Logo

Չպատմված պատմություններ. Մանեի պատմության ավարտն ու իմպրեսիոնիզմի սկիզբը (Մաս 2)

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:01 / 06.07.2022ՄՇԱԿՈՒՅԹ
նկարիչ Մանե

Բոլոր պատմությունների հիմքում և «գործող անձինք» գեղանկարներն են:

ՄԱՍ 2

Լուի Բոնապարտը նայում էր «խառնամբոխի» այդ «լկտի» ներկայացուցիչներին և զգում, որ զայրույթն ավելի ու ավելի է եռում իր մեջ և ուր որ է կպայթի: 

Նա մի քանի կտավներ էլ նայեց, հետո անսպասելի՝ կտրուկ շարժումով ոտքի ելավ ու գնաց: Սալոնի ղեկավարները վախի ու տարակուսանքի մեջ մնացին այնքան ժամանակ, մինչև տեղ հասավ կայսեր բանավոր կարգադրությունը. մերժված գործերը ցուցադրել առանձին դահլիճում, որպեսզի բոլորը տեսնեն դրանք, ծիծաղեն ու քարկոծեն, քարկոծեն ու ծիծաղեն:

Այսպես ծնվեց «Մերժվածների սալոնը»: 

Կայսեր կարծիքը, ակադեմիական ուղղության ջատագով քննադատների կատաղի հոդվածները գրգռեցին ամբոխի հետաքրքրությունը, և այն հեղեղեց «Մերժվածների սալոնը»: Սակայն քրքիջի որոտները չպայթեցին Ուիստլերի, Բրակմոնի, Իոնկինդի, Ֆանտեն-Լատուրի, Ռենուարի և այլոց կտավների առջև: Ծիծաղելու ակնհայտ տրամադրությամբ ցուցահանդես ներխուժած շատ մարդիկ հասկացան, որ այդ կտավներում իրենց համար դեռևս անհայտ մի ուժ է թաքնված: Այդ ուժի ապագա հզորությունը շատ քչերը տեսան: Մի քանի անհատներ միայն զգացին, որ նրա մեջ է պարփակված ֆրանսիական, իսկ գուցե նաև համաշխարհային գեղանկարչության վաղվա օրը: Վերջիններիս թվում էր Էմիլ Զոլան: 1866 թվականի մայիսի 7-ին Էդվարդ Մանեն գրեց նրան, ում անձամբ դեռ չէր ճանաչում. «Չգիտեմ որտեղ գտնեմ Ձեզ, որպեսզի սեղմեմ Ձեր ձեռքը և ասեմ, թե ինչքան երջանիկ եմ, որ ինձ պաշտպանում է Ձեր տաղանդի տեր մարդը... հազար անգամ շնորհակալություն»:

Բայց Զոլայի նմանները, ավաղ, շատ քիչ էին: Պաշտոնական, հնամոլ արվեստագիտությունը շարունակում էր մնալ իր դիրքերում, անընդունակ՝ հասկանալու և գնահատելու նոր հոսանքի թարմ շունչը: Մի քանի ամիս անց Մանեն նորից դիմում է մեծ գրողին. «Ոչ մի լավ բան չեմ սպասում իմ դատավորներից (Սալոնի ժյուրիից), և դրա համար էլ ձեռնպահ եմ մնում իմ նկարներն այնտեղ ուղարկելուց»:


Impressionism: Art and Modernity | Essay | The Metropolitan Museum of Art |  Heilbrunn Timeline of Art History


Իմպրեսիոնիզմ

Անցնում են տարիները: Նոր ուղղության ջատագովներն ավելի ու ավելի են համոզվում, որ ակադեմիական վերահսկողության տակ գտնվող Սալոնը ոչ մի ընդհանուր բան չունի իրենց ստեղծագործության հետ: Եվ ահա, 1874 թվականին, հավաքվում են համախոհները՝ Կլոդ Մոնեն, Կամիլ Պիսսարոն, Ալֆրեդ Սիսլեյը, Պոլ Սեզանը և ժամանակի նշանավոր լուսանկարիչ Նադարի արհեստանոցում բացում են իրենց ցուցահանդեսը: Նորից է հավաքվում ամբոխը՝ գալիս են մարդիկ գուցե նորից ծիծաղելու, իսկ գուցե նաև ավելի լուրջ խորհելու փոքրիկ այս խմբի անհնազանդ հանդգնության վրա: Տարբեր կարծիքներ են հնչում նկարչատանը, իսկ ավելի հաճախ քար, անտարբեր լռություն է տիրում այնտեղ: Ինչ-որ մեկը տեսնելով Մոնեի «Տպավորություն. Արևածագ» կտավը, արհամարհական նետում է՝ «իմպրեսիոնիզմ»: Այդ ժամանակից ի վեր Մոնեից ու նրա համախոհներից այդ անունը այլևս չի անջատվում, իսկ գեղանկարչության մեջ նրանց դավանած ուսմունքը ստանում է «իմպրեսիոնիզմ» անվանումը:

Շարունակելի...

Աղբյուրը՝ Նարեկ Մեսրոպյանի «Գեղանկարներ և ճակատագրեր» գրքից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ