«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել «Ինտեր», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Իսպանացին, որը նախորդ կես մրցաշրջանը վարձակալական հիմունքով անցկացրեց «Ասթոն Վիլայում», չի մտնում փարիզցիների ծրագրերի մեջ:
Հնարավոր գործարքը կարող է արժենալ 10-12 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ նոր ակումբ են փնտրում իսպանացու համար: «Ինտերը» 2023 թվականին և այս տարվա հունվարին նույնպես ցանկացել է ձեռք բերել Ասենսիոյին, սակայն երկու դեպքում էլ գործարքն իրականություն չի դարձել:
Այս պահին հիմնական խոչընդոտն աշխատավարձի չափն է: Ասենսիոն ՊՍԺ-ում ստանում է տարեկան 8 միլիոն եվրո և «Ինտեր» տեղափոխվելու համար ստիպված է համաձայնել աշխատավարձի կտրուկ նվազման:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ասենսիոյին ցանկանում է հրավիրել նաև «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: