Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը եզրափակիչի ուղեգիր նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 9-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի նկատմամբ:
Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10-0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուշ Լուշինսկիին, իսկ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ:
Երեք գոտեմարտերում հայ ըմբիշը միավոր չի տվել մրցակիցներին՝ 24-0: Մարտի 18-ին կայանալիք եզրափակիչում Հայկ Պապիկյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս չորս ներկայացուցիչները պարտություն են կրել։
Էդիկ Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 2-3 հաշվով պարտվել է թուրք Թոլգա Օզբեկին, որը հասել է եզրափակիչ՝ Հայաստանի ներկայացուցիչին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալի համար։ Մարտի 18-ին Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի լեհ Ռոման Շչևցի հետ։ Հաղթողը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նուրադին Նովրուզովի հետ։
Տիգրան Ղազարյանը (65 կգ) նույնպես պայքարը սկսել է քառորդ եզրափակիչ, որտեղ 5-8 հաշվով պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Զոպալիին ու լքել պայքարը։
Նարեկ Գրիգորյանը (79 կգ) որակավորման փուլում 4-0 հաշվով հաղթել է իսպանացի Գաբրիել Ռամոսին, սակայն քառորդ եզրափակիչում 4-14 հաշվով պարտվել է հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Մարտի 18-ին Գրիգորյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովի հետ։
Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) որակավորման փուլում 1-6 հաշվով պարտվել է մոլդովացի Ռադու Լեվտերին, որն էլ հաջորդ գոտեմարտում 1-11 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Օքթայ Սիֆթչին: