Հուլիսի 4-ին նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծանուն կատակերգու Մհեր Մկրտչյանը կդառնար 95 տարեկան։ Ծննդյան կապակցությամբ «Fast News Culture»-ն առանձնացրել է վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեի պատմությունները իր և Ֆրունզիկի մասին։
«Տխուր աչքերով ուրախ մարդը»․ այսպես է Կիկաբիձեն բնորոշել Մհեր Մկրտչյանին։ «Sputnik Գրուզիային» տված հարցազրույցում նա զավեշտալի դեպքեր է պատմել «Մի՛ տխրիր» ֆիլմի նկարահանումներից։ Մցխեթիի տաճարում նկարահանման են եղել։ Ֆրունզիկը նայել է տաճարի պատերին, տեսել հին վրացական գրառումները, ինչ-որ նմանություն գտել հայկական գրերի հետ ու ասել․
- Այս եկեղեցին էլ են հայերը կառուցել։
- Ինչպե՞ս թե հայերն են կառուցել:
Կիկաբիձեն հավատացել է հայ դերասանին, բայցև մտածել պատասխան «հարված» հասցնելու մասին։ «Միմինոյի» նկարահանումներին նրանք ապրել են «Ռոսիա» հյուրանոցում: Այնտեղ հեռախոսները պատուհանագոգին էին։ Կիկաբիձեն զարթուցիչը լարում է, գիշերվա չորսին արթնանում և զանգում Ֆրունզիկին: Հանկարծ լսվում է վախեցած ձայն:
- Ֆրունզիկ, ներիր, որ քեզ անհանգստացնում եմ, պարզապես հայերի մասին մի ծրագիր էի լսում «Ամերիկայի ձայնով»: Չեմ կարող քեզ չասել: Պարզվում է՝ հնագետները Հայաստանում մի քար են գտել, վրան գրված է՝ «Հայկական կոմսոմոլը 500 տարեկան է»:
- Իսկ այդ հնէաբանները չէի՞ն կարող քարը մի 3-4 ժամ ուշ գտնել:
«Այ այսպիսի հիմարություններ էինք անում», - ասել է Կիկաբիձեն: Նա խոստովանել է՝ երբ ծանոթացել է Մկրտչյանի հետ, զարմացել է, որ տաղանդավոր դերասանն այդքան ծիծաղելի դեմք ունի և այդքան տխուր աչքեր: «Շատ ավելի ուշ իմացա, որ ծանր կյանք է ունեցել, որ կինը մահացել է, աղջիկն էլ, տղան էլ, բոլորը… Նկարահանումներից հետո նա անհետանում էր: Ու՞ր էր գնում, ի՞նչ էր անում, չգիտեինք: Ես նրան հարբած չեմ տեսել։ Առավոտյան նկարահանումներին սթափ էր գալիս: Հետո, երբ մենք արդեն մտերմացանք, հասկացա, որ խմում է: Վշտից», - վերհիշել է վրացի դերասանը: