«Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ ու երջանիկ:
Ես գրեթե երջանիկ եմ:
Միայն, ափսոս, ոչ ոք սիրտը գրպանում չի պահում»:
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում՝ հայազգի խոհարար Գեորգի Ենգիբարովի (եղել է «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարը) և ռուս Անտոնինա Անդրիանովնայի ընտանիքում։ Դա եղել է Գեորգի Ենգիբարովի երրորդ ամուսնությունը․ Լեոնիդը ունեցել է երկու ավագ եղբայր (հոր նախորդ երկու ամուսնություններից)՝ Միխայիլը, որը հայտնի քանդակագործ է դարձել Օդեսայում, և Հրաչյա Ղափլանյանը, որը հետագայում դարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր[։ Գրեթե ամբողջ կյանքում Լեոնիդ Ենգիբարյանն ապրել է Մարյինա Ռոշչայում գտնվող մեկհարկանի հին փայտե տանը։
1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։
1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես»:
Բոլոր ժամանակների ուրախ եւ տխուր ծաղրածուն ապրեց ընդամենը 37 տարի, բայց հասցրեց անել այն, ինչ շատերին բախտ չի վիճակվում անել մի ամբողջ կյանքի ընթացքում:
Ենգիբարյանը կարեւոր է համարել խոսել ծաղրածուի իր մասնագիտության մասին. «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպե՞ս կարելի է ծաղրածու դառնալ։ Ասել, որ դրա համար անհրաժեշտ է մեծ աշխատասիրություն, որ հարկավոր է կատարելապես տիրապետել կրկեսային տեխնիկային, հարկավոր է լինել մարմնամարզիկ, ձեռնածու, լարախաղաց, նշանակում է կրկնել հանրահայտ ճշմարտությունները։ Այս դեպքում, երևի, ամենահարմարը անձնական փորձը ներկայացնելն է, սեփական սխալներն ու բացթողումները հիշելը։
Բայց նախ հարկ է պատմել, թե ինչպես ստեղծվեց ծաղրածուական այն դիմակը, որով այսօր ես ասպարեզ եմ մտնում։
Ծաղրածուական կերպարի ստեղծումը այդ արվեստի ամենաբարդ խնդիրն է։ Կինոյի, թատրոնի և նույնիսկ էստրադայի դերասանը անհամեմատ ավելի նախընտրելի վիճակում է. նրա հերոսի կերպարն ու բնույթը հեղինակի տեքստում արդեն կանխորոշված է։ Ծաղրածուն ինքն է իր հերոսի հեղինակը։ Բայց ինչի՞ց սկսել։ Իմ առաջ ծառանում էին ամենատարբեր հարցեր։ Օրինակ, ասենք, իմ հերոսը ունենալու է ծաղրածուական շպար։ Ես մտովի ընտրում էի հանրահայտ ծաղրածուների շպարներն ու դիմակները։ Ինձ հատկապես գրավում էր Գրոկի դիմակը՝ սպիտակ դեմք և ճաղատ գլուխ, մանավանդ Մարսել Մարսոյի շնորհիվ սպիտակ շպարը մոդայիկ էր դարձել։ Բայց ծանրութեթև անելուց հետո հրաժարվեցի շպարվելու մտքից ու որոշեցի իմ հերոսին կոչել Լեոնիդ Ենգիբարյան ու հենց ինձ ներկայացնել։ Իմ հերոսը լինելու էր տասնութ-քսան տարեկան տղա, որի կենսագրությունը որոշ չափով նման է իմին։ Նա ևս ծնվել ու հասակ է առել մեծ քաղաքում և ինչ-որ չափով խամրել են նրա վառ արտահայտված ազգային գծերը, թեև նա ծագումով ակնհայտորեն հարավցի է։ Ես ջանում էի լավ հասկանալ, թե ի՞նչ մարդ է իմ հերոսը, ի՞նչ է սիրում և ի՞նչ չի սիրում, ինչո՞վ է ապրում, ի՞նչ հակումներ ու աշխարհայացք ունի։ Ես նրան օժտեցի մանկական հետաքրքրասիրությամբ և հարցասիրությամբ։ Այդ հետաքրքրասիրությունը նրան հաճախ մղում է չմտածված քայլերի, որը մեծացնում է ծիծաղելի թյուրիմացությունների հնարավորությունը։ Բայց հերոսի բնավորության կոմիկական գիծը հարկավոր էր խորացնել։ Ուրեմն նա համեստ մարդ է լինելու և կրկեսային բոլոր համարները կրկնելու է՝ նշանակություն չտալով իր արածին։ Իմ ապագա հերոսի բնավորությունը կամաց–կամաց պարզվում էր։ Նա կոմիկական դրական հերոս է և բարի ծիծաղ է հարուցում։ Նաև ասպետ է՝ միշտ պատրաստ պաշտպանելու թույլերին և կանանց։ Ու թեև ֆիզիկապես թույլ է, բայց հոգով ուժեղ մարդ է։
Ինձ շատ է դուր գալիս երբեք չհոգնող թափառաշրջիկ Չարլին։ Բայց ես որոշեցի, որ Լեոնիդը թափառաշրջիկ չպիտի լինի, այլ սիրող մայր ունեցող տղա։ Նախքան որդու ասպարեզ մտնելը մայրն արդուկում է նրա շորերը, հոգատարությամբ մաքրում գլխարկը, ուղղում վերնաշապիկը։
Ես, հասկանալի է, հրաժարվեցի նաև Չապլինի կերպարին հատուկ ողբերգական երանգներից, միայնություն, մերժվածություն։ Իմ հերոսն, իհարկե, թախծում է, բայց քանի որ կրկեսում թախիծը հազվագյուտ բան է, գրախոսներն ինձ կոչեցին «ծաղրածուն՝ աշունը սրտում»։
«Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մեկ ուրիշ դիմակ էլ է լինում»: