Logo

«Մայրս տանը դերերն էր փորձում, ասում էի՝ մա՛մ, դու գիժ ե՞ս, չգիտեի, որ ես էլ եմ նվիրվելու այդ «գժությանը», որ կոչվում է թատրոն»․ Գուժ Մանուկյան

23:09 / 24.06.2025Լուրեր
null

Հունիսի 24-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: «Fast News Culture»-ը հավաքագրել է դերասանի մտքերն ու ներկայացնում է ձեր ուշադրությանը։

«5-6 տարեկան էի, մայրս տանը դերերից հատվածներ էր փորձում, ուշադիր նայում էի ու ասում՝ մա՛մ, դու գիժ ե՞ս: Չգիտեի, որ ես էլ եմ նվիրվելու այդ «գժությանը», որ կոչվում է թատրոն։ Մեր դաստիարակությամբ տատիկս էր զբաղվում, որն ավարտել էր ռուսական գիմնազիան։ Անընդհատ կարդում էր, ուսուցչանոցից դուրս չէր գալիս, հենց 2 էի ստանում, դասատուները տատիկս միանգամից բողոքում էին։ Մենք խուժան շրջապատում ենք մեծացել։ Մեր մուտքում գողականները ղումար էին խաղում, տատիկս ասում էր․«Ըդիկ վատ բան է, չսորվիք», ու դա տպավորվեց»։

«Դպրոցում Գուրգեն Մանուկյանն էի։ Հերթական ներկայացումից հետո մի կին մոտեցավ, ասաց.«Պարոն Մանուկյան, ի՞նչ է Ձեր անունը»։ Ասացի՝ Գուժ, զարմացած ասաց՝ «Ես գիտեի «Գուժ Մանուկյան» Ձեր ազգանունն է»»։ 

«Ծերություն չկա, մարդը ներքուստ իրեն ինչպես զգում է, այդպիսին էլ կա: Առնվազն հաշմանդամ պիտի լինես, դեմքդ էլ խորշոմներով պատված, որ քեզ ծեր զգաս: Եթե նայում ես հայելուն ու քեզ այդպիսին չես տեսնում, ի՞նչ ծեր: Ես ինձ դեռ բավական ջահել եմ զգում»։ (2021 թվական)

«Հայրս դրամատուրգ, գրող, սցենարիստ Ալեքսանդր Արաքսմանյանն էր, մայրս՝ դերասանուհի Վալենտինա Արաքսամյանը։ Ճանաչված ծնողներ ունենալով` երբեք որևէ հարցում չեմ ապավինել նրանց օգնությանը, իմ ճանապարհն ինքս եմ հարթել: Գյուղինստիտուտից կես միավորով դուրս մնալուց հետո հայրս առաջարկեց ընդունվել Վարդան Աճեմյանի կուրս: «Տղային ինչո՞ւ ես դժբախտացնում, - ասել էր Աճեմյանը ,- ես ուժեղ կուրս եմ հավաքել»: Եվ իսկապես, հավաքել էր լավագույններին՝ Արմեն Ջիգարխանյան, Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Ներսես Հովհաննիսյան և այլք, բայց դա ինձ հետ չպահեց։ Որոշեցի սիրելի ուսուցչիցս «վրեժխնդիր» լինել: Գնում-նստում էի լսարանի վերջում: Մի օր էլ կուրսն էդյուդ էր փորձում, ասաց` դու էլ փորձիր: Թե ի՜նչ ապրումներ ունեցա... իսկ նա վերջում ասաց` ապրես, լավ էր: Մեկ ամիս ուշացումով ուսանող դարձա»։

«Թատրոնն ինձնից պահանջել է անվերապահ նվիրում՝ առանց նախապայմանների։ Պետք է 100%-ով նվիրվես մասնագիտությանդ։ Ես այդպես եմ առաջնորդվել։ Հետագայում հասկացա, որ Աճեմյանը մեզ շատ բան չէր տալիս։ Այդ մենք պետք է նրանից գողանայինք իր իմացածը։ Հետագայում ուսանողներիս ասում էի՝ պետք է կարողանաք ասածներս գոչծնականում կիրառել, այլապես ոչինչ չի ստացվի»։

«Մարդկանց մեջ ատում եմ ոչ ճշտապահությունը: Թատրոնում աշխատած 60 տարում 6 րոպե չեմ ուշացել, նույնը պահանջում եմ դիմացինից: Շատ եմ զայրանում, երբ հանդիպում եմ ոչ կարգապահ մարդկանց»։

«2 աղջիկ ունեմ՝ մեկը բավական մեծ, մյուսը՝ բավական փոքր (ժպտում է)։ Մեծ աղջիկս 40-ն անց է, թոռնիկ ունի: Իմ թոռնիկի և փոքր աղջկաս տարիքային տարբերությունը 1․5 տարի է (ժպտում է): Փոքր աղջիկս 25 տարեկան է, աշխատում է Սահմանադրական դատարանում՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ: Մեծս Պարարվեստի ուսումնարանում պարուսույց է: Կինս բանասեր է, բայց այժմ աշխատանք չունի, տունը պահողը ես եմ։ Բավական դժվար է։ Ծախսը բավական շատ է, ստանալիքդ՝ բավական քիչ»։ (2015 թվական)

«Ինձ շատ երջանիկ եմ զգում, որ շրջապատված եմ լավ ընկերներով, կոլեգաներով։ Մեկ տարի է, ցավոք, չեմ շփվել նրանց հետ հիվանդության պատճառով։ Վիրահատությունից հետո չեմ կարողանում այլևս բեմ բարձրանալ։ Կարոտել եմ ինչպես իմ կոլեգաներին, ընկերներին, այնպես էլ հանդիսատեսին»։ (2022 թվական)

«Իմ կերտած բոլոր դերերը հոգեհարազատ են ինձ։ Յուրաքանչյուր դեր ինձ համար յուրովի է, բոլոր դերերը, որ ես ստանձնել եմ՝ իմ ցանկությամբ են եղել, պարտադրված դեր չեմ կերտել։ Դա նշանակում է, որ բոլոր կերպարների նկատմամբ ունեմ առանձնակի վերաբերմունք։ Մեկը սիրում եմ շատ, մյուսը քիչ Երջանիկ եմ թե՛ իմ խաղացած դերերով, որովհետև պատահական դերեր չեմ խաղացել: Երջանիկ եմ իմ շրջապատով, իմ անցած տարիներով, իմ ձեռք բերածով»։

fastnews-ads-banner