Իտալական Ա Սերիան ներկայացնող երեք ակումբներ նվաճել են Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: Գլխավոր եվրագավաթի քառորդ եզրափակիչ են դուրս եկել գործող չեմպիոն «Միլանը», փոխչեմպիոն «Ինտերը» և ընթացիկ առաջնության առաջատար «Նապոլին»:
Opta-ի հաղորդմամբ՝ նախորդ անգամ երեք իտալական ակումբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկել էր 2006 թվականին: Այդ ժամանակ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին «Միլանը», «Յուվենտուսը» և «Ինտերը»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են նաև անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», Լիսաբոնի «Բենֆիկան», Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը»: Քառորդ եզրափակիչի և մրցաշարի եզրափակիչ հատվածի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին: