Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկո Պառոլոն կարծիք է հայտնել Իտալիայի նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Մխիթարյանը թիմին հավասարակշռություն հաղորդող խաղացող է։ Համոզված եմ նաև, որ նա բարձրացրել է Հական Չալհանօղլուի պաշտպանողական որակները։ Մխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է, և միգուցե ցանկանում է փոքր ռեկորդի հեղինակ դառնալ, քանի որ չի հաղթել Չեմպիոնների լիգան։ Հավանաբար, նա մտադիր է հաղթել նաև այդ մրցաշարում»,- «Լացիոյի» նախկին կիսապաշտպանի խոսքը մեջբերում է FCInter1908-ը։
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերում» խաղում է 2022 թ. հուլիսից։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ներաձուրիի» հետ 2023/24 մրցաշրջանում դարձավ իտալական Ա սերիայի չեմպիոն՝ կարիերայում առաջին անգամ հաղթելով Եվրոպայի թոփ-5 լիգաներից մեկում։ 35-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 45 խաղում խփել է 2 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։