FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք Հայաստանի փոխչեմպիոն ու սուպերգավաթակիր «Արարատ-Արմենիային»:
1. Fastex Պրեմիեր լիգայում 7-րդ մրցաշրջանը հաջող էր «Արարատ-Արմենիայի» համար, որը Վարդան Մինասյանի գլխավորությամբ ակումբի պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն (նախկինում՝ 2021/22թթ.) ու սուպերգավաթակիր (նախկինում՝ 2019թ.):
33-րդ առաջնությունում թիմը վաստակեց 66 միավոր, ինչը հնարավոր միավորների 73,3 տոկոսն է: 2-րդ մրցանակակիրը 9 միավորով հետ մնաց չեմպիոն «Նոայից»: Անցկացրած 29 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» տոնեց 20 հաղթանակ, 3 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 6 պարտություն, խփած և բաց թողած գոլերի տարբերությունն է 72-28: Մեկ հաղթանակ էլ 3-0 հաշվով թիմի օգտին գրանցվել էր «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում:
Նախորդ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 36 հանդիպումներում վաստակած 75 միավորով արժանացել էր բրոնզե մեդալների: Հայաստանի կրկնակի չեմպիոնին միայն 2020/21թթ. առաջնությունում չի հաջողվել մրցանակակիր դառնալ՝ զբաղեցնելով 5-րդ տեղը:
2. «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում անցկացրած 15 հանդիպումներում վաստակեց 34 միավոր (11 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 42-13), ինչը հնարավոր միավորների 75,5 տոկոսն է: Տնային հանդիպումներում «Արարատ-Արմենիան» պարտվել է «Փյունիկին» (1-3), «Նոային» (0-1) և «Ուրարտուին» (1-2):
Հյուրընկալվելիս անցկացրած 14 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» իր օգտին գրանցեց 29 միավոր (9 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 30-15): Դա հնարավոր միավորների 69 տոկոսն է: 3 միավոր էլ թիմը վաստակեց «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում գրանցված տեխնիկական հաղթանակի շնորհիվ:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մրցակիցների դաշտում հաղթել է «Վանին»՝ 2-0, 3-2, «Գանձասարին»՝ 3-0, 4-0, «Վեստ Արմենիային»՝ 2-1, «Շիրակին»՝ 3-0, ԲԿՄԱ-ին՝ 4-2, «Փյունիկին»՝ 2-1 և «Ուրարտուին»՝ 3-0:
3. Հայաստանի գործող սուպերգավաթակիրն առաջնությունում 7 անընդմեջ հաղթանակ տոնեց ու կրկնեց 2018/19 և 2021/22թթ. ցույց տված իր լավագույն արդյունքը: Իսկ խոշոր հաշվով տարած 11 հաղթանակները ռեկորդային են թիմի պատմության մեջ: Նախկին ռեկորդը գրանցվել էր 2022/23թթ. առաջնությունում՝ 10: Թիմի պատմության մեջ 5-րդ անգամ «Արարատ-Արմենիան» առաջնությունում խոշոր հաշվով չպարտվեց:
Միջին արդյունավետությամբ էլ (2,48՝ 72 գոլ 29 խաղում) «Արարատ-Արմենիան» թիմային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով նախորդ առաջնության ցուցանիշը՝ 2,02 (73 գոլ 36 խաղում): Մեկ գնդակով բարելավվեց նաև խփած և բաց թողած գնդակների նախորդ առաջնության լավագույն ցուցանիշը, որը 33-րդ առաջնությունում կազմեց +44 (72-28):
Անցկացրած 29 հանդիպումներից միայն 3-ում («Նոա»՝ 0-1, 0-2, «Արարատ»՝ 0-0) «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, իսկ 13 խաղում թիմի դարպասն անառիկ մնաց: 2-րդ մրցանակակիրը 9 խաղ անընդմեջ անպարտելի մնաց, 13 խաղ շարունակ գրավեց մրցակիցների դարպասները:
4. Հոկտեմբերի 28-ին «Նոայի» հետ կայացած հանդիպումը Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 200-րդ խաղն էր: Հոկտեմբերի 22-ին «Շիրակի» դարպասը Տենտոն Յենեի խփած գոլը Fastex Պրեմիեր լիգայում թիմի հոբելյանական՝ 350-րդ գնդակն էր:
Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար էլ հոբելյանական էր նոյեմբերի 6-ին «Վեստ Արմենիայի» հետ կայացած հանդիպումը, որում «Արարատ-Արմենիան» 3-0 հաշվով հաղթանակ տարավ: Դա Մինասյանի գլխավորությամբ Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն էր:
Փորձառու մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո իր օգնականների հետ հեռացել է ակումբից: Նրա գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր, մեկական անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, առաջնության արծաթե և բրոնզե մեդալները:
Վարդան Մինասյանը բոլորից երկար՝ գրեթե 4 մրցաշրջան գլխավորել է «Արարատ-Արմենիան», որի օրոք թիմը ՀՀ առաջնություններում անցկացրած 116 հանդիպումներում 73 հաղթանակ է տոնել, 20 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 23 պարտություն, խփել է 231 գոլ, բաց է թողել 102 գնդակ:
5. «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է բոլորից շատ՝ 18 11մ հարված, որոնցից իրացվել է 14-ը: Թիմի օգտին նշանակված 9 հարվածներից իրացվել են 7-ը:
Մարիուս Նուբիսին դիպուկ է իրացրել 11մ 3 հարվածներն էլ՝ գրավելով արարատցի Տիագո Գոմեսի, փյունիկցի Ստանիսլավ Բուչնևի և «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի պաշտպանած դարպասները:
3 խաղ շարունակ 11մ հարված է կատարել Արթուր Սերոբյանը: Առաջին երկու հարվածները նա դիպուկ է իրացրել՝ խոցելով շիրակցի Դարկո Վուկաշինովիչի և «Վեստ Արմենիայի» դարպասապահ Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասները: Իսկ ահա բանակային Արման Ներսեսյանը հետ է մղել գնդակը:
Տենտոն Յենեն 11մ հարվածով գրավել է փյունիկցի Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը, իսկ ալաշկերտցի Գոռ Մանուկյանը հաղթող է դուրս եկել նիգերիացի ֆուտբոլիստի հետ մենամարտում: Մեկ դիպուկ հարված էլ կատարել է Ալեքսիս Ռոդրիգեսը՝ գրավելով Դանիիլ Պոլյանսկու («Վան») պաշտպանած դարպասը:
Թիմի դարպասին նշանակված 11մ 9 հարվածներից 7-ն է դարպասի գրավմամբ ավարտվել: «Գանձասարի» հետ խաղում Դանիլո Կուչերը հետ է մղել Սարգիս Շահինյանի հարվածը, իսկ Արսեն Բեգլարյանի դարպասին Բերտրան Մանիի հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին:
Ալաշկերտցի Բենիկ Հովհաննիսյանն ու արարատցի Մուսա Կանտեն խոցել են Դանիլո Կուչերի պաշտպանած դարպասը: «Վեստ Արմենիայի» հարձակվող Զախար Տարասենկոն ու փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն էլ գրավել են Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Առաջնության գարնանային հատվածում Հենրի Ավագյանի դարպասին նշանակված 11մ 3 հարվածներն էլ դիպուկ են իրացրել Բրունո Միշելն («Ուրարտու») ու փյունիկցիներ Յուսուֆ Օտուբանջոն և Էդգար Մալաքյանը:
6. «Արարատ-Արմենիան» առաջնության 2-րդ ամենաարդյունավետ թիմն է «Նոայից» հետո: Խփած 72 գոլերի հեղինակներ դարձան թիմի 13 ֆուտբոլիստներ: Ժոաո Կեյրուշը, Կարեն Մուրադյանը, Մարիուս Նուբիսին, Էրիկ Օկանսին և Հովհաննես Հարությունյանը բացեցին գոլերի հաշիվն «Արարատ -Արմենիայում»:
Առաջնությունում առավել արդյունավետ գործեց Մարիուս Նուբիսին՝ խփելով 18 գոլ: Նա կրկնեց թիմի նախկին հարձակվողներ Մաիլսոն Լիմայի (2021/22թթ.) և Մոհամեդ Յատարայի (2023/24թթ.) մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Կամերունցի ֆուտբոլիստի հաշվին 3 հեթ-տրիկ գրանցվեց՝ երկուսն՝ «Արարատի», մեկը՝ «Ուրարտուի» հետ խաղերում:
Նուբիսիին ընդամենը մեկ գնդակով զիջեց Տենտոն Յենեն, որն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Նախորդ առաջնությունում նա 16 գոլի հեղինակ էր դարձել: Նիգերիացի հարձակվողը 43 գնդակով դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» պատմության գլխավոր ռմբարկուն՝ 10 գոլով գերազանցելով Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը: Բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակով էլ (47) Տենտոնն ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն է՝ կրկին գերազանցելով Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 41 գոլ է գրանցված:
Առաջնության գարնանային հատվածում 25-ամյա Տենտոնը 8 գոլ խփեց, որի շնորհիվ գերազանցեց թիմի նախկին հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզայի և իր ներկայիս խաղընկեր Ջոնաթան Դուարտեի արդյունավետության տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում 7-ական գոլ էին խփել:
7. Կարեն Մուրադյանը բացելով գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայում», ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում թիմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Գանձասարի» դարպասը գրավելով 32 տարեկան 20 օրականում: Նա ցանկից դուրս մղեց թիմի նախկին ֆուտբոլիստ Մոհամեդ Յատարային, որն իր վերջին գոլն «Արարատ-Արմենիայում» խփել էր 30 տարեկան 293 օրականում:
Թիմի կազմում Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի քանակով (119) 32-ամյա Մուրադյանը գերազանցեց Ալեմաոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Արարատ-Արմենիայում» բոլորից շատ՝ 97 խաղ էր անցկացրել:
8. Թիմի դարպասի պաշտպանությունը վստահվել էր 3 դարպասապահի: Դանիլո Կուչերն անցկացրած 13 հանդիպումներում 10 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,76 գոլ), 7 խաղում դարպասն անառիկ պահեց: Առաջնության աշնանային հատվածում ուկրաինացի 27-ամյա դարպասապահը 380 րոպե շարունակ դարպասն անառիկ պահեց ու գերազանցեց Անդրիա Դրագոևիչի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2018թ. «Փյունիկում» 379 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:
Արսեն Բեգլարյանը 7 խաղում 9 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,28 գոլ), 3 խաղում դարպասն անառիկ պահեց: Գարնանը թիմին միացած Հենրի Ավագյանն անցկացրած 10 խաղում 9 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,9 գոլ), 4 խաղում դարպասն անառիկ պահեց:
9. «Արարատ-Արմենիայում» ամենատարեցը 32-ամյա Կամո Հովհաննիսյանն ու Կարեն Մուրադյանն էին: Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 20-ամյա Մեթյու Գբոմադուն էր:
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (317) ամենափորձառուն Կարեն Մուրադյանն էր:
Իսկ «Արարատ-Արմենիայում» ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (170) ռեկորդակիրը թիմի ավագ Արմեն Համբարձումյանն էր: Նա դարձավ թիմի կազմում պաշտոնական մրցումներում 200 խաղի սահմանագիծը հատած առաջին ֆուտբոլիստը: Համբարձումյանն այդ հոբելյանը նշեց նոյեմբերի 27-ին «Ալաշկերտի» հետ կայացած խաղում: «Արարատ-Արմենիայի» ավագը թիմի կազմում խփած գոլերի քանակով (15) ընդգրկվեց ռմբարկուների լավագույն տասնյակում:
Ալվին Թերան էլ դարձավ «Արարատ-Արմենիայում» ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ (114) անցկացրած այլազգի ֆուտբոլիստը: Նա գերազանցեց Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը՝ 102 խաղ:
10. Առաջնության 29 հանդիպումներում Վարդան Մինասյանը խաղադաշտ դուրս բերեց 25 ֆուտբոլիստների, որոնցից 13-ը լեգեոնականներ էին:
6 ֆուտբոլիստներ՝ Դանիլո Կուչերը, Ժոաո Կեյրուշը, Ալեքսանդր Պավլովեցը, Մարիուս Նուբիսին, Էրիկ Օկանսին և Հենրի Ավագյանը նորամուտը նշեցին թիմի կազմում:
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները 60 անգամ զգուշացվել են, Մարիուս Նուբիսին, Ամոս Նոնդին, Ժոաո Կեյրուշը և Խոսե Ժունիոր Բուենոն մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 10 անգամ պատժվել է Ժոաո Կեյրուշը՝ արժանանալով 1 կարմիր և 9 դեղին քարտերի:
FastNews-ը ներկայացնում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Արմեն Համբարձումյան |
29 |
6 |
3 |
2. Տենտոն Յենե |
28 |
17 |
3 |
3. Կարեն Մուրադյան |
27 |
1 |
7 |
4. Մարիուս Նուբիսի |
26 |
18 |
4 (1) |
5. Մեթյու Գբոմադու |
26 |
6 |
- |
6. Ժոաո Կեյրուշ |
26 |
1 |
9 (1) |
7. Էդգար Գրիգորյան |
26 |
- |
3 |
8. Էրիկ Օկանսի |
25 |
4 |
2 |
9. Ալվին Թերա |
25 |
3 |
2 |
10. Հովհաննես Հարությունյան |
23 |
2 |
3 |
11. Կամո Հովհաննիսյան |
23 |
- |
1 |
12. Խոսե Ժունիոր Բուենո |
22 |
- |
3 (1) |
13. Ջոնաթան Դուարտե |
21 |
3 |
5 |
14. Ամոս Նոնդի |
21 |
- |
3 (1) |
15. Ալեքսիս Ռոդրիգես |
15 |
4 |
3 |
16. Արթուր Սերոբյան |
15 |
2 |
1 |
17. Ալեքսանդր Պավլովեց |
13 |
- |
4 |
18. Դանիլո Կուչեր |
13 |
-10 |
1 |
19. Ժիրայր Շաղոյան |
12 |
5 |
2 |
20. Հենրի Ավագյան |
10 |
-9 |
- |
21. Հակոբ Հակոբյան |
10 |
- |
1 |
22. Արսեն Բեգլարյան |
7 |
-9 |
- |
23. Նարեկ Ալավերդյան |
6 |
- |
- |
24. Ռոմերսիո |
4 |
- |
- |
25. Միշել Այվազյան |
1 |
- |
- |