Հուլիսի 8-ին 63-ամյակն է տոնում Արթուր Հակոբյանը: Գյումրեցի դերասանն առավել հայտնի է «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալում Արբիի դերակատարմամբ։ Ծննդյան կապացությամբ «Fast News Culture»-ն առանձնացրել է դերասանի կյանքի հետաքրքիր դրվագները։
«Դու ի՞նչ դերասան, դերասան կոչվելու իրավունք ունեն Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ֆրունզե Մկրտչյանը․․․»
Ընտանիքումս բոլորը սիրել են արվեստը, սակայն հայրս ի սկզբանե դեմ էր դերասան դառնալու որոշմանս։ Նա ոչ մի անգամ չի եկել թատրոն ինձ բեմում տեսնելու։ Այն ժամանակ ասում էր․ «Դու ի՞նչ դերասան, դերասան կոչվելու իրավունք ունեն Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ֆրունզե Մկրտչյանը․․․»։ Ավելի ուշ մայրս սկսեց աշխատել թատրոնում։ Ես ևս ընդունվեցի աշխատանքի՝ որպես բեմի բանվոր, քանի որ, թատրոնն ինձ օդի պես պետք էր: Ինձ համար Մհեր Մկրտչյանից՝ Ֆրունզից այն կողմ դերասան չկա: Նրան հավասարազոր է միայն Չապլինի պես մեծությունը: Եթե ասեմ, թե 4 տարեկանից հասկացել եմ, որ ուզում եմ դառնալ դերասան, սուտ կլինի: Չեմ կարող ասել՝ ինչն ազդեց դերասան դառնալու որոշմանս վրա, բայց, որ առանց թատրոնի չէի կարողանում շնչել՝ փաստ է: Համաձայն էի բեմի բանվոր աշխատել, միայն թե զգայի թատրոնի հոտը: Այդպես էլ արեցի: Այն ժամանակ շատ դժվար էր թատրոն մտնելը, իսկ ես սկզբունքորեն չէի ուզում ընդունվել Թատերական ինստիտուտ, որովհետև մինչև հիմա ինձ ոչ ոք չի կարող համոզել, թե դերասանին դերասան է դարձնում ինստիտուտը, դիպլոմը: Ինստիտուտը կիրթ մարդ դառնալու հնարավորություն է տալիս, բայց դերասանին տաղանդ է պետք, ոչ թե դիպլոմ: Հետո, իհարկե, ընդունվեցի ինստիտուտ՝ միայն այն պատճառով, որ ինձ ոչ ոք չասի՝ դիպլոմ չունես: Այսօր այդ նույն կարգավիճակում տղաս է, որքան էլ չուզեմ՝ չի փոխելու դերասան դառնալու իր որոշումը: Նա մորն ասել է. «Թատրոնն առանձին հոտ ունի: Մա, դու չես պատկերացնում՝ դա ինչ բան է։

Արթուր Հակոբյանի ընտանիքը
«Կյանքում հեչ ուրախ մարդ չեմ»
Կինս ասում է. «Քեզ պիտի թաքնված տեսախցիկով նկարենք, որ բոլորը տեսնեն՝ դրսում ինչպիսին ես, տանն՝ ինչպիսին»: Ախր կյանքում հեչ ուրախ մարդ չեմ: Չեմ ուզում լացկանի տպավորություն թողնել, բայց դժվարություններս շատ-շատ են:
Երևի այն երջանիկ դերասաններից եմ, որ դրամա, ողբերգություն խաղալիս դահլիճում ոչ մի «հի-հի-հի» չի եղել: Իսկ բեմից դուրս կատակերգուի ամպլուան շատ է խանգարել: Շատ դաժան օրինակ կարող եմ բերել: Երբ իմացա, որ ընկերներիցս մեկի երեխայի հետ դժբախտ դեպք է պատահել, այնքան էի ցնորվել, որ մեքենաս բակում՝ տաքսի էի փնտրում, որ շուտ հասնեմ ընկերոջս: Այդ պահին 2 հոգի ինձ սկսեցին համոզել, որ տանեն պատիվ տան: Ես շատ կիրթ ձևով փորձեցի բացատրել, որ հիմա այդ հոգեվիճակում չեմ, բայց տեսնելով, որ չեն ուզում հասկանալ, իրենց հասկանալի լեզվով բացատրեցի, որ ռադները քաշեն: Մարդիկ չեն ուզում հասկանալ, որ ես էլ եմ տխրում, ինձ հետ էլ է դժբախտություն պատահում, ես էլ մենակ մնալու կարիք ունեմ: Շատերին թվում է, թե ես միայն ծիծաղելու ու ծիծաղեցնելու իրավունք ունեմ:
Ճանաչվածությունը երբեմն խանգարում է
Ճանաչվածությունը երբեմն խանգարում է, մյուս կողմից՝ շատ հաճելի է: Չկա մեկը, ով ինձ հետ ցանկանա նկարվել կամ ինքնագիր վերցնել՝ մերժեմ: Եթե որևէ դերասան ասի, թե ինքը չի ուզում ճանաչված լինել, խաբում է: Այլապես իմաստ չունի այս գործով զբաղվել: Չե՞ս ուզում ճանաչված լինել՝ գնա պատ շարի, հաց թխի: Հայտնիություն տալիս է միայն կինոն և հեռուստատեսությունը: Քանի որ ինձ կինո դեռ չեն հրավիրել, ինձ պետք է հեռուստատեսությունը: Ես էլ հեռուստատեսությանն եմ պետք:

«Թատրոնն իմ աղոթքի վայրն է, եկեղեցին է»
Ցանկացած նորմալ դերասան ասում է, որ թատրոնն իր աղոթքի վայրն է: Այն իմ եկեղեցին է: Թատրոնը, կենդանի մարդու հետ շփումը, 700 հոգու շնչառություն լսելն ու նրանց աչքի առաջ խաղալը լրիվ ուրիշ բան է: Մի փոքր շեղում, և՝ վերջ: Թատրոնում այսօր ես, ցավոք, չկամ, որովհետև չեմ հասցնում: Բայց միշտ հպարտությամբ ասում եմ, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան եմ: Երբ հասցնում եմ, գնում եմ ներկայացում նայելու: Շատ անգամ դահլիճում նստած ինքս ինձ ասում եմ՝ ի՞նչ ես երջանիկ հայացքով նստել այստեղ, դու պետք է բեմում լինեիր: Դա իմ ցավոտ կողմն է: Տարբեր թատրոններից հրավերներ եմ ստանում, բայց ժամանակ չունեմ: Առավոտյան 10-ին տնից դուրս եմ գալիս, գիշերը 2-ից հետո նոր տուն մտնում: Հեռուստացույցը միացնում եմ, 2 րոպե հետո «չկամ»:
«Իրկուտսկյան պատմություն» ներկայացման պրեմիերային ճանճի տզզոց չկար: Ներկայացումը ես և Անահիտ Հարությունյանը պետք է ավարտեինք, սակայն այնքան էինք վերապրել հերոսներին, որ չկարողացանք։ Արցունքները խեղդում էին: Վարագույրը փակեցին, հանդիսատեսի համար ամեն ինչ պարզ էր, իսկ կուլիսներում 15 րոպե չէին կարողանում մեզ հանգստացնել… Պիտի ախմախ լինես, որ ասես՝ կայացած դերասան ես: Ի՞նչ գիտես՝ կայացա՞ծ ես, թե՞ ոչ: Եթե այսօր հաղթեցիր, դեռ չի նշանակում, որ վաղն էլ կհաղթես: Տրագեդիան ինձ ավելի հոգեհարազատ է, բայց ես հասկանում եմ, որ հեռուստադիտողն իմ մեջ միայն կատակերգուի է տեսնում: «Վերվարածներում» մի տեսարան կար, երբ տեսնում եմ, թե ինչպես է Համեստն ինձ դավաճանում: Եվ ծիծաղելի Արբին բոլորովին ուրիշ մարդ է դառնում այդ փոքրիկ տեսարանում: Այդ սերիայի ավարտից հետո հեռախոսս մի վայրկյան չի լռել: Սցենարիստը` Հարություն Ղուկասյանը, զանգել ասում է. «Կինս հուզմունքից լալիս է: Ես գիտեի, որ կարող ես յուրաքանչյուր հոգեվիճակ վերապրել, բայց որ այդ աստիճան համոզիչ, չէի պատկերացնում»: Բոլորը զարմացած էին, որ կարող եմ դրամա խաղալ: Դա մի փոքր վիրավորական է։ Ինձ միայն որպես կատակերգակ են ընդունում, բայց դրա մեղավորը ես եմ: Շատ քչերն են տեսել ինձ բեմում դրամա խաղալիս:

Սկզբնաղբյուրը՝ «Frunzik.com»



