Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում հյուրընկալվել է անգլիական «Չելսիին» և առաջին խաղակեսից հետո պարտվում է 0-6 հաշվով:
Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում ընթացող հանդիպման մեկնարկային երեք րոպեներն անցան հայկական թիմի առավելությամբ: Երկրորդ րոպեին էլ «Նոայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիոն մոտ տարածությունից հարվածեց, սակայն ուղիղ կենտրոնով, «Չելսիի» դանիացի դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենը կրծքով հեռացրեց գնդակը:
Այնուամենայնիվ, րոպեներ անց «Չելսին» սկսեց խաղադաշտում ի ցույց դնել թիմերի մակարդակների հսկայական տարբերությունը: 12-21-րդ րոպեներին իտալացի Էնցո Մարեսկայի թիմը չորս գոլ խփեց, դարպասի գրավմամբ աչքի ընկան անգլիացի պաշտպան Տոսին Ադերաբիոյոն, իսպանացի հարձակվող Մարկ Գիուն, ֆրանսիացի պաշտպան Աքսել Դիսասին, պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը: 39-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով շքեղ գոլ խփեց Ուկրաինայի հավաքականի վինգեր Միխայիլ Մուդրիկը, իսկ երկու րոպե անց Ֆելիքսը դուբլ ձևակերպեց:
Ի դեպ, երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը:
Ընդհանուր առմամբ` առաջին խաղակեսում անգլիական թիմի ֆուտբոլիստները կատարեցին 15 հարված, 9-ը` դիպուկ, պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը 6 հարված կատարեց, 3-ը` դիպուկ:
Առաջին խաղակեսի բոլոր գոլերի տեսանյութերը:
Խաղը ցուցադրվում է Fast Sports-ի ուղիղ եթերում: