Logo

Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխություն․ «Մեդալի հակառակ կողմը» հաղթեց 4 անվանակարգում

Հեղինակ
Նարինե Մելիքյան
00:19 / 18.04.2025Լուրեր
Բացառիկ
null

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն էր։ Հայ կինոյի 102-րդ տարեդարձը ոլորտի ներկայացուցիչները նշեցին Կինոյի տանը։ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճում կայացավ Հայաստանի կինոգործիչների միության կազմակերպած Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը։ Առաջին անգամ այն անցկացվել էր 2021-ի հոկտեմբերին։ Նախատեսվում է մրցանակաբաշխությունն անցկացնել յուրաքանչյուր 2 տարին մեկ։ «Fast News Culture»-ը ներկա է եղել միջոցառմանն ու խոսել կազմակերպիչների և մրցանակակիրների հետ։

Կարմիր գորգին հաջորդեց մրցանակաբաշխության մեկնարկը։ Ներկաները տեսան ու լսեցին հայկական կինոյի պատմությունը՝ սկզբից մինչև վերջ։ Ապա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրեց մի շարք կինոգործիչների և ոլորտի աշխատակիցների։ «Հայկական կինոյի օրը 102-րդ անգամ նշելը մեծ իրադարձություն է առաջին հերթին մեր ժառանգությունը ճանաչելու, տարածելու և արժևորելու առումով: Ավելի քան մեկդարյա պատմությունը կերտվել է կինոյի երախտավորների ամենօրյա նվիրումի և աշխատանքի արդյունքում: Սա այն առանձնահատուկ օրն է, երբ անդրադառնում ենք արվածին, խոսում ապագայի մասին, գնահատում երախտավորներին»,- ասել է նախարարը՝ շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին:

Կինոգիլդիաների ստեղծման և մտահղացման հեղինակն ու նախաձեռնողը Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն է։ Նա հարգելի պատճառով ներկա չէր միջոցառմանը։ Հարությունի փոխարեն հյուրերին ողջունեց ու մրցանակաբաշխության կարևորությունից խոսեց Կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը։ «Դեռ 7 տարի առաջ, երբ Հարություն Խաչատրյանն ընտրվեց Կինոգործիչների միության նախագահ, մեր երազանքն էր այսպիսի մրցանակաբաշխությունը։ Պրոֆեսիոնալ գիլդիաների առկայությունն ընդունված ձև է աշխարհում, որ կարողանան կարգավորել կինոաշխարհի «խաղի կանոնները»։ Արդեն որոշակի հաջողություն ունենք։ Այս մրցանակաբաշխությանը պրոֆեսիոնալներն իրենք են որոշում՝ ում տալ մրցանակը՝ իրար աշխատանքները նայելով»,- պատմեց Արայիկ Մանուկյանը:

Վահագն Տեր-Հակոբյանն էլ նշեց, որ մրցանակաբաշխությունը ավանդական դառնալու ճանապարհին է։ «Մրցանակաբաշխությունը խթանում է կինոգործիչների որակական զարգացմանը։ Ոչ պակաս կարևոր է, որ մենք հիշում և նշում ենք Հայ կինոյի օրը», - նշեց Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխության համակարգողը։

Մրցանակների քանակով ռեկորդակիրը «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն էր։ Աննա Մաքսիմի սպորտային դրաման առաջադրված էր 4 անվանակարգում, հաղթեց՝ բոլորում։ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» և «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» մրցանակները ստացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի գլխավոր դերակատար, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննան Մաքսիմը։ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն բեմադրող օպերատորը» Սուրեն Թադևոսյանն էր («Մեդալի հակառակ կողմը»), իսկ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդարը»՝ Հասմիկ Ղազարյանը («Մեդալի հակառակ կողմը»):

ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը նկատեց՝ չկա կինո առանց սիրո, հետևաբար այսօր բոլորիս սիրո տոնն է։ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» մրցանակը Աննային հանձնեց հենց Միքայելը։ «Չգիտեմ՝ ավելի զարմանալի է, որ այս մրցանակը շնորհվում է ինձ, թե որ մրցանակը շնորհում է Միքայել Պողոսյանը: Էլ ինչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին: Եկեք ծափահարենք Միքայել Պողոսյանին»: Դերասանուհին անդրադարձավ նաև Հայաստանի կինոյի հիմնադրամին վերադարձրած շուրջ 40 մլն դրամին։ «Այս հանգամանքը խոսում է նաև ֆիլմի կոմերցիոն հաջողության մասին։ Առհասարակ առաջնորդվում եմ Քենեդու խոսքերով՝ մի հարցրու քո երկրին՝ ինչ կարող է անել քո երկիրը քեզ համար, հարցրու՝ դու ինչ կարող ես անել քո երկրի համար։ Կարծում եմ՝ գումարի վերադարձը լավագույնն էր, որ մեր թիմը կարող էր անել այսօր», - խոստովանել է դերասանուհին։

«Խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգում հաղթեց Արման Նշանյանը («Ամերիկացի»): «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացավ Վահան Գրիգորյանին՝ «Ձուն» ֆիլմի համար։ «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսերը» և «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստը» Օֆելյա Հարությունյանն էր («Գյուղը որ կանգնի»): «Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատորը» Արթուր Ղարայանն էր, «Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստը»՝ Ռոման Բալայանը։


Վահան Գրիգորյանը


Ներսես Ավետիսյանն ու Սաթենիկ Հազարյանը


Արուսիկ Գրիգորյանը, Ելենա Արշակյանը և Աննա Մաքսիմը


Անի Խաչիկյանը

Լուսանկարները՝ Ագնեսա Կիրակոսյանի

fastnews-ads-banner