
- Պատմությունը մշտապես եղել է ինչ–որ մեկի պատմությունը: Արվեստի գործերը օդից չեն ծնվում, դրանք մարդկային կյանքի բեկորներ են, ուստի և ապրում են սեփական կյանքով: Մարդկային կյանքը դրամա է, նշանակում է՝ ցանկացած պատմություն զուրկ է մեթոդաբանական ամուր հիմնավորումից, եթե չի բացահայտում խորքային սյուժեն…
- Անտիկ հոգեբանությունը ենթադրում է, որ անհատն ունի գեղեցկության ապրիորի իդեալ՝ մեր դեպքում՝ կնոջ դեմքի իդեալ, որը նա հագցնում է այն իրական դեմքին, որին նայում է:
- Չիմանալով, թե կանացի կատարյալ գեղեցկությունը ինչ է իրենից ներկայացնում, տղամարդն այն փնտրում է պատանեկությունից մինչև խոր ծերություն: Իսկ եթե նախօրոք իմանայինք ինչ է դա, ապա կյանքը կկորցներ իր լավագույն զսպանակներից մեկն ու դրամատիզմի մեծ մասը:
- Գեղեցկության յուրաքանչյուր տարատեսակի շրջանակներում ես տեսնում եմ անսահմանափակ թվով տարբերակների գոյության հնարավորությունը: Դա նշանակում է, որ իդեալական տարատեսակների քանակը ստիպված պիտի այնքան բազմապատկեինք, որ նրանք կորցնեին իրենց տեսակային բնույթը:
- «Յուրաքանչյուր կին գեղեցիկ է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը չի ապացուցված»: Դրան ավելացնենք. գեղեցիկ է մեր կողմից չնախատեսված գեղեցկությամբ:
- Դարեր շարունակ, երբ պարզկա գիշերը վառում է իր կրակները կապույտ մշուշում, հեթանոսն հառում է հայացքը երկինք և տեսնում, որ Աղեղնավորն արձակում է իր նետը աղեղից, Կասիոպեն մոլեգնում է, Կույսը սպասում, իսկ Օրիոնը պաշտպանվում է Ցուլից իր ալմաստե վահանով:
- Մեզանից յուրաքանչյուրն իր անխզելի և բացառիկ պարտքն ունի: Իմ վարքը կառավարելու համար Կանտն ինձ չափանիշներ է առաջադրում. միշտ ցանկանալ այն, ինչ ցանկանում են ուրիշները: Բայց չէ՞ որ դա ամորձատում է իդեալը՝ վերածելով նրան իրավաբանական կուռքի և ոչ մի դիմագիծ չունեցող դիմակի: Ես սրտանց ցանկանում եմ լոկ այն, ինչ անձամբ ես եմ ցանկանում:
- Այո՛, ամեն մի գիրք նախ մտահղացում է և ապա դրա մարմնավորումը, որը չափվում է հենց նույն այդ մտահղացմամբ: Ստեղծագործությունն ինքն է մեզ բացահայտում իր նորման և իր արատները: Եվ մեծագույն անհեթեթություն կլիներ մի գրողին չափանիշ սարքել մյուսի համար:
- Ես ստիպված պիտի լինեմ պնդել, որ իսկապես ժամանակակից է հանդիսանում այն արվեստը, որն արվեստ չի հանդիսանում. այս խոստովանությունը մենք պետք է ելակետ ընդունենք, եթե այսօր իսկական արվեստ ստեղծելու և այն վայելելու մտադրություն ունենք:
- Այլ կերպ ասած՝ անցյալի արվեստը իսկական իմաստով արվեստ է մնում այնքանով, որքանով նաև ժամանակակից արվեստ է հանդիսանում, այսինքն՝ որքանով որ դեռևս մնում է բեղմնավոր և նորարարական: Իսկ պարզապես անցյալի վերածվելով՝ արվեստն այլևս, կարճ ասած, գեղագիտորեն չի ներգործում մեզ վրա. ընդհակառակը, այն մեր մեջ «հնագիտական » կարգի զգացմունքներ է բորբոքում: Հանուն արդարության ասենք, որ նման զգացմունքներն էլ կարող են մեծ բավականություն պատճառել, սակայն հազիվ թե ի վիճակի լինեն փոխարինել իսկական գեղագիտական վայելքին: Անցյալի արվեստն այլևս արվեստ «չէ», այն արվեստ «եղել է»:
- Անցյալի հետ մեր հարաբերությունները թափանցիկ ու աղոտ են, հետևաբար, նրանց մեջ ոչ մի բան իսկական չէ՝ ո՛չ սերը, ո՛չ ատելությունը, ո՛չ հաճույքը, ո՛չ վիշտը:
- Երեխան ապագան է: Ահա, ուրեմն, չկարողանալով նրա հետ առնչվել ոչ նրա և ոչ էլ քո մակարդակով, ինքներս ենք մեքենայաբար վերածվում երեխայի` այն աստիճան, որ անգիտակցաբար փորձում ենք նմանակել մանկան թոթովանքը, նրբացնում և գեղեցիկ ձայնով ենք սկսում խոսել:
- Մենք հարկադրված ենք սեփական խնդիրները լուծել առանց անցյալի եռանդուն օգնության. բացարձակ ակտուալիզմով, լինեն դրանք արվեստի, գիտության թե քաղաքականության խնդիրներ: Եվրոպացին մնաց միայնակ, նրա կողքին չկան նրանք, ովքեր պատմության «գետի մեջ սուզվեցին»:
Թարգմանությունն իսպաներենից՝ Հովհաննես Գրիգորյանի
«Զանգակ» հրատարակչություն, 2019