ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը հուլիսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցանկը 2861 վարկանիշով շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը:
Հայաստանը 100 ուժեղագույնների ցանկում 3 ներկայացուցիչ ունի: Ամենաբարձր վարկանիշը (2698) Գաբրիել Սարգսյանինն է, որը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ՝ նա վարկանիշն ավելացրել է 2-ով և 3 տեղով առաջադիմել է:
Ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայկ Մարտիրոսյանը: Նա վարկանիշն (2672) ավելացրել է 16-ով և 87-րդ տեղից բարձրացել է 73-րդ հորիզոնական:
Շանթ Սարգսյանն էլ վարկանիշն (2661) ավելացրել է 13-ով և ընդգրկվել է 100 ուժեղագույնների ցանկում՝ զբաղեցնելով 87-րդ տեղը:
ԱՄՆ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Լևոն Արոնյանը պահպանել է թե՛ վարկանիշը (2775), թե՛ իր տեղը 5-րդ հորիզոնականում:
Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատարը Հոու Յիֆանն է (2650): Հայաստանից ցուցակում ընդգրկված են Էլինա Դանիելյանն (2441) ու Աննա Սարգսյանը (2378): Երկուսն էլ պահպանել են վարկանիշները: Դանիելյանը 31-րդ տեղից բարձրացել է 30-րդ հորիզոնական, Սարգսյանը 74-րդ տեղից տեղափոխվել է 71-րդ հորիզոնական: