Logo

Գեորգի Հարությունյանի ինքնատիպ ցուցանիշը, Հարոյանի հոբելյանական հանդիպումը. Հայաստան - Թուրքիա խաղը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:16 / 26.03.2023Եվրոպայի առաջնություն
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց Եվրո-2024-ի ընտրական մրցաշարը՝ Երևանում 1-2 հաշվով զիջելով թուրքերին:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի ազգային հավաքականը 5-րդ անգամ անընդմեջ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը պարտությամբ սկսեց: Հիշեցնենք, որ նախորդ 4 մրցաշարերի մեկնարկային հանդիպումներում Հայաստանի հավաքականը պարտվել էր բելգիացիներին (0-1), իռլանդացիներին (0-1), դանիացիներին (1-2) և բոսնիացիներին (1-2): 

Ընդհանուր առմամբ` Եվրոպայի առաջնության ընտրական 8 մրցաշարերից 6-ի մեկնարկում Հայաստանի հավաքականը պարտվել է, մեկն ավարտել է ոչ-ոքի և միայն մեկ անգամ է հաղթել: Դա Եվրո-2000-ի ընտրական մրցաշարն էր, որում Հայաստանի հավաքականը Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին: 

2. Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև կայացած 3-րդ հանդիպումն էլ ավարտվեց մրցակցի հաղթանակով: Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց գրավել թուրքերի դարպասը, թեև դա արեց մրցակցի պաշտպան Օզան Կաբակը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ: 

Դա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներում Հայաստանի հավաքականի մրցակիցների 3-րդ ինքնագոլն էր: Նախկինում «աչքի» էին ընկել ալբանացի Մերգիմ Մավրայն ու բոսնիացի Ստիպե Լոնչարը: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականի հանդիպումներում մրցակիցները 7 անգամ են գրավել սեփական դարպասը:

Հիշեցնենք, որ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկու հանդիպումներում էլ թուրքերը հաղթել էին միևնույն 2-0 հաշվով:

3. Հայաստանի հավաքականին 8-րդ անընդմեջ խաղում չհաջողվեց հաղթել: Դրանցից 7-ում հավաքականը պարտվել է և միայն անցյալ տարվա նոյեմբերի 16-ին Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ Կոսովոյի հավաքականի հետ ընկերական խաղն է ավարտել ոչ-ոքի (2-2): Վերջին հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել է անցյալ տարվա հունիսի 4-ին՝ Ազգերի լիգայի մրցաշարում սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության մատնելով իռլանդացիներին:

4. Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում 69-րդ հանդիպումն անցկացրեց՝ կրելով 41-րդ պարտությունը: Հավաքականն ընդամենը 15 հաղթանակ է տարել, 13 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 66 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 112 գնդակ:

Թուրքիայի հետ հանդիպումը 240-րդն էր Հայաստանի հավաքականի կենսագրությունում: Այդ խաղերից 60-ում հավաքականը հաղթել է, 50-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 130 պարտություն, խփել է 242 գոլ, բաց է թողել 429 գնդակ:

5. Հայաստանի հավաքականը պարտությամբ սկսեց մրցաշրջան-2023-ը: Նախորդ երկու մրցաշրջանների մեկնարկը հաղթական էր հավաքականի համար, որը նվազագույն հաշվով պարտության էր մատնել Լիխտենշտեյնի և Չեռնոգորիայի հավաքականներին: Ընդհանուր առմամբ հավաքականն ընդամենը 7 անգամ է մրցաշրջանը հաղթանակով սկսել, նույնքան անգամ մեկնարկային խաղն ավարտվել է ոչ-ոքի, 17 անգամ էլ մեկնարկում պարտվել է:

6. Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի հավաքականը գլխավորած 22-րդ մարզիչն էր: Ուկրաինացի մասնագետը նորամուտը պարտությամբ նշեց: Հավաքականը գլխավորած մարզիչներից միայն Սուրեն Բարսեղյանին, Անդրանիկ Ադամյանին, Միխայ Ստոյկիցային, Յան Պոուլսենին, Բեռնար Շալանդին և Արթուր Պետրոսյանին է հաջողվել նորամուտը հաղթանակով նշել: Ընդ որում Ստոյկիցային (Իռլանդիա՝ 1-0) և Պետրոսյանին (Չեռնոգորիա՝ 3-2) դա հաջողվել է ընտրական խաղում:

7. Միանգամից 3 ֆուտբոլիստներ՝ Գեորգի Հարությունյանը, Նաիր Տիկնիզյանը և Ուգոչուկվու Իվուն նորամուտը նշեցին Հայաստանի ազգային հավաքականում: Ընդհանուր առմամբ հավաքականի անցկացրած 240 հանդիպումներում խաղադաշտ են դուրս եկել 230 ֆուտբոլիստներ:

Գեորգի Հարությունյանը դարձավ հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ընտրական խաղի մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Կրասնոդար-2-ի» պաշտպանը հավաքականում նորամուտը նշեց 18 տարեկան 228 օրականում: Նշենք, որ պաշտոնական մրցումներում Հայաստանի հավաքականում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Էդգար Մանուչարյանն է, որը 17 տարեկան 233 օրականում մասնակցել է 2004թ. սեպտեմբերի 8-ին ֆինների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը:

Գեորգի Հարությունյանն ընդգրկվեց Հայաստանի հավաքականում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Նա ցանկից դուրս մղեց Արթուր Սերոբյանին, որն անցյալ տարվա մարտի 24-ին Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղում խաղադաշտ էր դուրս եկել 18 տարեկան 265 օրականում: Ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցանկը գլխավորում է կամերունցի Նդումբուկ Բալեպ Բան, որը 2004թ. փետրվարի 18-ին Հունգարիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում 16 տարեկան 117 օրական էր:

8. Վարազդատ Հարոյանը հավաքականի պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 50-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 20-ն աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներն են, 15-ական խաղի էլ Հարոյանը մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում և Ազգերի լիգայի խաղարկությունում: Ընդհանուր առմամբ Հարոյանը 72 խաղ է անցկացրել, որից 15-ը՝ ավագի թևկապով:

9. Կամո Հովհաննիսյանը հավաքականում 74-րդ խաղն անցկացրեց՝ հավասարվելով Ռոբերտ Արզումանյանին, որի հետ ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում բաժանում է 5-6-րդ տեղերը: Այդ խաղերից 17-ը Հովհաննիսյանն անցկացրել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

10. Երկարատև ընդմիջումից հետո Արսեն Բեգլարյանը կրկին պաշտպանեց հավաքականի դարպասը՝ անցկացնելով 15-րդ խաղը, որոնցում 24 գոլ է բաց թողել: Վերջին անգամ Բեգլարյանին հավաքականի դարպասի պաշտպանությունը վստահվել էր 2017թ. նոյեմբերի 13-ին Կիպրոսի հավաքականի հետ Երևանում կայացած ընկերական խաղում, որում տանտերերը հաղթել էին 3-2 հաշվով: Իսկ պաշտոնական նախորդ հանդիպումը Բեգլարյանն անցկացրել էր 2017թ. հոկտեմբերի 8-ին՝ մասնակցելով Աստանայում ղազախների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական խաղին (1-1):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ