Լեգենդար իտալահայ քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը սոցցանցերում գրառում է կատարել` հայտարարելով, որ նոյեմբերին իր կարիերայի վերջին մենամարտը կանցկացնի:
«Շաբաթ երեկոյան ես պաշտպանեցի իմ Wako Pro աշխարհի չեմպիոնական տիտղոսը։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես գոհ չեմ իմ մենամարտից, բայց միշտ չէ, որ ընթանում են ըստ ծրագրածի, հակառակ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլիներ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր ինձ հետ էին նախապատրաստական շրջանում: Պետք է ասեմ, որ ուրախ եմ, որ կողքիս իսկական մասնագետների խումբ կա: Կարող էի հազար անուն կիրառել գրառմանս մեջ, բայց նախընտրում եմ դա չանել, քանի որ վախենում եմ, որ ինչ որ մեկին կմոռանամ։
Ես մենամարտում եմ 16 տարեկանից և չէի կարծում, որ այս պահն այդքան արագ կգա: Պետք է ասեմ, որ այս մենամարտն իմ կարիերայում նախավերջինն էր։ Ես միշտ պայքարել եմ առանց բողոքի՝ չնայած բոլոր վնասվածքներին և այս 23 տարիների ընթացքում ինձ անընդհատ ուղեկցող մյուս խնդիրներին։
Ինձ համար էլ տարիներն անցնում են. դեկտեմբերին ես 40 տարեկան կդառնամ: Ուստի որոշեցի կյանքիս վերջին մենամարտն անցկացնել նոյեմբերի 22-ին Միլանի PetrosyanMania on the Cloud of Alliance-ում։
Հուսով եմ՝ սա ոչ միայն մի դարաշրջանի ավարտ է (կամ լեգենդի, չեմպիոնի. ինչպես էլ որոշեք ինձ անվանել), այլև ուզում եմ, որ սա նոր սկիզբ լինի, հատկապես իտալացի մարզիկների համար, որոնք կարող են բարձր պահել դրոշը, ինչպես ես եմ արել այս բոլոր տարիներին։ Ես ճանապարհորդել եմ աշխարհով մեկ այս մարզաձևում, մենամարտել ամենահեղինակավոր ռինգերում, հաղթել եմ մենամարտեր և նվաճել եմ բոլոր հնարավոր գոտիները և բախվել եմ մոլորակի բոլոր ուժեղագույն մարզիկներին՝ երբեք չհանձնվելով։
Հիմա մի փոքր կհանգստանամ: Շուտով կհանդիպենք։
Ջորջիո»,- գրել է 39-ամյա Ջորջիոն:
Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում քիքբռնցքամարտի 7 հեղինակավոր տիտղոս է նվաճել, որոնք պաշտպանել է մի քանի անգամ: Նա անցկացրել է 115 մենամարտ, տարել 108 հաղթանակ: