«Նոան» լավն է, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» չէ. այսպիսի հայտարարություն է արել Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Նենադ Լալատովիչը Հայաստանի չեմպիոնի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից առաջ՝ ասուլիսի ժամանակ, հաղորդում է Vijesti-ն:
««Նոան» շատ լուրջ մրցակից է՝ հիանալի անհատականություններով։ Առաջին խաղում, հենց որ նրանց մի փոքր տարածք տվեցինք, մի փոքր ազատություն ստացան, մենք գոլ բաց թողեցինք։ Տղաներն ամբողջ 90 րոպեների ընթացքում արեցին այն ամենը, ինչ ես նրանց խնդրել էի:
Խաղը տևում է 90 րոպե, և մենք պետք է խաղանք արդյունքի համար։ Պետք է զգույշ լինենք առաջին խաղակեսում, իսկ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ ռիսկի կդիմենք։ Չպետք է տարվենք մթնոլորտով։ Մենք պետք է խաղանք արդյունքի համար, սպասենք մեր հնարավորությանը, համբերատար լինենք։
Չեմ ուզում շատ բացահայտումներ անել, բայց կարող է մեկ փոփոխություն լինել։ «Բուդուչնոստը» խաղում է 4-2-3-1 սխեմայով, բայց խաղացողները պետք է սովորեն այլ դասավորությունների, մենք պետք է հարմարվենք մրցակցին։
«Նոան» լավն է, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» չէ։ Մենք պետք է լավ գործենք գնդակով լինելու ժամանակ: Հենց դա ենք անում այս օրերին՝ մարզումների ժամանակ։ Ցանկության և կամքի դեպքում կարող ենք ավելի լավ խաղալ մեր հանդիսատեսի առջև ու անցնել երկրորդ փուլ։ Պետք է նաև մի փոքր հաջողություն:
Մենք չենք մտածում դուրս մնալու մասին, բայց նույնիսկ եթե դա տեղի ունենա, աշխարհի վերջը չի լինի։ Ի վերջո, մենք հնարավորություն ունենք Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլում։ Պարզապես պետք է ցույց տանք, որ կարող ենք խաղալ որակյալ թիմերի դեմ, և կարծում եմ՝ մենք դա ապացուցեցինք առաջին խաղում։ Իմ երազանքն է դուրս գալ եվրոպական մրցաշարի խմբային փուլ»,- ասել է «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչը:
«Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթել էր 1-0 հաշվով:
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Կարդացեք նաև՝