Մադրիդի «Ատլետիկոն» հրաժարվել է պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի տրանսֆերային իրավունքը վաճառել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։
Մայրաքաղաքային ակումբը մերժել է անգլիացիների՝ 135 միլիոն եվրո կազմող առաջարկը, հայտնում է Marca-ն։
«Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլը հայտարարել է, որ պորտուգալացին պետք է մնա ակումբում։
Միակ տարբերակը, որի դեպքում մադրիդցիները կդիտարկեն ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակը՝ 350 միլիոն եվրո վճարելն է, որը որպես հրաժարագին ներառված է պորտուգալացու պայմանագրում։
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Ֆելիշի ծառայություններով Մյունխենի «Բավարիան» էր հետաքրքրված։ Գերմանական ակումբը Ռոբերտ Լևանդովսկիի հեռանալուց հետո հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ էր փնտրում, սակայն բարձր տրանսֆերային արժեքի պատճառով հրաժարվել էր Ֆելիշին թիմ հրավիրելու մտքից։
Ֆելիշը «Ատլետիկո» է տեղափոխվել Լիսաբոնի «Բենֆիկայից» 2019 թվականին՝ 127,2 միլիոն եվրոյի դիմաց։ Մադրիդցիների հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
2022/23 մրցաշրջանում Ֆելիշը մասնակցել է 1 պաշտոնական խաղի և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։