Logo

«Ալ Հիլալը» հրաժարվել է Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթին մասնակցելուց

15:54 / 21.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ալ Հիլալը» հրաժարվել է Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցելուց, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության վիճակահանությունը կայացել է 2025թ. հունիսի 19-ին՝ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում «Ալ Հիլալի» և Մադրիդի «Ռեալի» միջև խաղից (1-1) ընդամենը մեկ օր անց։

Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը պատվով է հանդես եկել մրցաշարում՝ հասնելով քառորդ եզրափակիչ։

Մրցաշարում պայքարն ավարտելուց հետո թռիչքների սահմանափակումների պատճառով թիմը ստիպված է եղել հավելյալ երեք օր մնալ Օռլանդոյում։ Դրա պատճառով խաղացողների արձակուրդը կրճատվել է մինչև 24, իսկ Սուպերգավաթին մասնակցելու դեպքում այն կլինի, առհասարակ, 21 օր։

Դա կխախտի «Խաղացողների պրոֆեսիոնալիզմի և կարգավիճակի մասին» SAFF-ի կողմից հրապարակված կանոնակարգի հավելվածներում ներառված պարտադիր պայմանագրերի 5.6 կետը։ Ըստ այդ կետի` ֆուտբոլիստները տարվա ընթացքում պետք է նվազագույնը 28 օր արձակուրդ ունենան։ Այդ պայմանը ներառված է «Ալ Հիլալի» առաջին թիմի բոլոր խաղացողների պայմանագրերում։

Այս բացառիկ հանգամանքների պատճառով ֆուտբոլիստների տարեկան արձակուրդը համընկավ մրցակից ակումբների նախամրցաշրջանային հատվածի հետ։ «Ալ Հիլալը» ստիպված էր հետաձգել հաջորդ մրցաշրջանի համար նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, ինչն է՛լ ավելի մեծացրեց մասնակից ակումբների միջև մրցակցային անհավասարակշռությունը։

Դրանից բացի, հունիսի 1-ին հրապարակված ներքին մրցաշարերի ժամանակացույցում չէր նշվում, որ Սուպերգավաթը անցկացվելու է Հոնկոնգում: Մրցաշարի անցկացման վայրը հաստատվել է միայն հունիսի 13-ին։ «Ալ Հիլալն» այդ ժամանակ մեկնել էր ԱՄՆ` մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը։

Սուպերգավաթին չմասնակցելու որոշումը կայացվել է մի շարք խաղացողների ֆիզիկական վիճակը զննելուց հետո: Նրանք ծայրահեղ հոգնած էին մեկ տարուց ավելի տևած ծանր մրցաշրջանից հետո։ Շատ ֆուտբոլիստներ աշխարհի ակումբային առաջնությունից առաջ նաև իրենց հավաքականի կազմում էին հանդիպումների մասնակցել»,- նշված է «Ալ Հիլալի» հայտարարության մեջ։

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում օգոստոսի 20-ին պետք է մրցեր «Ալ Քադիսիայի» դեմ։ Զույգ են կազմել նաև երկրի չեմպիոն «Ալ Իթիհադն» ու «Ալ Նասրը»։ Մրցաշարի հանդիպումները կկայանան Հոնկոնգում։

Դեռ որոշում չկա` «Ալ Հիլալին» այլ ակումբ կխոխարինի՞ մրցաշարում, թե՞ «Ալ Քադիսիան» մեխանիկորեն դուրս կգա եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ