Logo

Կոնֆերենցիաների լիգա. Կկայանա՞ արդյոք ռևանշը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:47 / 17.07.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հուլիսի 17-ին «Փյունիկը» և «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները կանցկացնեն: Երկու թիմերն էլ պարտությամբ մեկնարկեցին: «Ուրարտուն» սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեց բելառուսական «Նեմանին», իսկ «Փյունիկը» Սան Մարինոյում նվազագույն հաշվով զիջեց «Տրե Ֆիորիին»: Ի դեպ, Նիկոլաս Կալուկյանի գոլը 100-րդն էր հայկական ակումբների համար Կոնֆերենցիաների լիգայում անցկացրած 72 հանդիպումներում:

Կհաջողվի՞ արդյոք հայկական ակումբներին պատասխան հանդիպումներում ռևանշի հասնել մրցակիցների նկատմամբ ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Հատկապես բարդ է «Ուրարտուի» խնդիրը, որը մրցակցի հետ խաղալու է չեզոք դաշտում՝ Հունգարիայում: Նաև պետք է հաշվի առնել եվրագավաթներում թիմի ընդհանուր ելույթների վատ վիճակագրությունը:

«Փյունիկը» եվրագավաթների նախորդ խաղարկություններում մրցակիցների հետ երկխաղյա դիմակայությունը 21 անգամ պարտությամբ է սկսել: Պատասխան հանդիպումներից 12-ում փյունիկցիները կրկին պարտվել են, 3-ում գրանցվել է ոչ-ոքի և միայն 6 անգամ են հաղթել: Ընդ որում հաղթական 6 հանդիպումներից միայն 3-ի արդյունքներն են թույլ տվել «Փյունիկին» հաղթահարելու մրցակցի արգելքն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու:

2012/13թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Փյունիկը» հյուրընկալվելիս Չեռնոգորիայի «Զետային» 0-3 հաշվով պարտվելուց հետո պատասխան խաղում հաղթեց 2-1 հաշվով, ինչը բավարար չէր հաջորդ փուլ դուրս գալու համար:

2015/16թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում էլ Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեին» փյունիկցիները մրցակցի դաշտում զիջել էին 0-5 հաշվով: Ուստի նվազագույն հաշվով տնային հաղթանակը ոչինչ չէր կարող փոխել:

2016/17թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում «Փյունիկն» առաջին խաղում հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ էր ընդունել Ջիբրալթարի «Եվրոպայից»: Փյունիկցիներին կրկին չհաջողվեց հաջորդ փուլ մտնել, քանի որ տանը հաղթեց ընդամենը 2-1 հաշվով:

2018/19թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում վերջապես ռևանշը կայացավ: Որակավորման 2-րդ փուլում ղազախական «Տոբոլին» հյուրընկալվելիս զիջելով 1-2 հաշվով, «Փյունիկը» սեփական դաշտում Մոհամեդ Կոնատեի խփած միակ գոլի շնորհիվ ռևանշի հասավ: Այն ժամանակ գործող կարգի համաձայն, «Փյունիկը» մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

2022/23թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում փյունիկցիները սեփական դաշտում նվազագույն հաշվով անսպասելի պարտություն կրեցին Լյուքսեմբուրգի «Դյուդելանժից»: Սակայն պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ու մտավ հաջորդ փուլ:

Նախորդ մրցաշրջանում էլ փյունիկցիները 2024/25թթ. Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» արտագնա խաղում 1-2 հաշվով զիջելուց հետո սեփական դաշտում հաղթել էին 3-1 հաշվով ու շարունակել էին պայքարը մրցաշարում:

Հուսանք, որ «Տրե Ֆիորիի» հետ այսօր կայանալիք խաղում էլ փյունիկցիներին կհաջողվի ռևանշի հասնել ու Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի ուղեգիր նվաճել:

«Ուրարտուն» եվրագավաթների նախորդ խաղարկություններում մրցակիցների հետ երկխաղյա դիմակայությունը 15 անգամ է պարտությամբ սկսել: Պատասխան հանդիպումներից 10-ում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կրկին պարտվել են, մեկում գրանցվել է ոչ-ոքի և միայն 4 անգամ են հաղթել: Ընդ որում հաղթական 4 հանդիպումներից միայն մեկի արդյունքն է բավարար եղել մրցակցի արգելքը հաղթահարելու և հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար:

Դա տեղի է ունեցել 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Առաջին խաղում «Բանանցը» սեփական դաշտում 2-3 հաշվով պարտվեց Թբիլիսիի «Լոկոմոտիվին»: Երկու շաբաթ անց Թբիլիսիում կայացած խաղում «Բանանցն» Արամ Հակոբյանի և Արա Խաչատրյանի խփած գոլերի շնորհիվ հաղթեց ու մտավ հաջորդ փուլ:

Իսկ ահա հաջորդ 3 հաղթական խաղերը թիմին ուղեգիր չեն պարգևել: 2009/10թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունը «Բանանցը» սկսել էր բոսնիական «Շիրոկի Բրիեգից» սեփական դաշտում 0-2 հաշվով կրած պարտությամբ: Հյուրընկալվելիս հայկական թիմը հաղթեց նվազագույն հաշվով:

2014/15թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բանանցը» չհաղթահարեց Անդորրայի «Սանտա Կոլոմայի» արգելքը (0-1, 3-2), իսկ 2023/24թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում բոսնիական «Զրինսկու» հետ մրցավեճի ելքը վճռվեց հետխաղյա 11մ հարվածաշարում( 0-1, 3-2, 3-4`11մ):

Հատկապես դրամատիկ պայքարում ընթացավ Անդորրայի չեմպիոնի հետ երևանյան պատասխան հանդիպումը: «Բանանցը» մեծ առավելություն ուներ և արդեն 56-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 3-1 հաշվով, ինչը թիմին հաջորդ փուլի ուղեգիր էր ապահովում: Սակայն դաշտի տերերը չկարողացան պահպանել իրենց ձեռնտու հաշիվը: Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին «Բանանցի» տուգանային հրապարակում հայտնված մրցակցի դարպասապահ Կասալսը 2-րդ գոլը խփեց ու իր թիմին հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց:

Ինչպիսին կլինի մրցակցի նկատմամբ ռևանշի հասնելու ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու «Ուրարտուի» հերթական փորձը, ցույց կտա Հունգարիայում կայանալիք այսօրվա հանդիպումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ