սեր իմ
(գիշերները բոլոր ու երգերը` ձերը չեն լինելու այլևս, հաշտվիր այդ մտքի հետ):
Բավ է Ապագան սիրես, երբ ունեցածդ միայն Ներկան է:
Հեռացիր այնտեղից, ուր չգիտես ինչու ես գտնվում, ուր չգիտեն ինչու են պահում քեզ:
Երգերից քո սիրած, քայլած վայրերից բաժանվի, գնա:
Երևակայությունդ քո կարծածիդ չափ սահմանափակ չէ:
Դու կարող ես բոլորովին նոր պատմություններ կերտել երկինք ու աղով,
Որ աշուն հիշեցնեն մի քիչ, շատ ամառ ու այն անեզր Գարունը:
Հեռացիր այնտեղից, ուր չես ստանում քեզ անհրաժեշտը,
Անհամապատասխանից, միջակից, քչից,
Պահանջիր, որ տվածդ հետ ստանաս, դու պարտք չես նրանց:
Հարգել սովորիր դու քո սերը, քո ժամանակը, ու սիրտը քո,
Ասածներին դու մի հավատա, սերն անսպառ չի, այն վերջանում է:
Սիրտը կոտրվում է, մի օր կփորձես աշխատեցնել այն, բայց չի աշխատի:
Մի ներիր նրանց, ովքեր զղջման արցունքներով ոտքերդ չլվացին:
Հասկացիր, երկրորդ հնարավորությունները վախկոտների համար են, երրորդները` ծիծաղելիների:
Մի վախեցիր բառ-նշանակություն համարժեքությունից. հարաբերությունը հարաբերություն անվանիր, խաբեությունը` խաբեություն:
Կշտամբիր ինքդ քեզ, որ երբեմն նստում ու մանկան պես գանգատվում ես,
ու հետո նրան սառնաշաքար տալիս, որ ծծկերը հանկարծ չնեղսրտի:
Եվ
Սովորիր հեռանալ այնտեղից, ուր իրականում երբեք գոյություն չես ունեցել:
Հեռացիր, գնա, նույնիսկ թե թվա, ասես արգանդիցդ երեխայիդ են պոկում:
Հեռացիր այն ամենից, ինչ ճշմարիտ ես կարծել, միգուցե երբևէ հասնես դրանց:
Չուշանաս: Միայն սա եմ ասում քեզ: Չուշանաս:
Որովհետև քիչ անց, երբ դուռս թակես,
ինձ կթվա, թե ծերությունն է եկել,
ձմեռը կամ մահը:
Չուշանաս:
Կանգ առ շենքերի տակ` ճանապարհիդ,
ու ականջ դիր:
Ձեռքերս`պատուհաններից կախված,
քեզ են կանչում:
Կանգ առ շենքերի տակ ու ականջ դիր:
Ամենուր քո շունչն է սփռվել:
Ամենքը անունդ գիտեն:
Չուշանաս:
Քեզ սպասելն առավել քաղցր է գալուցդ:
Նշենու ծաղկելուն է նման:
Նավահանգստում նավարկող առագաստի:
Գեղգեղանք լինի ասես կամ առավոտյան քրքիջ:
Քեզ սպասելն ասես նորից աշխարհ գալ է:
Չուշանաս ճամփին: Ճանապարհները Ֆեակներով լի են,
մոլորեցնողները` շատ:
Ճանապարհները սայթաքուն են, գիշատիչները հարձակվում են
ու առևանգում:
Չուշանաս:
Չուշանաս, որովհետև մինչ գալդ
քայլելու եմ ցավիս ողջ աշխարհով մեկ
Անցնելու եմ բոլոր փշերով, բոլոր քարափներով:
Որովհետև սպասելը մեռնելու է նման:
Դրա համար: Չուշանաս:
Սպասում
Սպասում եմ քեզ: Մի հարցրու ինչու
Մի հարցրու, թե ինչու է մեկը սպասում
Ով սպասելու ոչինչ չունի,
Եվ այնուհանդերձ սպասում է:
Որովհետև, թե չսպասի այլևս
Դադարելու է տեսնելն ասես,
Երկնքին նայելը
Հուսալը
Ապրելը:
Անտանելի ու դառն է շատ
Երբ ափին ես մոտենում դանդաղ
Բայց նավաբեկյալ չես դու
Ու ոչ էլ փրկարար,
Այլ ընդամենը մի ավերակ:
Տիտոս Պատրիկիոս
Ապաքինում
Ուզում ես, թե չէ`
ժամանակի հետ փակվեցին շատ վերքեր:
Իսկ ով է տեսնում
տան սարդերի նման
նրանց լուռ սողալը
մեր մաշկի տակ…
Պարտք
Այսքան մահերի մեջ, որ եղան ու լինում են,
պատերազմներ, մահապատիժ, դատաստաններ, մահ ու էլի մահ
հիվանդություն, սով, դժբախտ պատահար,
թշնամիների ու ընկերների սպանություններ պատվերով,
սովորական դարձած գերեզմանափոսեր ու պատրաստի մահախոսականներ,
այս ամենի մեջ իմ կյանքն ասես նվեր տված լինեն:
Եթե ոչ գողություն այլոց կյանքից, ապա նվեր բախտի,
քանի որ չկորավ այն գնդակը, որից ես փրկվեցի
այլ հարվածեց իմ տեղում հայտնված ուրիշ մարմնի:
Այնպես որ, կյանքն ինձ նվերի պես տրվեց, որին արժանի չէի,
և ինձ մնացած ժամանակը
ասես մահացածներն են ինձ նվիրել,
որպեսզի ես նրանց մասին պատմեմ:
Փորձություն
Իսկ քո մեջ, եթե ոչինչ չի հաշմվել
այն ամենից հետո, որի միջով անցանք,
շատ մի պարծենա:
Դու, հավանաբար,
չունեիր ոչ մի վտանգելու բան:
Մարմինը
Մարմինս
միշտ ցավում է հարվածներից
փաղաքշանքից հրճվում է ամեն անգամ:
Այդպես էլ ոչինչ չսովորեց:
Փորձարկումներ
Եվ ուրեմն, վրեժխնդիր լինել էլ ես փորձեցի:
Պարտվողը կրկին ես էի:
Իմ լեզուն
Ինձ համար հեշտ չի եղել իմ լեզուն պահպանելը
այն կուլ տալ փորձող լեզուների մեջ,
բայց ես միշտ իմ լեզվով էի շարունակում հաշվելը,
ժամանակը մարմնիս հետ` իմ լեզվով հաշտեցնում
իմ լեզվով էի հաճույքը անհունին հասցնում
դրանով էի հիշում մի երեխայի`
կարճ խուզած գլխով,
քարի հարվածից սպիտակ սպիով:
Ջանում էի խոսք անգամ չկորցնել իմ լեզվից
Քանզի մահացածներն էլ էին նրանով խոսում հետս:
Սպիրոս Դոյկաս
դու այստեղ չես
ու ինձ հանդիպող
ամեն ծաղիկ
կորցրել է իր արժեքը
ես այն չեմ կարող քեզ նվիրել
Կիկի Դիմուլա
Վրձնահարվածներ
Վրձնահարվածներով
ինձ պատկերելն ու պարզելը դյուրին է
Ու ձանձրալի չէ
ձմռան գիշերներին:
Մի հաստատուն գիծ քաշեք սկզբում
ուղղաձիգ հրումով:
Սա կլինի իմ հավատը:
Մեկ այլ գիծ` անմիջապես դիմացը
մխրճեք գրեթե նրա կենտրոնում,
այնպես, որ
առաջինը սասանված երևա:
Մեծերը փոքրերի կողքին դրեք,
աղոտ գծերը ցայտունների կողքին,
որ հակումներս ցույց տան:
Ու շադիր եղեք, որ դրանք երբեք չավարտվեն,
թե չէ ինձ պարզաբանելը շատ խիստ կկարճեք:
Ցիրուցան արեք մի քանի գիծ,
բայց անհավանական ուղղություններով`
հակասություններս են:
Երկու հաստ գծեր կենտրոնում ավելացրեք
նրանց միջեւ եղած ճակատագրական ճեղքով:
Հիմա մատիտով
(կամ ձեր երևակայությամբ)
հոգացեք այն մասին, որ այս ամենի վրա
մի թանձր մշուշ նստի,
քանի որ միայն վրձնհարվածով
վիշտս նկարագրել չի հաջողվի: