Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը հյուրընկալվել են «HerMine Dialog» հաղորդմանը։ Աստղային զույգը խոսել է սիրո, փակ պահվող անձնականի, հարաբերությունների դժվարությունների, Ռոբի և, իհարկե, «Full House»-ի մասին։։ «Fast News Culture»-ն առանձնացրել է հարցազրույցի ամենահետաքրքիր դրվագները։
Կին-տղամարդ «ճիշտ» հարաբերություններ
Միհրան - Եթե ավելի երիտասարդ տարիքում ամուսնանայի, կարծում եմ՝ ոչինչ չէր ստացվի։ Պետք է գիտակցելով ամուսնանաս։ Լինում է՝ մարդիկ 1 շաբաթ կամ 1 ամիս միմյանց ճանաչելով ամուսնանում են։ Այդ պատճառով էլ շատ բաժանություններ են լինում։
Արփի - Զույգերը պետք է ունենան տաբուներ։ Եթե ընտրել ես մեկին, ապա քո սիրո շրջանակը պետք է նա լինի։ Չպետք է նույնիսկ մտածես ուրիշի մասին։
Դժվարությամբ ձեռք բերված հարաբերություններն ու փակ անձնականը
Արփի - Քո տունը քոնն է։ Չպետք է լայքերի կամ դիտումների համար անձնականը հանրայնացնել։ Մեր շփման շրջանակը ևս փոքր է։ Միմյանց հասնելու ճանապարհին շատ դժվարությունների միջով ենք անցել։ Այդ պատճառով էլ փորձում ենք փայփայել այն, ինչն այդքան դժվարությամբ տրվեց մեզ։ Ես միշտ շատ ինքնուրույն եմ եղել։ Երբ Միհրանը եկավ իմ կյանք, որպես իսկական տղամարդ, շատ հարցեր իմ փոխարեն ինքը սկսեց կարգավորել։ Շատ դժվար էր հարմարվել այդ ամենին։ Այդ ընթացքում շատ վեճեր ենք ունեցել՝ չհաշված այլ խնդիրներ։
Ընտանիք կազմեցինք գիտակից տարիքում, երբ երկուսս էլ ուզում էինք ու հասկանում էինք դրա կարևորությունը։ Այդ պատճառով էլ շատ քաղցր ու ամուր է մեր կապը։
Միհրան - Արփիի հետ աշխատել ենք, շրջագայել ենք, կարելի է ասել՝ ապրել ենք միասին։ Այդ ընթացքում Արփիի մեջ տեսել եմ այն հատկանիշները, որոնք պետք է ունենար ապագա կինս։ Իզուր չեն ասում, որ մարդու հետ ճանապարհ պետք է գնաս։ Մեր շրջագայությունները շատ որոշիչ էին։ Ինձ գրավեց նրա հոգատարությունը, բարությունն ու ընկերասիրությունը։
Արփի - Նկարահանումների սկզբում մենք իսկապես ընկերներ էինք։ Տեսնում էի, որ Միհրանը շատ աշխատասեր է, ինչն ինձ համար տղամարդու ամենակարևոր հատկանիշներից է։ Նաև հումորի մեծ զգացում ունի, ինչը ևս շատ կարևոր է։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց մեր ասպարեզի տղամարդիկ մի փոքր այլ են, բայց Միհրանը տարբերվում էր։ Շատ կյանքի մարդ էր։ Իսկ ճանապարհորդությունների ժամանակ հասկացա՝ որքան կնամեծար է։ Բոլորին փորձում էր օգնել։ Հիմա էլ շատ համերաշխ ենք։ Նա շատ լավ տղամարդ և շատ լավ հայր է։ Մի կողմ դնելով իր հայտնիությունը՝ նա կարող է մտնել մթերային խանութ և գնումներ կատարել, Ռոբերտին տանել մանկապարտեզ։ Ես մեքենա վարում եմ, բայց այնքան հոգատար ու ուշադիր է, որ ասում է՝ ես կտանեմ, ես կգամ քո հետևից։ Այդ պատճառով վերջին շրջանում մեքենա չեմ վարում։
Միհրան - Եթե ինչ-ինչ տարաձայնություններ են լինում, ժամադրում եմ Արփիին, գնում ենք գինի խմելու։ Ինձ համար շատ կարևոր է կնոջ հագուկապը, պայուսակը։ Պետք է ամեն ինչ իդեալական լինի, որովհետև կինը տղամարդու դեմքն է։ Նվերներ եմ նվիրում, որպեսզի կինս երջանկանա ու ժպտա։
Միհրանի և Աիփիի կյանքի ամենալուսավոր կետը՝ Ռոբը
Միհրան - Ռոբը գերակտիվ է։ Իր համար աշխարհը մի կողմ է, Արփին՝ մի կողմ։ Դուք պետք է տեսնեք՝ որքան գեղեցիկ է իրենց շփումը։ Երբեմն ասում եմ՝ բա պապան։ Գալիս է ինձ մոտ, որ չնեղացնի, բայց Արփին այլ աշխարհ է իր համար։ Մինչև Ռոբի ծնունդը, երազում էի երեխա ունենալ։ Միշտ պատկերացրել եմ՝ ինչպես եմ սիրելու, գրկելու, բայց միայն պատկերացումները բավարար չեն լավ ծնող լինելու համար։ Երբ Ռոբը ծնվեց, հասկացա, որ ոչինչ չգիտեմ։ Երեխայից հետո կյանքդ փոխվում է։ Դառնում ես լրիվ այլ մարդ։
Արփի - Շատ զգացմունքային և ուշադիր է։ Մի քանի օր առաջ հին նկարներն էր նայում, ասաց՝ մամա, դու չես ծերանա, չէ՞։ Շատ է սիրում ֆուտբոլ։ Ռոբի ծնվելուց հետո բացահայտել եմ, որ չափազանց բարի եմ և ներողամիտ։ Շատ են փոխվել ծնողներիս հետ հարաբերությունները։ Ռոբը նաև ինձ ու Միհրանին է այլ կերպ կապում։ Պարտադիր Ռոբին քույր կամ եղբայր ենք պարգևելու։
«Full House»-ը վերադառնում է
Միհրան - «Full House»-ի ամերիկյան ներկայացման հայտարարությունից 1 ժամ անց 1600 տեղանոց դահլիճի տոմսերի կեսը վաճառվել էր։ 7-8 օրում բոլոր տոմսերը սպառվեցին։ Չէինք պատկերացնում, որ այսքան տարի անց նախագիծը շարունակություն կունենա։ Բայց Մենչը ճիշտ բանակցեց բոլորի հետ։ Ներկայացումը մայիսին կկայանա։
Արփի - Մայիսի 10-ին կլինի երկրորդ ներկայացումը։ Շատ արագ են սպառվում տոմսերը։ Այդքան շատ էին մարդիկ կարոտել «Full House»-ը։ Իրականում՝ մենք էլ։ Բոլորիս համար «Full House»-ը եղել է լուսավոր ու կարևոր նախագիծ, որը բոլորին առաջ է տարել։
Որևէ հարցազրույցում ոչ ես, ոչ էլ Միհրանը բացասական ոչինչ չենք ասել դերասաններից որևէ մեկի մասին։ Մեր մասին խոսել են, բայց մենք՝ ոչ։
Միհրան - Տարաձայնություններ եղել են, բայց դա նորմալ է, պետք չէ հանրայնացնել։ Տարիներ են անցել, բոլորս մեծացել ենք։ Չեմ պատրաստվում փորձերին որևէ մեկի հետ չշփվել։ Բոլորի հետ ջերմ եմ լինելու։ Մենք ամեն ինչ մոռացել ենք։
Արփի - Հարմարվում ենք բոլոր պայմաններին, որ «Full House»-ը կայանա։ Մեզ համար այն այնքան լավ ու պետքական նախագիծ է, որ վեր է ֆինանսականից։ Գուցե այլ նախագծի դեպքում ֆինանսականը կարևորեի, բայց «Full House»-ի դեպքում ամեն ինչ այլ է։ Եթե դու մասնակցում ես որևէ նախագծի ֆինանսի, այլ ոչ քո անունը կերտելու համար, ապա չպետք է զբաղվես արվեստով։ Շատ նախագծեր են եղել, որոնք շատ ֆինանս չեն ունեցել, բայց հասականալով, որ դա քեզ պետք է, համաձայնում ես։
Միհրան - «Full House»-ի առաջին ներկայացումը եղել է ԱՄՆ-ում։ Այդ պատճառով էլ 10 տարի անց առաջին ներկայացումը կկայանա ԱՄՆ-ում։ Հայաստանում էլ ավելի հետաքրքիր նախագիծ է սպասվում։ Պարզապես հիմա չենք կարող փակագծերը բացել։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝