Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանը ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է երկու հաղթանակով։
Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Մոնպելյեն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Տրուայի» նկատմամբ (տեսանյութ)։ Հյուրերի հաղթական գոլն 90-րդ րոպեին խփել է թունիսցի հարձակվող Վահբի Հազրին։ 67-րդ րոպեին «Տրուան» մնացել է 10 խաղացողով, սակայն 6 րոպե անց կարմիր քարտ է ստացել նաև «Մոնպելյեն»։
Նախորդ տուրում «Մոնպելյեն» Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ 3-0 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Բրեստի» նկատմամբ։ Լիգա 1-ի 24-րդ տուրից հետո «Մոնպելյեն» 26 միավորով 14-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը փետրվարի 9-ին էր վերադարձել «Մոնպելյեի» գլխավոր մարզիչի պաշտոնին։ Նա ֆրանսիական ակումբը գլխավորել է նաև 2017-2021 թվականներին: Ընդհանուր առմամբ, «Մոնպելյեն» Տեր-Զաքարյանի գլխավորությամբ անցկացրել է 163 հանդիպում, տարել 65 հաղթանակ, գրանցել 51 ոչ-ոքի և կրել 47 պարտություն:
Միշել Տեր-Զաքարյանը նախորդ տարվա հոկտեմբերին հեռացել էր ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Նախկինում մարզիչը գլխավորել է նաև ֆրանսիական «Ռեյմսը», «Նանտը» և «Կլերմոնը»:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում պաշտպանը 10 տարի խաղացել է «Մոնպելյեում», այնուհետև գլխավորել է երկրորդ և երրորդ թիմերը։