«Զանգակ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Չորս համաձայնությունները» գիրքն առաջարկում է ամենակարճ ճանապարհը, որով կարող ենք հասնել ներդաշնակ ու երջանիկ կյանքի։ Ըստ Մեքսիկայի բնիկ հնագույն ժողովրդի՝ Տոլտեկների երկարամյա ուսմունքի՝ երջանկություն և ներդաշնակություն գտնելու համար բավական է ընդամենը չորս համաձայնություն կնքել ինքդ քեզ և աշխարհի հետ։ Այդ պարզ պայմանավորվածությունները կդառնան բանալի, որով կարող ես բացել մանկությունից եկող ներքին կապանքներդ ու տեսնել կյանքի բոլոր գույները։
Առաջարկում ենք կարդալ մի քանի մեջբերում գրքից, իսկ Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնություններն» արդեն երևանյան գրախանութներում է․
Դու պատասխանատվություն չես կրում ուրիշների գործողությունների համար, դու պատասխանատու ես բացառապես քեզ համար: Երբ իրապես հասկանաս սա ու հրաժարվես ամեն ինչ քո հասցեին ընդունելուց, անհնար կլինի խոցել քեզ չմտածված դիտողությամբ կամ արարքով:
Բացասական մտքերը մեր մեջ տեղ կգտնեն միայն այն ժամանակ, երբ մեր գիտակցությունը պարարտ հող լինի նրանց համար: Երբ հասնես խոսքի անթերիության, միտքդ կդադարի թունավոր խոսքի օրրան լինելուց: Փոխարենը՝ այն պարարտ կլինի սիրուց եկող խոսքերի համար:
Ինչ էլ որ կյանքը խլի քեզնից, բա՛ց թող: Երբ հանձնվես ու բաց թողնես անցյալը, քեզ թույլ կտաս ներկայում լիարժեք ապրելու: Եթե ներկայից հաճույք չես ստանում, և մտքերդ անցյալում են սավառնում, կյանքդ կիսատ ես ապրում: Սա հանգեցնում է ինքնախղճահարության, տառապանքի, արցունքների:
Սերն արդարացման կարիք չունի. այն կա՛մ կա, կա՛մ չկա: Իսկական սերը ենթադրում է ընդունել դիմացինին, ինչպիսին կա՝ առանց նրան փոխելու փորձեր անելու: Եթե ձգտում ենք փոխել նրան, ուրեմն իրական սիրո մասին խոսք լինել չի կարող:
Մարդիկ պայմանավորվում են օգնել միմյանց տառապել: Եթե դու կարիք ունես, որ քեզ վիրավորեն, ինքդ կհամոզվես, թե որքան հեշտ է դա անելը: Քեզ նույնքան հեշտ կլինի վիրավորել մեկին, որը կարիք ունի տառապելու: Ասես այսպիսի մարդկանց մեջքին «խնդրում եմ, խփե՛ք ինձ» փակցված լինի: Նրանք իրենց տառապանքի համար արդարացումներ են փնտրում: Նրանց հակվածությունը տառապանքին ոչ այլ ինչ է, եթե ոչ օրեցօր ամրապնդվող համաձայնություն:
Գործել՝ նշանակում է ապրել լիարժեք կյանքով: Անգործության մատնվել՝ նշանակում է ո՛չ ասել կյանքին: Անգործություն է, երբ տարիներ շարունակ ամեն օր հեռուստացույցի առաջ ես անցկացնում, որովհետև վախենում ես ապրել ու փորձել դրսևորել քեզ: Ինքնադրսևորվելը ենթադրում է գործել: Գլխումդ բազում հանճարեղ մտքեր կարող են պտտվել, բայց միայն գործելով կարող ես փոփոխության հասնել: