Logo

«Հայրիշխանություն»․ Ռուզաննա Մանուչարյանի և Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ ներկայացումն արդեն բեմում է

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:11 / 24.05.2025Լուրեր
null

Մայիսի 23-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կայացավ «Հայրիշխանություն» ներկայացման առաջնախաղը՝ դրամա 1 գործողությամբ։ Պիեսի հեղինակը և բեմադրիչը Նարեկ Մանուչարյանն է։ Դերերում Կարեն Հովհաննիսյանն ու Ռուզաննա Մանուչարյանն են, զգեստների նկարիչը՝ Մարինե Թադևոսյանը։ ««Հայրիշխանություն» ասվածը Աստծո գերակայության մասին է։ Ներկայացումը տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին է, երբ յուրաքանչյուրն այդ հարաբերություններում ունենում է սահմաններ և դիմացինը փորձում է անցնել դա։ Տևողությունը 1 ժամ 15 րոպե է։ Փորձել ենք հանդիսատեսին հնարավորինս լարված պահել։ Հանել ենք որոշ տեսարաններ, որոնք, գուցե, հավելյալ տեղեկություն կփոխանցեին, բայց ներկայացման տեմպին կխանգարեին։ Ըստ իս՝ ստացել ենք շատ կոմպակտ ու հետաքրքիր ներկայացում, որը պատմում է Ադամի և Եվայի, այսինքն՝ սկզբի մասին, և, թե ինչպես է այդ շրջափուլն անընդհատ կրկնվում», - նշել է Նարեկ Մանուչարյանը։

«Այս ներկայացումը կարիերայիս կարևորագույն աշխատանքներից է։ Տարիներ անց կրկին բեմում եմ, զուգահեռ առաջին պրոդյուսերական աշխատանքս է։ Այս ներկայացումը կյանքի կոչելու ճանապարհը լի էր խոչընդոտներով, խնդիրներով, բայց սերը հաղթեց։ Այն, ինչ զգացել ենք ամիսներ շարունակ աննկարագրելի է: Ահռելի մեծ աշխատանք ենք կատարել։ Աշխատել է բարձրակարգ և պրոֆեսիոնալ թիմ։ Սա այն էր, ինչի մասին տարիներ շարունակ լուռ երազել եմ։ Ամեն ինչ սկսվեց 2024-ին, երբ ընկերոջս՝ Նարեկ Մանուչարյանին ասացի. «Նար, շատ եմ ուզում լինել բեմում, մի բան գրի խաղամ»։ Երբ պիեսը ամբողջությամբ պատրաստ էր, կարդացի ու չհավատացի, որ նման խոր ասելիքով, անիրական պիես է գրել։ Սիրահարվեցի, ու սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։ Առանց ինձ օգնող ու աջակցող մարդկանց ոչինչ չէր ստացվի: Այնքան շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ինձ հավատալու և ձեռք մեկնելու համար», - գրել է Ռուզաննա Մանուչարյանը։

«Կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան ներկայացումը, կլինեն մարդիկ՝ չեն հասկանա, քանի որ այն հասկանալու համար որոշակի բազա է պետք։ Ներկայացումը առօրյա խոսակցական լեզվով չէ։ Այն հավասարափաչ և՛ կանանց համար է, և՛ տղամարդկանց։ Պատմությունը ներկայացված է 2 անհատով, բայց այն յուրաքանչյուր մարդու մասին է։ Այս ներկայացումում ինձ համար ամենակարևորն այն է, որ ինչ-որ քայլերով մոտենում ենք Աստծոն։ Շատ մարդիկ դա անում են եկեղեցի գնալով, Աստվածաշունչ կարդալով, իսկ մենք՝ այս ներկայացմամբ», - անկեղծացել է Կարեն Հովհաննիսյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ