Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի 156-ամյակն է։ Ծննդյան կապակցությամբ «Fast News Culture»-ը պատմում է ամենայն հայոց մեծ բանաստեղծի ընտանիքի մասին։
1887-ին Թումանյանը սիրահարվել է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգիր Մարիամ (Օլգա) Մաճկալյանին։ Աղջկան Թումանյանը տեսել էր Տեր-Հովհաննեսի բնակարանում կամ Խարխուփի թաղում, ուր գտնվում էր Մարիամ Մաճկալյանի տատի տունը։ Օլգա Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությանը հավանություն է տալիս աղջկա խորթ հայրը՝ Տեր-Հովհաննեսը, բայց մեկ պայմանով, որ Թումանյանը քահանա դառնա։ Բանաստեղծը համաձայնում է։
Հովհաննես Թումանյանն ու Օլգա Մաճկալյանը նշանվում են 1888 թվականի մարտի 24-ին, ամուսնանում՝ նույն թվականի դեկտեմբերի 1-ին։ Նրանք ունենում են 10 երեխա։
Մուշեղ Թումանյան (անունը՝ ի պատիվ Րաֆֆու «Սամվել» վեպի հերոսի)
Մուշեղը եղել է հայ բնագետ, ուսուցիչ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ 1915 թվականին, ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է ծառայության Իգդիրի երկրորդ դրուժինա՝ որպես կամավոր։ Ծառայությունն ավարտելուց հետո սովորել է Սանկտ Պետերբուրգի Սակրավորների ուսումնարանում։ 1916-ին որպես կամավոր մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով։ 1918-1920 թվականների իրադարձություններից հետո կնոջ և նորածին որդու՝ Վիգենի հետ տեղափոխվել են Թիֆլիս, այնուհետև՝ Շուլավեր։ Տեղի դպրոցում դասավանդել է ֆիզիկա և քիմիա։ Զուգահեռ զբաղվել է այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով։ 1937 թվականին նոյեմբերի 5-ին Խորհրդային իշխանությունները նրան ձերբակալել են և աքսորել Տայշետ՝ Արևելյան Սիբիր։ Այնտեղ էլ 1938 թվականին մահացել է։
Աշխեն Թումանյան
Աշխենը եղել է հայ հասարակական գործիչ, թարգմանչուհի, գրադարանավարուհի։ Նա իրավաբան Գևորգ Խատիսյանի կինն էր, Հովհաննես Թումանյանի թանգարանի առաջին տնօրենը։ Աշխենն ունեցել է 1 որդի՝ Հովհաննես Թումանյան։ Մահացել է 1968 թվականին։
Նվարդ Թումանյան
Նվարդը հայ գրականագետ էր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից։ Գործուն մասնակցել է Հովհաննես Թումանյանի Դսեղի և Երևանի տուն-թանգարանների հիմնադրմանը։ 1955 թվականին «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում 1957 թվականի սեպտեմբերի 28-ին։
Արտավազդ Թումանյան
Արտավազդը հայ արվեստագետ էր, նկարիչ, դերասան և գրող։
«Արտիկը, որ յոթ-ութ տարեկան էր, նկարչական շնորհք ուներ... ստվարաթղթի վրա կիպարիսների շարք էր նկարել, հայրիկի անվանակոչության օրը՝ հունվարի 14-ին նվիրեց նրան։ Հայրիկը հուզված էր», - տասնամյակներ առաջ պատմել է Նվարդ Թումանյանը։
Արտավազդը գրել է փոքրածավալ բանաստեղծություններ և երգիծական պատմություններ։ Պիեսներից մի քանիսը բեմադրվել են։ Դսեղում բեմադրվել է նաև «Գիքորը» պատմվածքը, որի ժամանակ նա խաղացել է եղբոր՝ Համլիկի հետ։ Բեմադրությանը ներկա է եղել Հովհաննես Թումանյանը։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արտավազդը վերադարձել է Թիֆլիս և զորակոչվել բանակ, որից հետո կամավոր աշխատել է «Միջազգային Կարմիր խաչի Համառուսական քաղաքների միություն» կովկասյան կոմիտեում։ Արտավազդը 1915 թվականի ապրիլի 23-ին կայացած առաջին խորհրդակցական ժողովի քարտուղարն է եղել, որի ժամանակ անդրադարձել են Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին[6]։ «Միջազգային Կարմիր խաչի Համառուսական քաղաքների միություն» կովկասյան կոմիտեում աշխատելու առաջին տարիներին գործունեություն է ծավալել Իգդիրում, Ջուղայում, հիմնադրել է «սննդատու կայաններ», ժամանակավոր իջևանատներ, բուժսանիտարական կետեր, ապա 1916 թվականին նշանակվել է լիազոր ներկայացուցիչ Վանում։ Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել անգլուհի Էլիզաբեթ Արմսթրոնգի հետ, որը «Միջազգային Կարմիր Խաչի» գթության քույր էր։ Վերջինս Արտավազդին սովորեցնում էր անգլերեն։ Նրանց նամակագրությունը ընդհատվել է Արտավազդի մահով։
Ձախից` Արտաշես, Արտավազդ, Համլիկ, Թիֆլիս, 1915 թ
Համլիկ Թումանյան
Համլիկը հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ էր, փիլիսոփա, թարգմանիչ, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող։
Հետաքրքրված էր լեզուներոց և գրականությամբ: Թումանյանը որդուն ուղարկում է Սորբոնի համալսարան ուսանելու փիլիսոփայություն: Ուսումն ավարտելուց հետո Համլիկը վերադառնում է Թիֆլիս։ Մի քանի տարի անց աքսորվում է Սիբիր: Հատկանշական է, որ առաջին աքսորից հետո Համլիկին հաջողվում է ազատվել աքսորավայրից: Նա վերադառնում է հայրենի տուն և բաժանվում է կնոջից՝ կանխազգալով, որ վտանգը դեռ չի մարել: Եվ նա իրավացի էր: 37 թվականին Համլիկը կրկին աքսորվում է Սիբիր՝ այսպես ազատելով ընտանիքին սպառնացող վտանգից: Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը պնդում է, որ Համլիկին աքսորելու հրամանը տվել է Բերյան:
Վերևից ներքև՝ Մուշեղ, Արտիկ, Համլիկ
Անուշ Թումանյան
Անուշը հայ բանաստեղծուհի էր։ Սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում։ Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանություն։ Գրել է ոտանավորներ և քառյակներ, նաև 2 պատմվածք՝ նվիրված Հովհաննես Թումանյանին։ Մահացել է 1927 թվականին։
Արփենիկ Թումանյան
Արփենիկը հայ հասարակական գործիչ էր և գրադարանավարուհի։ Սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում, ապա՝ Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Տեղափոխվել է Մոսկվա և աշխատել Նախարարական խորհրդի հայկական բաժնում։ Որոշ Ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր քարտուղար։ Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան։ Գրադարանային գործի մեծ փորձը Արփենիկը ներդրել է հոր՝ Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի մշակման գործում։ Մահացել է 1981 թվականին։
Արեգ Թումանյան
Արեգը հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ էր, պատմաբան, դասախոս, Կոմունիստական կուսակցութան անդամ։ 1933 թվականին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում։ 1937 թվականին Խորհրդային ռեժիմը Արեգ Թումանյանին աքսորել է և 1939 թվականի օգոստոսի 30-ին գնդակահարել։
Սեդա Թումանյան նաև Սեդա-Հայկանուշ Թումանյան
Սեդան հայ գյուղատնտես և թարգմանչուհի էր։
Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ։ Այն մի պատմական հանդիպման արդյունք է, որը տեղի ունեցավ մինչ աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհաննես Թումանյանի միջև։ Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ զորավարն առաջարկում է Հովհաննես Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ՝ իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ՝ ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր։ Հովհաննես Թումանյանը չի անտեսում իր բարեկամի կամքը, բայց և կատարում է իր ընտանիքի կամքը` նորածնին կոչելով՝ Սեդա-Հայկանուշ։
Թամար Թումանյան
Սեդան հայ ճարտարապետ էր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1933 թվականից Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում աշխատել է ճարտարապետ, 1945-1949 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության քարտուղար, 1947-1951 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետական ֆոնդի վարչության նախագահ, 1966-1989 թվականներին՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն։ Այնտեղ ստեղծել է «Վերնատան» հուշասենյակը և «Լոռվա ձոր» համայնապատկերը։ Վերջինի դիտումն ուղեկցվում է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով։