Թվային զարգացման նախարարությունն Apple-ի պարզաբանմանն է սպասում։
Դեռևս սեպտեմբերի 26-ից օգտատերերը նկատել են, որ App Store-ից անհետացել է Ռուսաստանում ամենահայտնի սոցիալական ցանցը՝ «ВКонтакте» հավելվածը։ Այդ անունը որոնելիս ցուցադրվում են հաղորդագրություններ ծրագիրը հեռացնելու կամ երկրում անհասանելիության մասին:
Ավելի ուշ VK-ի հետ կապված այլ ծրագրեր են սկսել անհետանալ։ Դրանց թվում են՝ «VK Музыка», «VK Клипы», «VK Мессенджер», ինչպես նաև Mail.ru և «Облако Mail.ru» փոստային հավելվածները:
«VK-ն հաստատում է, որ Apple-ն արգելափակել է ընկերության մի քանի հավելվածներ, որոնք ներկայում անհասանելի են App Store-ում։ Ընկերությունը պարզաբանումների համար հարցում է ուղարկել Apple-ին։ Օգտատերերի սմարթֆոններում տեղադրված VK ծառայությունները շարունակում են գործել սովորական ռեժիմով»,- հայտարարել է VK-ն։
VK հավելվածների և ծրագրավորողների հաշիվները ջնջելու պատճառների մասին Apple Inc.ին հարցում է ուղարկել նաև ՌԴ Թվային զարգացման նախարարությունը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ռուսական ընկերության ծառայությունների սոցիալական նշանակությանն ու մասշտաբին։



