Logo

Դադիվանքի հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն [փաստեր]

16:23 / 09.06.2023Գրադարան
null

Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում, գրում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը։

Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ և խմբագրությամբ հրատարակված Ուղղափառ հանրագիտարանում ներկայացված է Դադիվանքի կառուցման, անվան ծագումնաբանության, դարերի ընթացքում հարձակումների և ավերածությունների ենթարկված և կանգուն մնացած հայկական սրբավայրի մասին պատմությունը։ Աշխատության մեջ մանրամասն ներկայացված են վանական համալիրում գտնվող շինությունների մասին պատմական փաստերն ու նկարագրությունները։

2014 թվականին ճարտարապետ Արա Զարյանի և Իտալիայից ժամանած վերականգնող Քրիստին Լամուրեի համատեղ ջանքերով մեկնարկել է Դադիվանքի որմնանկարների վերականգնման գործընթացը, որը շարունակվել է մինչև 2017 թվականը։ Մասնագետները կատարված աշխատանքների մասին մանրամասն ներկայացրել են իրենց հեղինակած «1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու 1297 թվականի որմնանկարների պահպանական վերականգնում» գրքում։ Գիրքը սկսվում է Դադիվանքի պատմությամբ ու նկարագրությամբ, որից հետո ներկայացվում են մասնագետների կատարած աշխատանքների արդյունքներն ու բացահայտումները։ Մասնագետների ծավալուն աշխատանքի արդյունքում վերջնականապես պարզ է դարձել Սուրբ Կաթողիկե եկեղեցու ներսի որմնանկարների պատմական տեսարաններն ու որմնանկարների հստակ տարեթիվը՝ 1297թ., որի մասին փաստում է եկեղեցու հարավային պատի պատուհանի անմիջապես ստորին հատվածում զետեղված երեք տողով հայերեն որմնագիր արձանագրությունը՝ ՉԽԶ (Չ=700; Խ=40; Զ=6 ուրեմն’ 746+551=1297)։

Մասնագետները մաքրել և վերականգնել են եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի որմնանկարները, որտեղ պատկերված են Սբ. Նիկողայոս Սքանչելագործի հայրապետական իշխանության ընծայման վարքագրական դրվագն ու Սբ. Ստեփանոս Նախավկայի քարկոծության տեսարանը։ Որմնանկարների վերականգնման արդյունքում ի հայտ են եկել տեսարանները բնութագրող մի շարք հայատառ արձանագրություններ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ