
Սուպերմենը վերադարձավ: Այդպես է «Պարման» ներկայացրել 20 տարի անց Ջանլուիջի Բուֆոնի տեղափոխությունը «Յուվենտուսից»: Երբ 2001-ին Ջիջին այն ժամանակների համար չլսված՝ 52 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Պարմա» (մինչև 2018 թվականը դա ռեկորդ էր դարպասապահների համար), նա իր հարազատ ակումբին բարձունքների էր հասցրել: 2001-ին նա հեռացավ Ա սերիայի չորրորդ տեղը զբաղեցնելուց և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուց հետո: Այդ ցուցանիշը մինչև օրս «Պարման» չի կրկնել, իսկ հաջորդ մրցաշրջանում խաղալու է Բ սերիայում:
Բուֆոնը Թուրին տեղափոխվեց, երբ դեռ 23 տարեկան էր և վերադառնում է 43 տարեկանում: Բնականաբար, նրա նախկին թիմակիցները ոչ միայն ակումբում չեն, այլ շատ վաղուց ավարտել են կարիերաները (բացառությամբ երկուսից):
VNews.am-ը ներկայացնում է Բուֆոնի վերջին մրցաշրջանում «Պարմայի» ֆուտբոլիստներին և պատմում, թե որտեղ են նրանք հիմա ու ինչով են զբաղվում:
Վերջին անգամ լավագույնների թվում
90-ականներին «Պարման» իտալական ֆուտբոլի ուժեղագույն թիմերից մեկն էր: Արտակարգ ֆուտբոլիստներով ու խաղով, «խաչակիրները» ստիպում էին սիրահարվել իրենց թիմին: 1995-1999 թվականների ընթացքում «Պարման» երկու անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի գավաթակիր: Հատկապես տպավորիչ էր 1999-ին Մարսելի «Օլիմպիկի» հետ Մոսկվայում կայացած եզրափակիչը (3:0), որը հիացրեց իտալական թիմի շքեղ խաղով:
2000/01 մրցաշրջանից առաջ «Պարման» համաձայնեց բաժանվել իր վերջին 4 տարիների հարձակման առաջատար Էրնան Կրեսպոյից, որին 25 մլն եվրոյի, գումարած Մատիաս Ալմեյդայի ու Սերժիու Կոնսեսյաուի դիմաց վաճառեցին «Լացիոյին»: Արգենտինացի սուպերհարձակվողին փոխարինելու համար հրավիրեցին Սավո Միլոշևիչին:
Եվրագավաթներում թիմն անհաջող ելույթ ունեցավ: ՈւԵՖԱ-ի գավաթի 1/32 եզրափակիչում նրա ճանապարհին կանգնեց ՊՍՎ-ն: Իտալիայի գավաթում «Պարման» կարող էր մրցաշրջանը տիտղոսով ավարտել, սակայն եզրափակիչում զիջեց «Ֆիորենտինային»:
2000/01 մրցաշրջանում «Պարման» երեք մարզիչ է գլխավորել: 2 տարուց ավելի թիմի հետ աշխատած Ալբերտո Մալեզանին անհաջող մեկնարկի պատճառով հեռացվեց 2001-ի հունվարին: Հաջորդ օրը նրան փոխարինեց մեծն Արիգո Սակին, որը սակայն 23 օր անց լքեց իր պաշտոնը: Լեգենդար Սակիին փոխարինեց Ռենցո Ուլիվիերին, որը կարողացավ թիմին բարձրացնել չորրորդ տեղ:
Ովքեր էին այն ժամանակ Բուֆոնի թիմակիցները և որտեղ են հիմա
Մատեու Գուարդալբեն
2000/01 մրցաշրջանում դարպասապահն Ա սերիայի բոլոր 34 խաղերին հետևեց պահեստայինների նստարանից, որովհետև անհնար էր մրցակցել Բուֆոնի հետ: Մյուս բոլոր մրցաշարերում միասին իտալացին մասնակցեց ընդամենը 7 խաղի:
Գուրբալդենը կարիերան ավարտել է 2012 թվականին: Հիմա նա հաճախ հեռուստաեթեր է հրավիրվում որպես փորձագետ:
Լիլիան Թյուրամ
Լեգենդար ֆրանսիացի պաշտպանը այդ մրցաշրջանում «Պարմայի» ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն էր. նա անցկացրեց 47 հանդիպում: 2001-ի ամռանը նա Բուֆոնի հետ միասին տեղափոխվեց «Յուվենտուս»: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը միայն 28 տարեկանում հայտնվեց «Յուվեի» պես գրանդ ակումբում, իսկ հետո տեղափոխվեց նաև «Բարսելոնա»:
2021-ի դրությամբ Թյուրամն իր անվան ֆոնդն ունի, որն օգնում է տարբեր երկրներում գտնվող փախստականներին: Նրա որդին՝ Մարկուսն, արդեն 23 տարեկան է և Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը: Ի տարբերություն իր հոր՝ Մարկուսը հարձակվող է:
Ժունիոր
00/01 մրցաշրջանում ձախ պաշտպանը «Պարմայի» կազմում 31 հանդիպման մասնակցեց: Հեղինակավոր թիմում հաջող ելույթները Լուիս Ֆելիպե Սկոլարիին համոզեցին, որ Ժունիորին հրավիրի 2002 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ նա Ռոբերտո Կառլոսին փոխարինողն էր: Ձախ պաշտպանը մասնակցեց միայն Կոստա Ռիկայի դեմ հանդիպմանը, որում դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Մեր ընտրանին
«Բարսելոնայի» ու «Ռեալի» սարսափը. ինչպիսի ակումբ է Հարոյանի «Կադիսը»
Ներկայիս կազմից 2 ֆուտբոլիստ. 21-րդ դարում «Ինտերի» լավագույն 10 տրանսֆերները
Փրկված սերունդներ․ 5 լեգենդար մարզիկ, որոնց նախնիները ողջ են մնացել Հայոց Ցեղասպանությունից հետո
Ժունիորը կարիերան ավարտեց 37 տարեկանում: Հիմա նա ռեստորանի սեփականատեր է իր հարազատ Բելու-Օրիզոնտիում:
Լուիջի Սարտոր
Լատերալը կարողացավ խիստ մրցակցության պարագայում 29 հանդիպում անցկացնել և դառնալ թիմի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը:
2021-ի փետրվարին Սարտորը դատապարտվեց տնային կալանքի, երբ ոստիկանությունը պարզեց, որ նա իր համախոհի հետ մարիխուանա է աճեցնում:
Ֆաբիո Կանավարո
Երկար տարիներ Բուֆոն-Թյուրամ-Կանավարո եռյակը «Պարմայի» հուսալիության խորհրդանիշն էր: Ֆաբիոն 00/01 մրցաշրջանում նույնպես 45 խաղի մասնակցեց: Երբ 2001-ին եռյակը փլուզվեց, նա ևս մեկ տարի մնաց նահանջ ապրող «Պարմայում», Իտալիայի գավաթը նվաճեց, ապա տեղափոխվեց «Ինտեր»: Ֆաբիոյի կարիերայում հետո եղան «Յուվենտուս», «Ռեալ», աշխարհի չեմպիոնի կոչումը և 2006-ին «Ոսկե գնդակը»: Մինչև օրս իտալացին վերջին պաշտպանն է, որը ստացել է այդ հեղինակավոր մրցանակը:
2021-ի դրությամբ Ֆաբիոն գլխավորում է չինական «Գունչժոու Էվերգրանդը»: Կանավարոն 2014 թվականից գլխավոր մարզիչ է, բայց դեռ չի աշխատել Եվրոպայում:
Ստեֆանո Տորիսի
Փորձառու կենտրոնական պաշտպանը հաճախ զույգ էր կազմում Կանավարոյի հետ: Միասին նրանք 30 հանդիպում անցկացրին: Տորիսին հայտնի էր իր բռնկուն բնավորությամբ, ինչի հետևանքով նույնիսկ ծեծկռտուքի էր բռնվում իր մարզիչների հետ:
2021-ի դրությամբ Տորիսին հիմնականում մասնակցում է վետերանների հանդիպումներին:
Ռոբերտո Նեստոր Սենսինի
90-ականների ամենակոլորիտային պաշտպաններից մեկը: Մարդ, որն ամբողջությամբ բնորոշում էր «old school» ֆուտբոլիստի տեսակը: 2001-ին արգենտինացին արդեն վետերան էր. 12 տարի նա անցկացրել էր Իտալիայում: Սենսինին այդ մրցաշրջանում օգտակար եղավ իր թիմին՝ խաղադաշտ դուրս գալով 23 անգամ:
Հիմա Սենսինին գլխավորում է չիլիական «Էվերթոն» թիմը:
Անտոնիո Բենարիվո
«Պարմայի» իսկական լեգենդը, որը 13 տարի է անցկացրել ակումբի կազմում: Բենարիվոն 1991-ից խաղում էր «Պարմայում» և 1994-ին մասնակցեց Մունդիալ-1994-ին, որտեղ նրա թիմը հասավ եզրափակիչ և 11-մետրանոցներով պարտվեց Բրազիլիային: 2000/01 մրցաշրջանում նա մրցակցում էր ավելի երիտասարդ Ժունիորի հետ, բայց հասցրեց 19 խաղի մասնակցել:
2021-ի դրությամբ Բենարիվոն զբաղվում է շինարարական բիզնեսով և մասնակցում է բարեգործական խաղերի:
Ջանլուկա Ֆալսինի
Ֆալսինին 20 հանդիպում անցկացրեց 2000/01 մրցաշրջանում, բայց երկար չմնաց «Պարմայում»: 2020-ից նա գլխավորում է «Ռեջինայի» երիտասարդական թիմը:
Պաոլո Կանավարո
Ֆաբիո Կանավարոյի կրտսեր եղբայրը 2000-ականների սկզբին նոր էր սկսում մեծ ֆուտբոլում իր առաջին քայլերը կատարել, բայց հետագայում այդպես էլ չհասավ իր եղբոր փառքի գոնե կեսին: 00/01 մրցաշրջանում նա 9 խաղի մասնակցեց:
Այժմ Պաոլոն Ֆաբիոյի օգնականն է «Գուանչժոու էվերգրանդում»: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:
Ալեն Բողոսյան
Աշխարհի չեմպիոն դարձած երկու հայ ֆուտբոլիստներից մեկը «Պարմայում» խաղացել է 1998-2002 թվականների ընթացքում: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 00/01 մրցաշրջանում 16 հանդիպման մասնակցեց:
Բողոսյանը վերջին տարիներին աշխատում է որպես խորհրդական՝ ռադիոյում և հեռուստատեսությունում, խաղեր մեկնաբանում, գոլֆ խաղում և հաճախ լինում Կալիֆորնիայում:
Յոհան Միկու
Չնայած լավ անցկացրած նորամուտի 00/01 մրցաշրջանին, Միկուն երկար չմնաց Իտալիայում և 2002-ին տեղափոխվեց «Վերդեր», որտեղ ամբողջությամբ բացահայտեց իր տաղանդը:
ԵՎՐՈ-2020-ի ժամանակ նա հեռուստահաղորդումների հյուր է, որոնցից մեկի ժամանակ հասցրեց քննադատել Բելգիայի հավաքականին, ինչը դուր չեկավ «կարմիր սատանաների» պաշտպան՝ Տոմա Մենյեին:
Սաբրի Լամուշի
Թունիսյան արմատներով ֆրանսիացին 00/01 մրցաշրջանում անփոխարինելի կիսապաշտպաններից մեկն էր ու 43 խաղի մասնակցեց: «Պարմայում» հաջող ելույթները հետագայում օգնեցին «Ինտեր» տեղափոխվել:
2020-ից Լամուշին մարզում է կատարյալ «Ալ-Դուհաիլը» և մրցակցում է Չավիի «Ալ-Սադի» հետ:
Դիեգո Ֆուզեր
Խաղադաշտում ևս մեկ աշխատասեր և անփոխարինելի ֆուտբոլիստ: 00/01 մրցաշրջանում իտալացին 31 տարեկան էր, բայց մասնակցեց 37 հանդիպման:
2021-ի հունվարին Ֆուզերն ընտրվել է Իտալիայի գոլֆային ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Դա աշխարհում շատ քիչ հայտնի մարզաձևի տեսակ է:
Սերժիու Կոնսեյսաու
Պորտուգալացի Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից էր, բայց Էրնան Կրեսպոյի տրանսֆերի շրջանակում «Լացիոյից» տեղափոխվեց «Պարմա»: «Խաչակիրների» կազմում՝ առաջին մրցաշրջանում, պորտուգալացին 36 խաղում 7 գոլ խփեց:
Կոսնսեյսաուն վաղուց մարզիչ է դարձել, իսկ 2017 թվականից նա գլխավորում է «Պորտուն», որին երկու անգամ դարձրել է Պորտուգալիայի չեմպիոն: Մի քանի ամիս առաջ նրա թիմը Չեմպիոնների լիգայի պայքարից դուրս թողեց «Յուվենտուսին» և Կրիշտիանու Ռոնալդուին:
Մարսիո Ամորոսո
Բրազիլացին մեծ հեռանկարներով ֆուտբոլիստ էր, բայց իր լավագույն խաղը ցուցադրեց «Ուդինեզեում» և Դորտմունդի «Բորուսիայում»: 00/01 մրցաշրջանում նա 34 խաղում 14 գոլ խփեց, ինչը քիչ էր «Պարմայում» նրա հետ կապված հույսերն արդարացնելու համար:
Սկանդալային ֆուտբոլիստը 46 տարեկանում երբեմն հայտնվում է բրազիլական հեռուստաալիքների եթերում և քննարկում վերջին ֆուտբոլային իրադարձությունները:
Սավո Միլոշևիչ
Կրեսպոյին փոխարինելուն կոչված ևս մեկ ֆուտբոլիստ. սերբը չկարողացավ նույնիսկ կեսը տալ թիմին, ինչ ստանում էին արգենտինացուց: 31 խաղում Միլոշևիչն ընդամենը 12 գոլ խփեց և շուտով վերադարձավ Լա լիգա:
ԵՎՐՈ-2000-ի լավագույն ռմբարկուն կարիերան ավարտելուց հետո հասցրեց նկարահանվել սերիալներում, ողբերգություն վերապրել, որի պատճառը նրա հոր մահն էր՝ պապու ձեռքով, իսկ վերջին տարիներին սկսել է մարզիչ աշխատել: 19/20 մրցաշրջանում նա գլխավորեց «Պարտիզանը», իսկ հիմա մարզում է Լյուբլյանայի «Օլիմպիան»:
Պիեր Մբոմա
Կամերունցի հարձակվողը միայն մեկ մրցաշրջան է անցկացրել «Պարմայում» և այն համընկավ Բուֆոնի վերջին տարվա հետ: Անցկացրած 27 խաղում ՊՍԺ-ի սանը 6 գոլ խփեց և հավաքեց ճամպրուկները:
Վերջին տարիներին Մբոման որպես մասնագետ աշխատում է ֆրանսիական հեռուստատեսությունում, ինչպես նաև հաճախ լինում է Աֆրիկայում:
Մատիաս Ալմեյդա
Հենակետային կիսապաշտպանը նույնպես Կրեսպոյի գերխոշոր տրանսֆերի մասնիկն էր, բայց Կոնսեյսաուի պես երկար չմնաց և նույնպես հետագայում տեղափոխվեց «Ինտեր»: 00/01 մրցաշրջանում նա 23 հանդիպման մասնակցեց:
Արգենտինացին 10 տարի առաջ է ավարտել կարիերան և անմիջապես մարզիչ դարձել: Նա աշխատել է «Ռիվեր Փլեյթում», «Բանֆիլդում» և «Գվադալահարայում», իսկ 2018-ից գլխավորում է ամերիկյան «Սան-Խոսեն»:
Ստեֆան Ապիա
Հանրահայտ գանացու համար «Պարմա» տեղափոխությունն առաջին քայլն էր բարձրակարգ ակումբում խաղալու համար: 19 տարեկանում նա 26 խաղի մասնակցեց:
Ապիան 2017-2019 թվականներին Գանայի հավաքականի մենեջերն էր: Մեկ ամիս առաջ նա իրեն անվանեց Գանայի պատմության լավագույն ֆուտբոլիստ:
Խորխե Բոլանո և Խոնիեր Մոնտանո
Երկու կոլումբացիները միասին ընդամենը 00/01 մրցաշրջանում 17 խաղի են մասնակցել:
Մոնտանոն միակ ֆուտբոլիստն է, որ դեռ չի ավարտել կարիերան: Նա 38 տարեկան է և հիմա ներկայացնում է պերուական «Չավալինես Խունիորսը»:
Դինո Բաջիո
90-ականների իտալական ֆուտբոլի ամենահայտնի կիսապաշտպաններից մեկը, որի ճանաչելիությանը նպաստում էր նաև լեգենդար Ռոբերտո Բաջիոն: 2000/01 մրցաշրջանի առաջին կեսը Դինոն անցկացրեց «Պարմայում», այնուհետև ձմռանը տեղափոխվեց «Լացիո»:
Դինոն հիմա 49 տարեկան է: Նա ամուսնացած է դերասանուհու հետ և ֆուտբոլից հետո իր համար նոր կիրք է գտել՝ թատրոնը:
Էմիլիանո Բոնացոլի
Բազմաթիվ թիմեր փոխած հարձակվողը նույնպես 2001-ի հունվարին փոխեց թիմը՝ տեղափոխվելով «Վերոնա»: Բայց մինչև այդ 2 խաղում 2 գոլ խփեց:
Կարիերան ավարտելուց հետո իտալացին դարձել է մարզիչ, սակայն դեռ խոշոր ակումբների չի հասել: 2017-ից նա գլխավորում է իտալական «Տերմալ» թիմը:
Սիմոնե Բասո
«Պարմայի» սանը հենց 00/01 մրցաշրջանում սկսեց մեծ ֆուտբոլ խաղալ, բայց այդպես էլ չհաստատվեց գլխավոր թիմում և գնաց ամբողջ կարիերայի ընթացքում ցածր դիվիզոններում ելույթներ ունենալու:
38-ամյա ֆուտբոլիստը հիմա հանդես է գալիս D սերիայի «Լավանյեսե» ակումբում:
Մարկո դի Վայո
2000/01 մրցաշրջանում «Պարմայի» գլխավոր հերոսներից մեկը: Երբ ակումբի ղեկավարությունը հույս էր դրել այլ հարձակվողների վրա, հենց իտալացին դարձավ թիմի ռմբարկուն: Դի Վայոն 20 գոլ խփեց, ինչն այդ տարիներին լուրջ ցուցանիշ էր: Փայլուն մրցաշրջանի շնորհիվ դի Վայոն հրավիրվեց Իտալիայի հավաքական, իսկ ևս մեկ տարի անց տեղափոխվեց «Յուվենտուս»: Այդուհանդերձ, հենց «Պարմայում» անցկացրած ժամանակահատվածը համարվում է լավագույնը Մարկոյի կարիերայում:
Դի Վայոն 2019 թվականից «Բոլոնյայի» սկաուտային բաժնի ղեկավարն է: