Մոտ 1 ամիս առաջ «Fast News Culture»-ը ներկայացրեց «Ethno Colors»-ի «Քիսմեթ» երգի ստեղծման պատմությունը։ 7 ամսում տեսահոլովակը YouTube-ում դիտեց 4․5 միլիոն մարդ։ Սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ համշենահայերեն երգը հեռացրել են բոլոր երաժշտական հարթակներից, այդ թվում՝ YouTube-ից։ Պարզվում է՝ հեղինակը համշենահայ Այդեմիր Ջեմիլն է։ Նա, տեսնելով երգի հաջողությունը, իմանալով, որ բոլոր տեղերում խումբը նշել է իր անունը, միևնույն է, որոշել է շահույթ ունենալ։ Նա բողոքարկել է և գումար պահանջել։ «ArmLur.am»-ի հետ զրույցում խմբի ղեկավար և երաժիշտ Արթուր Հարությունյանն ասել է, որ ելք են փնտրում երգն առնվազն «TikTok»-ում պահելու համար։ «Այն երգել են տարբեր մարդիկ, բայց ինչ-որ տեղ գրված է՝ «հեղինակ՝ համշենահայ Ջեմիլ Այդեմիր»։ Մենք փորձել ենք մեր տարբերակով անել։ Ո՛չ երաժշտությունը, ո՛չ հարմոնիան նման չեն այդ երգին, պարզապես ինչ-որ հատված երգի բառերը համընկնում են։ Այդ մարդն էլ էր տեսել, կիսվել էր իր էջում, բայց, երբ տեսավ՝ 1 ամսում 4 միլիոն դիտում ունենք, ամեն օր 100.000-ավոր դիտումներ են ավելանում, կապ հաստատեց մեզ հետ։ Նա հայերեն չգիտի, մենք էլ արագ չարձագանքեցինք նրան: Ջեմիլ Այդեմիրը, մտածելով, որ մենք այնքան մեծամիտ ենք, որ չենք պատասխանում իրեն, մեզնից մեծ գումար պահանջեց՝ հիմնավորելով, իբրև երգը մշակելիս իրենից չենք հարցրել և ինքնակամ թողարկել ենք տեսահոլովակ», - նշեց Արթուրը։
Խմբի ղեկավարի խոսքով՝ երգն ունեցել է դինամիկ հաջողություն, թուրքերի շրջանում և նախանձ է առաջացրել։ Հարությունյանը գումարի պահանջին պատասխանել է, որ առանց հիմքի գումար փոխանցելու իրավունք չունեն ու առաջարկել են՝ ամեն ինչ օրինական դաշտում անել, գրանցել, ապա YouTube-ից ստացված գումարն ամբողջությամբ փոխանցել նրան։ Սակայն Ջեմիլ Այդեմիրը չի համաձայնել։ «Նրան ասացինք, որ YouTube-ի մեր ալիքում նույնիսկ «монетизация»-ն միացված չէ, գումար չենք աշխատում։ Տեղեկացրինք, որ դեռ նոր ենք կարգավորումները սկսել և կարող ենք օգնել իրեն, որ գումարն իրեն փոխանցվի: Վերջերս իմացանք, որ նա երգը պաշտոնապես գրանցել է թուրքական կայքում և նույնիսկ նշել է, որ գործիքավորումն էլ է ինքը հեղինակել, մեզ էլ արգելափակել է։ Նա մեզ շանտաժի էր ենթարկում՝ պահանջելով 2000 դոլար 1 տարվա համար: Այդեմիրը Meta-ին ներկայացրել է, որ և՛ գործիքավորման, և՛ բառերի հեղինակն ինքն է, սակայն այդպես չէ »,- պատմել է Արթուր Հարությունյանը։
Խումբն այժմ YouTube-ին նամակներ է գրում, որ գործիքավորումն իրենցն է, ոչ թե թուրք երաժշտինը։ Փորձում են անել այնպես, որ YouTube-ում Հայաստանի և 79 այլ երկրների համար երգը հասանելի դառնա։
Սկզբնաղբյուրը՝ «ArmLur.am»