Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախախաղային ասուլիսին պատասխանել է մի շարք հարցերի:
Խաղից սպասելիքների մասին
«Այստեղ հաղթե՞լ 4-0 հաշվով: Այդ հաղթանակից 10 տարի է անցել: Դա հիանալի պատմություն էր, բայց այն անցյալում է: Վաղն այլ խաղ է լինելու։ Հիմա մենք պարզապես վայելում ենք պահը։ Շատ մարդիկ կային, այդ թվում՝ դուք (խմբ. լրագրողները), որ կարծում էիք՝ այս ասուլիսը չեմ անելու կիսաեզրափակիչի խաղից առաջ, բայց ես այստեղ եմ։
Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»: Նրանք հիանալի խաղացին «Արսենալի» դեմ, և մենք կենտրոնացած ենք այդ խաղերի վրա, այլ ոչ թե նրանց՝ Բունդեսլիգայում անցկացրած մրցաշրջանի վրա: Պետք է հաշվի առնել նրանց պատմությունը Չեմպիոնների լիգայում, սա կարևոր գործոն է։
Երկու թիմերն էլ կարող են հանդես գալ տարբեր ոճերով և կազմերով: Ես միշտ որոշումներ եմ կայացնում, ինչը ոմանք կարող են մեկնաբանել անարդար: Սա իմ աշխատանքի մի մասն է: Ես ուղղակի շատ հիանալի խաղացողներ ունեմ: Շատ հստակ պատկերացում ունեմ, թե ինչպես մոտենալ «Բավարիայի» դեմ խաղին: Պետք է հավատարիմ մնանք մեր մարտավարությանը և կատարենք մեր խաղային ծրագիրը»:
Կազմի մասին
«Որախ ենք, որ Միլիտաոն և Կուրտուան վերադարձել են: Միլիտաոն դժվար խաղ ունեցավ «Ռեալ Սոսյեդադի» դեմ: Այո, նա կարող է խաղալ: Կուրտուան ապաքինվել է վնասվածքից, բայց վաղը չի խաղա»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին
«Տուխելը հիանալի մարզիչ է: Տպավորիչ ստրատեգ է, մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ»:
Դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքով:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Դորտմունդի «Բորուսիան» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: