Logo

Հովհաննես Դավթյան. «Նման ելույթն անսպասելի էր մեզ համար»

Հեղինակ
Հրայր Նազարյան
20:00 / 23.09.2022Ձյուդո
Բացառիկ
null

Անսպասելի էր՝ չէինք պատկերացնում, որ անհաջող ելույթ կունենան թիմի բոլոր անդամները։ Պրահայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ձյուդոիստների մասնակցությունը VNews-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Հովհաննես Դավթյանը։

Չեխիայի մայրաքաղաքում Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ տատամի դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից միայն երկուսն էին հաղթահարել առաջին փուլը, որից հետո դուրս էին մնացել հետագա պայքարից։

«Այս անգամ իսկապես վատ հանդես եկանք։ Նման ելույթը պայմանավորված է տարբեր գործոններով՝ ոմանց դեպքում պարտության պատճառը մարտավարական սխալն էր, մյուսների պարագայում՝ տեխնիկական խոտանը։ Իսկ դրանք, կարծում եմ, լարվածության հետևանք էին, քանի որ այդ օրերին մեր երկիրը դարձյալ ենթարկվել էր թշնամու հարձակմանը։ Նկատեցի, որ տղաներն ընկճված և ինքնամփոփ էին դարձել։ Այլ կերպ դժվար է բացատրել տեղի ունեցածը, որովհետև ընդհանուր առմամբ ֆիզիկապես և տեխնիկապես լավ էին պատրաստված։ Ամեն դեպքում՝ նրանց ելույթն, իրոք, չստացվեց։ Անսպասելի էր՝ չէինք պատկերացնում, որ հավասարապես վատ հանդես կգան թիմի բոլոր անդամները»,- ներկայացրեց գլխավոր մարզիչը։

Հովհաննես Դավթյանի խոսքով՝ հայ ձյուդոիստների անհաջող ելույթների վրա ազդեցին նաև այլ գործոններ. «Օրինակ, մեր ոչ բոլոր մարզիկներն են հասցրել ընտելանալ նոր կանոններին և մրցավարների կողմից անընդհատ կատարվող նկատողությունները խանգարում են կենտրոնանալ պայքարին։ Սակայն, դա, ինչպեսև պակաս նշանակալի մյուս խնդիրները, ժամանակի ընթացքում հնարավոր է շտկել»։

Հավաքականի մարզիչը մեկնաբանեց նաև առանձին մարզիկների ելույթները։

«Մարտին Բադալյանը (60 կգ) շատ վատ մասնակցեց. առաջին իսկ փուլում մոտ 1 րոպեում պարտվեց բոսնիացի ձյուդոիստին և դուրս մնաց հետագա պայքարից։ Մեկնարկային փուլին մասնակցությամբ սահմանափակվեցին 66 կգ քաշայիններ Դավիթ Աբրահամյանը և Ստյոպա Դարբինյանը։ Դավիթը համառ պայքար մղեց վրացի մրցակցի հետ, մինչև վերջ աշխատեց, բայց վազարիով պարտվեց։ Գոտեմարտի միջնամասում սխալ թույլ տվեց, հնարք բաց թողեց ու չկարողացավ շտկել իրավիճակը, թեպետ ոչինչ չխնայեց դրա համար։ Աբրահամյանն, իհարկե, ունի թերություններ, որոնց վրա շարունակում ենք աշխատել։

Ստյոպան նույնպես վատ մասնակցեց, չարդարացրեց սպասելիքները։ Առհասարակ, մեր ձյուդոիստներից շատերին բնորոշ է ընդհանուր խնդիր. կարող են մեկ սխալ թույլ տալ և այդպես էլ չկարողանալ փոխել պայքարի ընթացքը։ Նրա մրցակից գերմանացին, արագ կողմնորոշվելով, օգտվեց Ստյոպայի սխալից, իպոն հնարք կատարեց և դրանով միանգամից շահեց գոտեմարտը։

Ակնկալիքները մեծ էին նաև Արտակ Թորոսյանից (73 կգ), որն անցյալ տարվա Եվրոպայի պատանեկան առաջնության ու 2022 թվականի Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի բրոնզե մեդալակիր է։ Այս մրցաշրջանում 66-ից տեղափոխվել է 73 կգ քաշային կարգ։ Նա լավ մարզավիճակում էր։ Առաջին գոտեմարտում հաղթեց բուլղարացի մարզիկին, իսկ երկրորդում՝ պարտվեց հունգարացուն։ Վերջինիս հետ հանդիպումը լավ սկսեց, բայց դարձյալ տակտիկապես զիջեց. վազարի հնարք բաց թողեց ու չկարողացավ խուսափել պարտությունից։

Պատանիների աշխարհի չեմպիոն, 16-ամյա Գոռ Կարապետյանը (81 կգ) վստահորեն հաղթեց բուլղարացի մրցակցին, որին, ի դեպ, պարտվել էր Եվրոպական օլիմպիական փառատոնում։ Իսկ հետո՝ դարձյալ տակտիկական խնդրի պատճառով պարտվեց չեխ մարզիկին։ Վերջինս երկու նկատողություն ուներ ու, եթե ստանար ևս մեկը, ապա հաղթանակը կշնորհվեր Կարապետյանին։ Այդ իրավիճակում Գոռը փորձեց հանպատրաստից գցում կատարել, որի կարիքը բոլորովին չկար, բայց մրցակիցը, օգտվելով դրանից, ինքը գցում արեց և հաղթեց։ Գոռը դեռ 16 տարեկան է, նոր է փորձում հաստատվել երիտասարդների մեջ»,- նշեց գլխավոր մարզիչը։

Հովհաննես Դավթյանը հավաստիացրեց, որ ամեն դեպքում մարզիչները փորձում են հետևություն անել տեղի ունեցածից, հասկանալ խնդիրների իրական պատճառները և շտկել դրանք։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են և շարունակվելու են հոկտեմբերի 13-26-ը Վրաստանի Գորի քաղաքում անցկացվելիք հավաքի ընթացքում։

Ձյուդոիստները պատրաստվում են հոկտեմբերի 28-ին Բոսնիա-Հերցեգովինայում մեկնարկող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը․ «Թիմի կազմը կորոշենք հավաքի արդյունքներով։ Ունենք երիտասարդ լավ մարզիկներ։ Նրանցից մի քանիսը նոր են վերականգնվել վնասվածքներից։ Հավաքի ավարտին կհստակեցնենք և՛ կազմը, և՛ ակնկալիքները»,- հայտարարեց մարզիչը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ