Logo

Վազգեն մարդը, որդին, հորեղբայրը, գրողը, ռազմական ու պետական գործիչը․ «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմը կներկայացնի նրա բոլոր շերտերը

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:40 / 24.02.2025Լուրեր
Բացառիկ
null

Վազգեն մարդը, որդին, հորեղբայր, գրողը, ռազմական ու պետական գործիչը․ «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմը կներկայացնի սպարապետի բոլոր շերտերը։ Հանդիսատեսը դրանք տեսնելու հնարավորություն կունենա մարտի 5-ից։ Մինչև այդ ֆիլմի ստեղծագործական ու դերասանական կազմը մամուլի ասուլիսում ամփոփել է նկարահանումներն ու ներկայացրել որոշ մանրամասներ։   «Fast News Culture»-ը  ներկա է եղել հարցուպատասխանին, առանձնացրել՝ ամենակարևորը։

Ֆիլմը նկարահանել է «Genetic Production»-ը: Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը։ Նա նաև բեմադրող ռեժիսորն է։ Երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը:

Ֆիլմ նկարահանելու գաղափարը Նոնոն առաջին անգամ բարձրաձայնել է 2023-ի վերջին։ «Վերջին Սպարապետը» որևէ ենթատեքստ չունի։ Պարզապես Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջին սպարապետն էր։ Քաղաքական հարցեր չենք ներկայացրել, քանի որ ես ինձ նման իրավունք չէի վերապահի։ Դա սուբյեկտիվ մոտեցում կլիներ, ինչը ճիշտ չէր։ Թեման նուրբ շրջանցել ենք։ Սպասվում է ոչ միայն կերպարային, այլև դեպքերի բացահայտում», - նշեց ֆիլմի գլխավոր պրոդյուսերը։

Վազգեն Սարգսյանի դերում Խորեն Լևոնյանն է: ՀՀ վաստակավոր արտիստի խոսքով՝ յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպար։ Սպարապետին մարմնավորելու համար շատ երկար է աշխատել և այդ ընթացքում նույնիսկ ընդհանրություններ նկատել։ «Ինձ համար սա կյանքի դեր է։ Որքան ուժ և եռանդ ունեմ ներդրել եմ այս ֆիլմում։ Փորձել եմ չկրկնօրինակել սպարապետին։ Ստեղծագործական կազմի հետ զրուցեցինք և հասկացանք, որ «մեկին մեկ» կրկնօրինակելը ճիշտ չէ։ Եվ ստացվեց այն կերպարը, որը կտեսնեք ֆիլմում։ Կերպարը կերտելիս ծանր ցավեր եմ ապրել և մեծ դժվարությամբ փորձել եմ դրանք հաղթահարել, որովհետև նման կերպարներ հազար տարին մեկ են ծնվում: Փորձել եմ հասկանալ միտքը, հոգին, էությունը, ինչ տղամարդ էր նա, ինչպես էր մտածում: Ափսոսում եմ, որ չկան մեր հերոսների, լեգենդների ու արժանի մարդկանց մասին պատմող շատ ֆիլմեր: Շատ շնորհակալ եմ Նոնոյին, որ առիթ ունեցա այս ֆիլմում նկարահանվելու: Սա երազանքի դեր է և ոչ բոլորին է բախտ վիճակված: Հպարտ եմ», - անկեղծացավ դերասանը:

Սպարապետի մորը՝ Գրետա մայրիկին, մարմնավորել է Մարջան Ավետիսյանը, հորը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։ Մարջանն ընդգծում է՝ չափազանց մեծ պատասխանատվությամբ է մոտեցել կերպարին։ «Եթե Խորենին փրկում է արտաքին նմանությունը, իմ դեպքում կերպարը ստացել ենք դիմահարդարների և այլ մասնագետների շնորհիվ։ Հուսամ իմ հոգեկան ապրումների միջոցով կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի մեծ սերն իր որդու, ընտանիքի և հայրենիքի հանդեպ: Երբեք չէի մտածի, որ Խորենի մայր եմ խաղալու։ Գրեթե նույն տարիքի ենք։ Բախտ եմ ունեցել բազմաթիվ ֆիլմերում աշխատել Խորենի հետ։ Նրա լրջությունն իր մասնագիտության հանդեպ, շատ քիչ դերասանների մոտ եմ տեսել: Նա այն բացառիկ դերասաններից է, որի կողքին չես կարող ձևացնել, որ խաղում ես: Իր տեսակից քիչ է ու պետք է պահենք, պահպանենք։ Դժվարությամբ եմ բաժանվել Գրետա մայրիկի կերպարից՝ ավելի ուշ, քան սպասում էի» ,- անկեղծացավ դերասանուհին։ 

Սցենարիստ Լևոն Գալստյանն էլ նկատեց՝ սերունդները չգիտեն Վազգեն Սարգսյանի գրականության մասին։ «Չեմ կարծում, որ նա գրասեր հասարակության շրջանում հայտնի է։ Ափսոսում եմ դրա համար։ Ուրախ եմ, որ ֆիլմը հնարավորություն կտա ծանոթանալու նրա գրականությանն ու որոշ պատառիկների, որոնք նրա կերպարի մի մասն են և բացում են նրա աշխարհայացքի ու մտածողության նոր շերտեր։ Նրա գրականությունը շատ բազմաշերտ է։ «Ոգու փորձություն» ժողովածուում կա առնվազն 6-7 ստեղծագործություն, որոնք կմնան հայ գրականության էջերում», - նշեց Լևոնը։

Ֆիլմի տնօրենն Արմենուհի Ստեփանյանն է, ով նախագծին միացել է առաջին իսկ օրից։ «Միասին հավաքել ենք ստեղծագործական թիմին։ Մեր նպատակն էր՝ ընտրել լավագույններին։ Համոզված եմ՝ ստացվել է։ Եղել են շատ դժվարություններ, ծանր և ուրախ օրեր, լարվածություն, բայց հաղթահարել ենք այդ ամենն ու այսօր այստեղ ենք։ Անհամբեր սպասում ենք ֆիլմը ներկայացնել ոչ միայն հայ հանդիսատեսին, այլև՝ դրսում։ Այս ֆիլմը մեր պատմության, արժեքների և անցած ճանապարհի մասին է։ Այն ներկայացնելու ենք նաև միջազգային հարթակում։ Հնարավորություն ենք ունենալու աշխարհին ներկայացնել հայի կերպարն ու հայկական պատմությունը», - ամփոփեց Արմենուհին։

Լուսանկարները՝ Ագնեսա Կիրակոսյանի

fastnews-ads-banner