Շվեյցարիայի Բազել քաղաքում ավարտվել է «Եվրատեսիլ-2025» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում Հայաստանը ներկայացնող PARG-ը դուրս եկավ եզրափակիչ։
Նա հիանալի ելույթ ունեցավ անգլալեզու SURVIVOR երգով։ Հիասքանչ համարը և լուսավորության հատուկ էֆեկտները արժանացան հանդիսատեսի ոգևորված արձագանքներին և հավանությանը։
Երկրորդ կիսաեզրափակչին մասնակցում էին 16 մասնակիցներ Ավստրալիայից, Չեռնոգորիայից, Իռլանդիայից, Լատվիայից, Հայաստանից, Ավստրիայից, Հունաստանից, Լիտվայից, Մալթայից, Վրաստանից, Դանիայից, Չեխիայից, Լյուքսեմբուրգից, Իսրայելից, Սերբիայից և Ֆինլանդիայից։
Ելույթ ունեցան նաև Եվրատեսիլի հովանավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։ Մրցույթի կանոնների համաձայն՝ նրանք ավտոմատ կերպով անցնում են մեծ եզրափակիչ։
Երկրորդ կիսաեզրափակչի հաղթողներն էին Լիտվան, Իսրայելը, Հայաստանը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան և Հունաստանը։
Մայիսի 13-ին կայացած առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ անցան Ուկրաինան, Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան և Պորտուգալիան։
Հովանավոր երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան, կպայքարեն հաղթանակի համար մեծ եզրափակչում։
Մրցույթի հաղթողը կորոշվի մայիսի 17-ին ։