Անգլիական «Արսենալը» «Չելսիի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցին ձեռք բերելու համար տրանսֆերային առաջարկ է կատարել լոնդոնյան ակումբին, հայտնում է The Athletic-ը:
Անգլիայի փոխչեմպիոնը լրջորեն հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և ակնկալում է, որ ամռանը կկարողանա ձեռք բերել նրան: Հավերցի ծառայություններով հետաքրքրված է նաև Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»:
Հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, «Չելսին» Հավերցի տրանսֆերի համար պահանջում է 75 միլիոն ֆունտ սթերլինգ: «Արսենալը» ցանկանում է ավելի ցածր արժեքով իրականացնել հարձակվողի տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ Հավերցն անգլիական թիմի գույները պաշտպանում է 2020 թվականի սեպտեմբերից: Ավարտված մրցաշրջանում գերմանացին «Չելսիի» կազմում անցկացրել էր 47 հանդիպում, դարձել 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: