Logo

«Թատրոնում դիմահարդարվելիս՝ հայելու առաջ նստած, հանկարծամահ է լինում»․ Համբարձում Խաչանյանի մահվան օրն է

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:54 / 30.06.2025Լուրեր
null

1944 թվականի հունիսի 30-ին մահացավ հայ կինոյի և թատրոնի դերասան Համբարձում Խաչանյանը։ Դերասան, ում մինչև այժմ հիշում են Բադալի («Նամուս»), Շորի («Շոր և Շորշոր»), Կիկոսի («Կիկոս»), Խեչանի («Մեքսիկական դիպլոմատներ»), Դարչոյի («Պեպո»), Քաջ Նազարի («Քաջ Նազար») և մյուս կերպարներով։ Մահվան 81-րդ տարելիցի կապակցությամբ «Fast News Culture»-ը ներկայացնում է դերասանի կյանքի վերջին 2 օրը։

Մահվանից մի օր առաջ Խաչանյանը տանում է քաղմաս՝ իր ժամկետանց անձնագիրը փոխելու։
Հետը տանում է նաև կնոջ անձնագիրը։
- Իմ անձնագրի ժամկետը, - ասում է նա միլպետին, - մի ամսով ուշացել է, բայց կնոջս անձնագրի ժամկետի լրանալուն դեռ մի ամիս կա։
Նրա այդ մի ամիսը դրեք իմի վրա և տվեք երկուսիս նոր անձնագրեր։
Կուշտ ծիծաղում են միլպետն ու իր օգնականները, խոստանում կարգադրել ամեն ինչ մի օրվա ընթացքում։
Եվ շատ են ազդվում՝ հաջորդ օրն առնելով սիրելի դերասանի  մահվան բոթը։

1944 թ․ հունիսի 30-ն էր։
Թատրոնում ներկայացվելու էր «Երկիր հայրենին»։
Խաչանյանը խաղալու էր Հոնենցի դերը։
Դերասանի օրը ծանրաբեռնված էր, ինչպես գրեթե բոլոր օրերը։
Բայց  Խաչանյանը միայն դերասան չէր, այլև քաղխորհրդի դեպուտատ։
Մի կին խնդրել էր նրան միջամտել իր ճակատագրին։
Զանգահարում է տուն, ասում, որ գնում է այդ կնոջ գործով զբաղվելու, երևի այլևս տուն չգա, ուղղակի կգնա թատրոն։
Եվ համոզված, որ հաջողության է հասնելու, խնդրում է հայցվորին հայտնել, որ հաջորդ օրը՝ ժամը իննին, միասին գնալու են գործը ձևակերպելու։
Իսկապես դրական լուծման է հասցնում։
Հոգնած, ջարդված  գալիս է թատրոն, շտապում է մտնել զարդասենյակը, զգեստափոխվել, նստել հայելու առաջ։
Հայելու առաջ նստած, դիմահարդարվելիս հանկարծամահ է լինում։
«Ինքը հանգել էր, իսկ ծխախոտը շարունակում էր մխալ ․․․»

Ռուբեն Զարյանի հուշերից

fastnews-ads-banner