Այսօր լրանում է հայ թատրոնի ու կինոյի անզուգական դեմքերից մեկի՝ Խորեն Աբրահամյանի մահվան տարելիցը։
Խորեն Աբրահամյանը հայկական բեմի և կինոյի այն արվեստագետներից էր, որոնց ստեղծագործական կերպարը միաժամանակ ազգային և համամարդկային հնչեղություն ուներ։ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասանն իր վարպետությամբ կերտում էր այնպիսի կերպարներ, որոնք մինչ օրս թատրոնի պատմության անբաժան մասն են:
Կինոյում Աբրահամյանը դարձավ հայկական էկրանի խորհրդանիշներից մեկը. «Սարոյան եղբայրներ», «Նահապետ», «Հայրենիք», «Մենք ենք, մեր սարերը» և այլն։ Նա կարողանում էր կերպար կերտել նույնիսկ առանց բառերի ՝ շարժումով, հայացքով և նույնիսկ լռությամբ։

Ռեժիսոր, հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930 ապրիկի 1-ին Երևանում: Երբ Խորենի հորը հայտնել են որդի ունենալու մասին լուրը, նա չի հավատացել և կարծել է, թե դա ապրիլմեկյան կատակ է:
Դեռ մանկուց սիրել է արվեստը. հաճախել է ջութակի դասերի, նկարչական խմբակ, ավարտել է պարարվեստի ուսումնարանը: Դերասանական կրթություն է ստացել Երևանի պետական գեղարվեստաթաթերական ինստիտուտում:
1948 թվականին ընդունվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, սկզբում որպես դերասան, ավելի ուշ՝ գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար: Զուգահեռ աշխատել է նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Խորեն Աբրահամյանը խաղացել է 200 մեծ և փոքր դերեր հայ և արտասահմանյան բեմերում, բեմադրել 40 թատերգություն, նկարահանվել 64 ֆիլմերում։
Խորեն Աբրահամյանը մահացել է 74 տարեկան հասակում: Նրա մահը մեծ կորուստ էր հայկական մշակույթի համար, բայց թողած ժառանգությունը շարունակում է ապրել՝ ներշնչելով նոր սերունդներին։ Բեմադրությունները, կինոդերերը, նրա ստեղծագործական կյանքի մասին պատմող վկայություններն այսօր էլ ուսումնասիրվում են երիտասարդ դերասանների և ռեժիսորների կողմից: Խորեն Աբրահամյանը մնացել է և կմնա այն վարպետներից մեկը, ում արվեստը ժամանակից դուրս է․ արդիական, պահանջված և միշտ հարազատ հայ հանդիսատեսին։


