Logo

Վահան Տերյան. «Հիմա ես արև եմ ուզում, Անտենկա, ավելի շատ լույս, երաժշտություն, գուրգուրանք....»

17:46 / 09.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Այսօր նշանավոր հայ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Պոետն իրականում ծնվել է հունվարի 28-ին, սակայն նոր տոմարով այն նշվում է փետրվարի 9-ին:

Ներկայացնում ենք Վահան Տերյանի նամակների շարքը...

Ցոլակ Խանզադյանին

1915, 13 սեպտեմբերի, Պետրոգրադ

«Սիրելի Ցել։ … Տրամադրությունս շատ ճնշված է և ընկած։ Կովկասից եկող լուրերը հոգեհան տխրություն են լցնում մարդու սիրտը։ Ռուսների (ոչ միայն Ռուսիայի) նկատմամբ ես բավականաչափ հիասթափված եմ. մինչդեռ ես չէի՞ այն ռուսոֆիլն արդյոք (այդ գաղափարի համար նույնիսկ տուժեցի դաշնակների կողմից). իհարկե, սա դեռ նահանջ չէ, բայց ստիպում է շատ ավելի լուրջ մտածելու, ռուս պետության չեմ ասում, ռուս ժողովրդի «միսսիայի» նկատմամբ։ Իմ այս տարակուսանքների աճին ու զարգացմանը մեծ զարկ տվեց Գորկին, որի մոտ նորերս մի շաբաթ ապրեցի և շատ ու շատ զրուցեցի ամեն տեսակ հարցերի մասին։ Նա ասում է (կարդա և զարմացի՛ր)։

1. Ռուս ժողովուրդն անգութ ու չոր, դատողական ժողովուրդ է, բայց զգայնական (ոչ թե զգացմունք, այլ սլավոնական զգայնություն)

2. Դաժան է, ինչպես ոչ մեկ այլ ժողովուրդ, և կյանքից այլ օրինակների շարքում (ամբողջ կույտ օրինակներ բերեց) բերեց հետ(ևյալ) օրինակը։ Սիբիրում գողեր կան, որոնք թեյաբեռներից թեյ են գողանում։

Եվ երբ բռնում են, գիտե՞ս ինչ են անում նրանց։ Հետանցքից ցցափայտ են մտցնում այնպես, որ մյուս ծայրը բերանից դուրս գա, և ձեռքերը հետևից կապում են այդ փայտին… Գողերի նկատմամբ որտե՞ղ են վարվում այդպես, հարցնում է նա։ Ես հիշեցի, որ ախր մեզ մոտ էլ դուխոբորները (տոլստոյականնե՜րը) արոտախախտման (ապօրինի արածեցման) համար մինչ ի մահ ծեծում են դագանակներով։

Բայց թողնենք. իհարկե ես այժմ չեմ կարող ամենը պատմել քեզ, և այս ամենը չափազանց մերկապարանոց կթվա քեզ։ Այս ամենը, ինչ խոսք, ինձ խելահեղ որոշման չի մղում, սակայն ստիպում է խորհել այն ստրկամտորեն հիացական վերաբերմունքի վրա, որը պաշտամունքայնության է հասել մեր մեջ և մեզ սարքել մոլի սլավոնաֆիլներ։ Ռուսական տխրահռչակ անկեղծության առթիվ գիտե՞ս ինչ ասաց Գորկին։

- Այդ խոսքերը գործերի ստորությունն արդարացնելու անզուսպ մղումից են, և դրանք՝ այդ խոսքերը նրան վրդովմունք են պատճառում։

Տոլստոյն ասում է.- չոր, անգութ, եսամոլ մարդ էր, ընդսմին չափազանց զգայնամոլ (նա շատ բան պատմեց, բայց շատ երկար կլինի գրել)։ Նրա վերաբերմունքը Տոլստոյի նկատմամբ գրեթե նույնն է, ինչ Պառլոյինը (իհարկե, որպես գրողի, նա բարձր է գնահատում և սիրում նրան)։ Երևակայիր, նույնիսկ Չեխովին է նա անվանում անգութ և ասում է, թե նա բարեկամության զգացմունք չուներ և ընդհանրապես իր մեջ ամփոփված մի ծերուկ ամուրի էր։

(Ի միջի այլոց պատմեց այն պատմությունը, թե ինչպես Շալյապինը «ծունկ է չոքել թագավորի առաջ»։ Պարզվում է, որ ոչ մի նման բան չի եղել։ Եվ երբ այդ լուրերը տարածվել են և Փարիզում սուլելով խայտառակել են նրան, նա քիչ է մնացել ինքնասպանություն գործի։ Գորկին նույնիսկ մտքովն էլ չի անցկացրել, թե Շալյապինը կարող էր այդ բանն անել։ Երևում է, որ նրան շատ է 2 սիրում։ Ի դեպ, նա Շալյապինին ճանաչում է 17-18 տարի, այսինքն՝ երբեք նրա հետ չի թափառել, այլ ճանաչել է, երբ նա արդեն Շալյապին է եղել)։

Ինքը՝ Գորկին, շատ ազնվական մարդ է և շատ սիրելի- այնքան սրտով ու պարզ, որ երևակայել չես կարող և միևնույն ժամանակ օտար և ոչ համակրելի մարդկանց նկատմամբ խիստ ու կծու։ Ինձ երեկոներին պատմում էր և իր կյանքից, պատմեց մի քանի սրտաշարժ և գեղեցիկ էպիզոդ։ Մի օր էլ վեճ ունեցանք (անիծյալ հարցերի մասին, ըստ որում՝ շոշափեցինք նաև Դոստոևսկուն (որին նա չի սիրում, իսկ ես սիրում եմ)։ Հետաքրքիր էր, բայց գրելը երկար կլինի և ժամանակ չունեմ)։

Ինձ գրել էին, որ «собрать по перу» Գ. Հայկունին լուրեր է տարածել, իբր ես Գորկու մոտ ինձ մարքսիստ եմ ցույց տալիս և կարճ ասած шантажирую его։ Բանն այն է, որ երբ ես այստեղ Արտաշես Գաբրիելյանին և այլոց միամտաբար պատմեցի Գորկու ինձ հրավիրելը և այլն, այդ Հայկունին էլ եկել էր Պետրոգրադ և մի ուսանողի հետ գնացել Գորկու մոտ (որը չի էլ հիշում, որ այդպիսի դեպք եղել է. դրանից եզրակացրու, թե որքա՜ն խոր տպավորություն է գործել նրա վրա այդ «ուսանողական» դեպուտացիան), և իբր թե Գորկին պատմել է ինձ հանձնած ժողովածուի մասին ու ասել՝ (մի՞թե Տերյանը Ձեզ դեռ չի հրավիրել ժողովածուի խմբագրություն)։ Դրանից հետո տեղիս մարքսիստ- ս-դ-ները (սոցիալ դեմոկրատները) (ի միջի այլոց անկուսակցական, (ռուս), այդ պատճառով էլ ես նրանց ս-դ-ներ չեմ համարում, այլ ընդամենը «տնային» ս-դ-ներ) ժողով են գումարում և որոշում, որ իմ դեմ ոչինչ չանեն։ (Ինչպիսի՜ քնքշություն), բայց «ընկերաբար» առաջարկեն (ես նրանց ի՞նչ ընկեր), որ ես իրանց հրավիրեմ, ընդ որում սպառնալով (նույնպես «ընկերաբար») հակառակ դեպքում Գորկուն հասցնել, որ ես մարքսիստ չեմ և որ ես նրան մոլորեցնում եմ։ Ես, իհարկե, վճռականորեն հայտարարեցի, որ նրանց հայտարարությունը համարում եմ անպատկառություն, իսկ գործը, որի մասին նրանք խոսում են, Գորկու հետ իմ անձնական գործն եմ համարում և այդ առիթով ոչ մի բանակցություն էլ թույլ չեմ տալիս։

Ուզում էի այն ժամանակ ասել Գորկուն, բայց այդ «ազգային» կեղտը չուզեցի նրա առաջ բանալ, ամաչեցի։ Բայց երբ ասին, որ Հայկունին այդպիսի լուրեր է տարածում, ես վերջին անգամ, երբ Գորկու մոտ էի, ասի այդ բոլորը, և նա մնաց շշմած։

(Ես չեմ բերի նրա գովասանական կարծիքները իմ մասին, թեև քո առաջ դա պարծենկոտություն չէր լինի։ Բայց նա ասաց՝ նկատի ունենալով, որ մեզ հետ վերջին անգամը չենք աշխատում, ես նամակ կգրեմ թերթերին (հայկական), որպեսզի ցրեմ ամեն մի կասկած և վերջ տամ զրպարտության հնարավորությանը։ Ես հրաժարվեցի, բայց նա պնդեց և այդպես էլ համաձայնության չեկանք։ Հնարավոր է, որ ես համաձայնեմ։ Իմ չուզենալու պատճառը (որի մասին, իհարկե, նրան չասացի) այն է, որ դա կարծես թե ռեկլամ կլիներ ինձ համար, իսկ ես չեմ ուզում դա»։ Դրա հետ մեկտեղ ինձ շատ վշտացրեց Գ. Հայկունու ստորությունը, որը, ի դեպ, բոլորովին չի ճանաչում ինձ։

Ես, ճիշտ է, համակրել եմ միշտ բանվորական գործին և եղած կուսակցությանց մեջ քաղաքական և տնտեսական ծրագրներից ամենից շատ համակիր եմ եղել ս-դ-ի ծրագրներին, բայց մարքսիստ չեմ բնավ աշխարհայացքի մտքով, և դա շատ լավ գիտեցել է Գորկին, երբ ինձ հրավիրել է, նա ճանաչել է ինձ իբր պոետի («միստիկայի և սիմվոլիզմի թեքումով» (սա այն մարդու խոսքերն են, որը Գորկու անունից ինձ հրավիրել է նրա մոտ)։ Իսկ Գորկին ասաց, որ նա երբեք չի էլ որոնել մարքսիստ, այլ որոշ գրական ցենզ ունեցող մարդ և իմ ցենզը նա միանգամայն բավարար է համարում։ Այսպես, սիրելիդ իմ Ցել… Եվ երբ ես ասացի պ. Արտաշեսին, թե «ընկեր» Հայկունին այդպիսի լուրեր է տարածում իմ մասին և հարցում արի, 3 թե- նրանք ի՞նչ են մտադիր ձեռնարկելու որպես իմ «ընկերներ», նա հայտարարեց, որ դա իրենց չի վերաբերում։ - Բայց ես կուզեի, որ դու Դավիթ Անանունին ասես (կարծեմ նրանից է սկսել իր ագիտացիան նրանց «ընկեր» Հայկունին), որ սուտ է ասում նրա «ընկեր» Հայկունին, և որ ես շատ ափսոսում եմ, տեսնելով, թե ինչպես Հայկունիները ուզում են (ապարդյուն) կարիերա անել բանվորական գործի վրա, և իրենք ստոր ու բթամիտ լինելով, ուզում են ուրիշներին արատավորելով առաջ գնալ։ Ասում եմ՝ ասա Դավիթին, վասնզի նրան չէի կամենա սխալմունքի մեջ տեսնել իմ նկատմամբ և կարգին սկզբունքով մարդ եմ համարում և «ընկեր» չլինելով հանդերձ միշտ հնարավոր եմ համարել աշխատել նրա հետ միասին։ Իհարկե, չեմ կասկածում, որ դու երբեք չես հավատա այդպիսի կեղտոտ ինսինուացիաների և իմ անունը կպաշտպանես, բայց գրում եմ այս բոլորը «ի գիտություն» և սիրտս թեթևացնելու համար։ Ինձ այն է զայրացնում, որ այդ մարդիկ կուսակցությունից դուրս գտնվելով, մեծամտորեն պարծենում են, թե իրենք մարքսիստներ են, կարծես թե դա արժանիք է (և այդ այն ժամանակ, երբ նրանց կյանքը ոչնչով չի տարբերվում ցանկացած գյադա¬քաղքենու կյանքից)։ Մարքսիզմը նրանց բառացիորեն տրված է միայն այն բանի համար, որպեսզի հնարավորություն ունենան բոլոր գործերից խուսափելու՝ պատրվակ բռնելով, թե ախր իրենք չեն կարող (սկզբունքորեն, օ՜, իհարկե, սկզբունքորեն) մասնակցություն ունենալ բուրժուազիայի և նրա ներկայացուցիչների գործերին։ Այդ դեպքում, շա՛ն որդի, մտի՛ր կուսակցության մեջ և աշխատի՛ր քո «սկզբունքներին» համապատասխան։ Ո՛չ, նա նախընտրում է լինել «տնային» մարքսիստ (բայց սա դեռ ամբողջ դժբախտությունը չէ, սակայն ինչպիսի՜ գոռոզամտություն, ինչպիսի՜ մեծամիտ արհամարհանք ամենքի ու ամեն ինչի հանդեպ)։ Մի խոսքով, նողկալի է։ Հիշում եմ քո խոսքերը նրանց մասին։ Որքան տարօրինակ է, այնպես չէ՞. մարդիկ, որոնք մշտապես գրականությունից պահանջում են «մոտիկություն կյանքին»՝ իրենք ավելի հեռու են կանգնում, քան երկնային հրեշտակները, և այդպես «պահպանում իրենց մաքրությունը»։ Դե թողնենք այս – Էս փլավը շատ ջուր կվերցնե, և ես տարվելով մոռացա, որ գնալու եմ…


Անթառամ Միսկարյանին

1911, 26 ապրիլի, Մոսկվա

Սիրելի Անտենկա,

Տարօրինակ զգացում համակեց ինձ, երբ կարդացի ձեր վերջին նամակը: Դա անքուն անցկացրած գիշերից հետո էր. այստեղ Թիֆլիսից եկած հայկական թատերախումբն էր, և ներկայացումներից հետո հասարակությունը դերասաններին ընթրիք էր տալիս: Այդ ընթրիքին ես էլ կայի: Ընթրիքը երկար ձգվեց: Մենք մի ընկերոջ հետ դուրս եկանք և ուղղվեցինք մեր տուն: Տուն գալով, որոշեցինք չքնել և երկար ժամանակ զրուցում էինք: Առավոտյան թեյից հետո, պառկեցինք մի քիչ հանգստանալու:

Հենց այդ ժամանակ բերին ձեր նամակը: Ես կարդացի ու այլևս չկարողացա քնել: Ինչու, չգիտեմ: Ինձ համար շատ տարօրինակ էր: Արթմնի ես զգում էի ձեր ներկայությունը, շոշափելիորեն զգում ձեզ, լսում էի ձեր ձայնը... ես անասելի լավ էի զգում ինձ... Չկարծեք, թե քնած էի...

Դրանից հետո ես նստեցի գրելու ձեզ . գրեցի մի սարսափելի ցնդաբանություն, որը, սակայն, կարող էի կրկնել և հիմա և չեմ կրկնում միայն նրա համար, որ ձեզ չվիրավորեմ: Թեև ինձ թվում է, դուք չպետք է վիրավորվեիք դրանից:

Բայց թողնում եմ այդ ամենը: Միայն խնդրում եմ չբարկանաք ինձ վրա և մեկ էլ ոչ ոքի ցույց չտաք նամակներս, ինչպես և ես ցույց չեմ տա ձեր նամակները ոչ ոքի, բացարձակապես ոչ ոքի: Հուսով եմ, խնդրանքս կկատարեք, գոնե երկրորդը, ինչ վերաբերվում է առաջինին, նույնպես հույսս չեմ կորցնում:

Մի՞թե իսկապես ամուսնանում եք Մորոզովի հետ: Այո՞: գրեցեք, մի՞թե չեք գա Մոսկվա: Ե՞րբ կգաք: (Ըստ հնարավորին ստույգ):

Պարապում եմ: Հարցնում եք իմ մուսայի մասին: Նա ձեզ խոնարհ ողջույն է ուղարկում: Աշնանը ուզում եմ (ավելի շուտ աշնան կողմ) լույս ընծայել բանաստեղծություններիս երկրորդ գիրքը, որը, իհարկե, կուղարկեմ ձեզ (որպեսզի այն չկարդաք, դե գոնե կնայեք): Դե, առայժմ:

Համբուրում եմ ձեզ պինդ`Վահան Տերյան


Անթառամ Միսկարյանին

1908, 27 դեկտեմբերի

Այս օրերին գլխիցս դուրս չեք գալիս: Ինչ-որ խելահեղություն է համակել ինձ.... Լավ կանեք, եթե այս նամակը ոչնչացնեք, բայց անպայմանորեն ոչ ոքի ցույց չտաք: Լա՞վ: Բարևեցեք Մարթային և ձերոնց:

Անտենկա... (Անթառամ Միսկարյանին)

1908, 27 դեկտեմբերի

Ես տխուր եմ: Ես միշտ տխուր եմ լինում, երբ գալիս են տոների և համընդհանուր ուրախությունների հանդիսավոր օրերը: Հիմա ես արև եմ ուզում, Անտենկա, ավելի շատ լույս, երաժշտություն, գուրգուրանք....

Տխուր եմ, անսահման տխուր...Բայց ինչո՞ւ եմ գրում Ձեզ այս մասին: Ինչո՞ւ եմ վշտացնում Ձեզ իմ այս տխուր խոսքերով...

«Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում: Իսկ ինչ վերաբերվում է Ձեզ, շատ եմ վախենում, որ ինձ տեսնելով ու մոտիկից ճանաչելով՝ հիասթափվեք: Չնայած ինձ թվում է, որ ես ավելի ստոր չեմ ուրիշներից: Ավելի հիմար էլ չեմ նրանցից: Սիրելի Անտենկա, շուտ եկեք: Իսկ եթե չգաք, ես, իհարկե, ինքնասպան չեմ լինի և Մոսկվա գետը չեմ նետվի, բայց շատ կտխրեմ:

 Ամուր-ամուր սեղմում եմ ձեր ձեռքը. ցավեցնելու չափ»:

Հ.Գ. Այս նամակից երեք ամիս անց՝ Տերյանը հանդիպում է Սուսաննային ....

Նրանց կապը չընդհատվեց...Տերյանը շատ էր զգում Անթառամի կարիքը...Նրանք շարունակում էին հաղորդակցվել նամակներով...նամակները գնալով դարձան ավելի քնքուշ ու զգացական...


Ավետիք Ւսահակյանին

1908, 23 ապրիլի, Թբիլիսի

Սիրելի Ավետիք,

Այսօր ստացա նամակդ, որ Մոսկվայից շրջան գործելով հասել էր ինձ վերջապես: Ինձ համար շատ գնահատելի է քո գովասանքը իմ ոտանավորների վերաբերմամբ: Մտադիր էի հրատարակելու մի փոքրիկ գրքույկ, սակայն կարծեմ չպիտի հաջողվի «ինձնից անկախ պատճառներով»: Թեև մյուս կողմից ես այնքան էլ չեմ շտապում առանձին գրքով լույս ընծայելու այդ տողերը:

Ես հույս ունեի քեզ այստեղ գտնելու: Այժմ սպասում եմ, հուսով եմ, որ կտեսնվենք, թեև կարող է պատահել, որ ես գնամ գյուղ, որովհետև եթե մնայի, պիտի մնայի գրքի հրատարակության համար, իսկ այժմ միտք չունի մնալս, որովհետև առողջությունս բոլորովին քայքայված է և կարևոր է լուրջ բժշկվել և հանգիստ կյանք վարել: Քո Մոսկվա գնալու միտքը հիանալի է, և ես կարծում եմ, որ այնտեղ կարելի կլինի դասեր գտնել, թեև դու լավ ապրուստի սովոր լինելով շատ փողի կարիք կունենաս, այնպես որ քեզ երևի հարկավոր կլինի ամիսը առնվազն 75-80 ռուբլի, որ դասերով դժվար է հայթայթել:

Մի խոսքով կգաս այստեղ, կխոսենք ավելի երկար և ծրագրեր կկազմենք, ինձ թվում է, որ դա կարելի բան է:

Այստեղ ծանոթացա օրիորդ Քոչարյանին, որը քեզ շատ է սիրում և միշտ քո մասին է խոսում: Քո մասին շատ բաներ եմ լսել, բայց այդ ամենը գրել չարժե-կգաս կզրուցենք: Մեր Ս-Դ.-ական «Գործում» ուզում էի քո մասին գրել՝ փակել են ամենալիրբ կերպով-տեսնենք. ասում են «Մամուլ» պետք է լույս տեսնի՝ ես այնտեղ կգամ, որովհետև քո քննադատներից գոհ չեմ: Խնդրեմ դա չընդունես իբրև ինքնահավանություն, այլ միայն անհամաձայնության մտքով եմ ասում ես այդ:

Տեսնենք:

Դու հարցնում ես Մագուրի մասին-քեզ եմ նվիրում նրան-վայելիր: Ես արդեն նրա հետ կապերս կտրել եմ: Ասում են այստեղ դու սանինիզմ ես քարոզում... Մի՞թե չգիտես, որ դա միայն Ռուսիայի օրհնված դաշտերում կարող է սնվել և պտուղներ տալ:

Առայժմ այսքանը: Կտեսնվենք կխոսենք: Քո Վահան


Նուարդ Թումանյանին

Ուշանում է Ձեր նամակի պատասխանը, բայց Դուք չպիտի նեղանաք, սիրելի Նուարդ: Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը, նախ նրա համար, որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում: Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը, բայց առավել այն պատճառով, որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել: Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ, եթե միայն կարելի է հիմնավոր համարել որևէ պատճառ: Սակայն առհասարակ կուզեի, որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ, երբ«գրվում է», երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն: Այս ամենն ասում եմ, որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի: Եվ, իրավ, ինչ արժե այն նամակը, որը գրվում է միայն գրված լինելու համար:

Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ: Серьезно,да. Լինենք միշտ ազատ և անկեղծ, որքան հնարավոր է: Կարծեմ կան ծաղիկներ, որոնք փակվում են երբ մոտենում ես, կամ ձեռք ես տալիս նրանց, կարծեմ կան այդպիսի ծաղիկներ: Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից ու բռնությունից: Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ, որ շատ քչերի հետ, գրեթե ոչ ոքի հետ,բացի Պաուլոյից, նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:

Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ: Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու,ինչպես ինքս իմ առջև: Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն շատ անախորժ մոմենտներ: Բանն այն է, որ նամակ գրելը ես համարում եմ մի զրույց, իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք», այլ զրուցում ես անբռնազբոսիկ, ազատ, առանց վախենալու և քաշվելու: Ահա թե ինչու ես ասում եմ, որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա, ում գրված է նա: Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու, ինչպես իմ մտերմին ասած մասնավոր, ինտիմ խոսակցության համար ինչին էլ վերաբերվի այդ զրույցը: Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես: Ուրիշ տեսակ՝ ոչ: Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց: Ուրախացրեց, որովհետ և Դուք էիք գրել այն, տխրեցրեց, որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու, իսկ Դուք չկայիք և հեռու էիք……

Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը, որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ......Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում .....Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Որպես առօրյա ծանոթներ երկու.....Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ, լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ.......

Չկարծեք, սիրելի Նվարդ, որ ես սովորություն ունեմ իմ նամակները «պոեզ»-ներով զարդարելու: Քավ լիցի: Այս էքսպրոմտը վաղուց «լեզվիս վրա» էր, ինչպես ասում են դուրս թռավ:Այս «պոեզ»-իս ներող աչքերով նայեցեք և խիստ մի դատեք: Գուցե ապագայում նա ավելի շնորհալի հագուստով ու ձևով ներկայանա Ձեզ, թեև նա նույնը կլինի (եթե միայն «համաձայնի» փոխվել): Թող Ձեր անուշ աչքերը սիրով ընդունեն իմ այս տխուր թռչնակին:

Դուք ուզում եք , որ «այն գրքույկը» ղրկեմ, բայց ես առայժմ չեմ ղրկում: Գուցե ինձ հաջողվի մի ավելի լավ հիշատակ ղրկել Ձեզ, երբ այս չոլ երկրից դուրս գամ լույս աշխարհ: Համենայն դեպս ես երբեք չեմ զլանա Ձեզ «մնայուն» հիշատակ նվիրելուց, եթե միայն Ձեր մեջ «մնայուն» լինի այդպիսի հիշատակ ունենալու և մոռացության ցանկություն չզգաք դեպի իմ հիշատակը: Այդպես եմ ասում, որովհետև իմ սիրտը տխուր է այսօր, թեպետև պայծառ տխրությամբ: Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է: Այո, ես այդպես եմ կարծում: Серьезно,да!
Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքուշ ծաղիկներով: Շատ են, անունները չգիտեմ: Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից: Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա մի քանի ծաղիկ, որ նա ինձ չմոռանա……Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ, գիտեք որքան լավ կլիներ, ես պիտի ասեի նրան. «սիրուն աղջիկ, տեսնում ես ահա մեր սարերը լա՜յն ու բաց, տեսնում ես որքան ծաղիկ կա այնտեղ ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար, քան այս սարերում բարձր, և դաշտերում լայն, որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»: Այդպես կասեի ես այն սիրուն աղջկան, եթե նա մեր սարերում լիներ ինձ հետ, այն աղջկան, որին այսօր ուղարկում եմ մի քանի ծաղիկ մեր սարերից, մի քանի անմոռուկ, որ նա ինձ չմոռանա……..

Բայց կուզեի, որ այդ աղջիկը ինձ «սենտիմենտալ» տղու տեղ չդներ:

Серьезно, да. Մինչև վստահելի մարդ չգտնեմ, չեմ կարող նամակը ուղարկել քաղաք՝ փոստ: Ինձ ասեցին, որ վաղը մեկը քաղաք է գնում, բայց ես վախենում եմ, ուստի շատ կուզենայի իմանալ, արդյոք հասավ սույն ուղերձը նաև նրա համար, որ ուզում եմ Ձեզանից մի լուր իմանալ: Ի դեպ, որտեղ եք լինելու ամառը:
Ձեր Վ.Տ

«Ես մի քանի տրիոլետ եմ գրել Ձեզ համար, իմ սիրելի, իմ լավ Նուարդ, բայց ուղղելու կարիք կա, ուստի չղրկեցի: Ուզում էի, որ «տրիոլետների մանյակ» լինի դա, բայց ամեն անգամ երբ նստում էի Ձեզ գրելու, միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր……
Ահա, սիրելի Նվարդ, իմ տրիոլետներից երեքը: Պետք է լինի յոթը, բայց մնացյալները դեռ շատ են անմշակ: Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի մտածումներով, ուստի. պոեզներով զբաղվելու ժամանակ չի լինում բոլորովին….

Առայժմ վերջացնում եմ նամակս, որ ուղարկեմ, իսկ եթե հետաձգեմ նոր բաներ ավելացնելու՝ կմնա և գուցե ետ մտածեմ՝ ուզենալով նորը գրել և այսպես ձգձգվի:

Ամենաջերմ համբույրներով
Ձեր Վահան»

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner