Logo

Եվրո-2024․ Հայաստանի հավաքականի տպավորիչ հաղթանակը Կարդիֆում՝ 4-2

00:41 / 17.06.2023Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբում Հայաստանի ազգային հավաքականի առաջին հաղթանակը ստացվեց տպավորիչ։ Երրորդ տուրում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հյուրընկալվեց Ուելսի հավաքականին ու կամային հաղթանակ տարավ 4-2 հաշվով։ Ուելսի մայրաքաղաքի «Կարդիֆ Սիթի» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձան Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։

Ուելսի հավաքականն ակտիվ սկսեց խաղը և սկզբնամասում ավելի շատ էր գրոհում, հիմնականում՝ եզրերով ու բարձրից փոխանցումներով։ 10-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը։ Եզրային գրոհը եզրափակեց անգլիական «Լիդսի» կիսապաշտպան Դենիել Ջեյմսը՝ գրավելով դատարկ դարպասը։

Քիչ անց Հայաստանի հավաքականը պատասխանեց վտանգավոր գրոհով, սակայն ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ գլխով կատարած հարվածը շեղ ստացվեց։ Բաց թողած գոլից հետո Ալեքսանդր Պետրակովի թիմն ակտիվացավ և ավելի հաճախ էր գրոհում։ 17-րդ րոպեն հյուրերը հավասարեցրին հաշիվը հակագրոհի արդյունքում։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի փոխանցումից հետո տպավորիչ հարվածով դարպասը գրավեց ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը՝ խփելով առաջին գոլն ազգային թիմի կազմում:

Խաղակեսի միջնամասում խաղն անցնում էր հավասար պայքարում։ Հայաստանի հավաքականը մրցակցի դարպասին երկրորդ դիպուկ հարվածը կատարեց 30-րդ րոպեին և առաջ անցավ հաշվի մեջ։ Էդուարդ Սպերցյանի նուրբ փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ, 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը նույնպես պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց ազգային թիմում: 

Բաց թողած երկրորդ գոլից հետո բրիտանական թիմը երկու անգամ սպառնաց հյուրերի դարպասին, սակայն երկու դեպքում էլ վստահ գործեց Հայաստանի հավաքականում նորամուտը նշող 33-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ 

39-րդ րոպեին տանտերերի եզրային գրոհը շատ վտանգավոր ստացվեց, բայց գլխով կատարած հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ։ Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը երկու անգամ փորձեց մրցակցի դարպասը գրավել հեռու տարածությունից․ Տիգրան Բարսեղյանի ու Լուկաս Սելարայանի հարվածները շեղ ստացվեցին։ Թիմերն ընդմիջման գնացին 1-2 հաշվի պայմաններում։ 

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում բրիտանական թիմն ավելի ակտիվ էր, անցկացնում էր գրոհներ, բայց գործն իրական գոլային պահերի չէր հասնում։ Հայաստանի հավաքականը վստահ պաշտպանվում էր և կարողացավ հաղթահարել մրցակցի ճնշումն ու գցել խաղի տեմպը։

Ալեքսանդր Պետրակովն առաջին փոխարինումները կատարեց 62-րդ րոպեին՝ Տիգրան Բարսեղյանի ու վնասվածք ստացած Անդրե Կալիսիրի փոխարեն դաշտ դուրս բերելով թիմի ավագ Վարազդատ Հարոյանին ու Վահան Բիչախչյանին։ 

66-րդ րոպեին հայկական թիմը մեծացրեց առավելությունը։ Տպավորիչ կոմբինացիան գոլով ավարտեց Հրանտ-Լեոն Ռանոսը՝ Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո դառնալով դուբլի հեղինակ։

Ուելսցիների մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում, սակայն նրանց հաջողվեց կրճատել հաշիվը 73-րդ րոպեին։ Եզրային նետումից հետո դարպասը գրավեց անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Հարի Ուիլսոնը՝ 2-3։

Հայաստանի հավաքականի պատասխանը չուշացավ։ Հաջորդ գրոհի ժամանակ հեթ-տրիկի հեղինակ կարող էր դառնալ Հրանտ-Լեոն Ռանոսը, որի հարվածից հետո դաշտի տերերին գոլից փրկեց դարպասաձողը։
Այնուամենայնիվ, քիչ անց հյուրերը խփեցին չորրորդ գոլը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պրեսինգի արդյունքում խլեցին գնդակը մրցակցի տուգանային հրապարակի մոտ, Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Իգոչուկվու Իվուն փոխանցում կատարեց Լուկաս Սելարայանին, որը տպավորիչ հարվածով հաշիվը դարձրեց 2-4 ու դարձավ դուբլի հեղինակ։

78-րդ րոպեին Ուելսի հավաքականը մնաց 10 խաղացողով։ «Բորնմութի» հարձակվող Կիֆեր Մուրը ոտքով հարվածեց Օգնյեն Չանչարևիչին և ստացավ կարմիր քարտ։

Վերջնամասում դաշտի տերերի՝ խաղը փրկելու բոլոր փորձերն ապարդյուն էին։ Թվային առավելություն ստացած Հայաստանի հավաքականը չէր հրաժարվում նաև գրոհելուց, կարողացավ վստահորեն պահպանել հաղթական հաշիվը և առաջին հաղթանակը տանել ընտրական մրցաշարում։

D խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց լատվիացիներին և 6 միավորով դարձավ առաջատար։ Ուելսն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան ունեն 4-ական միավոր, Հայաստանը՝ 3, իսկ Լատվիան միավոր չի վաստակել։ Թուրքիան և Ուելսն անցկացրել են 3-ական խաղ, իսկ Հայաստանը, Խորվաթիան ու Լատվիան՝ 2-ական։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 19-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Լատվիայի հավաքականին։ 

Եվրո-2024, ընտրական փուլ, երրորդ տուր

D խումբ

Ուելս - Հայաստան՝ 2-4

Դենիել Ջեյմս, 10, Հարի Ուիլսոն, 73 - Լուկաս Սելարայան, 19, 75, Հրանտ-Լեոն Ռանոս, 30, 66

Հեռացում՝ Կիֆեր Մուր, 78 (Ուելս)

Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Անդրե Կալիսիր (Վարազդատ Հարոյան, 62), Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան (Վահան Բիչախչյան, 62), Լուկաս Սելարայան (Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 75), Հրանտ-Լեոն Ռանոս (Արթուր Սերոբյան, 88):

Լատվիա - Թուրքիա՝ 2-3

Էդուարդ Էմսիս, 51, Կրիստերս Տոբերս, 90+4 - Աբդուլքերիմ Բարդակչի, 22, Չինգիզ Ունդեր, 61, Իֆրան Կախվեջի, 90+5

Հեռացում՝ Էդուարդ Էմսիս, 83 (Լատվիա)

«Խաղաղ» դիմակայություններ. Ինչպես դասավորվեցին Հայաստանի հավաքականի նախորդ երկու խաղերն Ուելսի հետ

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ