Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը», լինելու է աշխարհի ամենահեղինակավոր Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմը։ Այդ օրը կկայանա կինոնկարի համաշխարհային կինոպրեմիերան։ «Սա նշանակում է, որ օգոստոսի 6-ին սկսվող կինոփառատոնում, որին ներկա են ու մասնակցում են հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից, շուրջ 8000 հանդիսական Պիացե Գրանդեում դիտելու է Հայաստանի մասնակցությամբ ֆիլմ, դիտելու է հայ կինոռեժիսորի ֆիլմ, լսելու և խոսելու է Հայաստանի մասին, որը չի կարող հպարտության, ուրախության, արժանապատվության զգաումներ չառաջացնել», - հայտնում է Հայաստանի Կինոգործիչների միությունըը Ֆիլմը պատմում է Սելինի մասին։ Նա առաջին անգամ գալիս է Հայաստան, իր ամուսնու՝ Արտոյի, մահը գրանցելու։ Սելինը տեղեկանում է, որ ամուսինը ստել է իրեն, մասնակցել է պատերազմին, յուրացրել ուրիշի ինքնությունը, և նրա նախկին ընկերները նրան դավաճան են համարում։ Սելինի համար սա դառնում է անսպասելի ճամփորդություն դեպի ամուսնու անցյալ՝ սկսած 2020 թվականի պատերազմի վիրավորներից մինչև 90-ականների հաղթական պատերազմի վետերաններ, ու շարունակվող պատերազմի ուրվականներ: Կինն անընդհատ փորձում է հասնել նրա հետևից, բայց ինչպե՞ս թաղել ուրվականին։ Արդյո՞ք հնարավոր է փրկել մեռածներին։
«10 տարի առաջ պիտի նկարեի, բայց ինձ մերժում էին։ Երևի մտածում էին՝ առաջին լիամետրաժ ֆիլմդ է, այն էլ՝ բավականին հավակնոտ, քեզ ո՞ւմ տեղն ես դրել… Լուրջ չէին ընդունում։ Մինչև այդ, մի վավերագրական կարճամետրաժ էի նկարել։ Հիմա մտածում եմ՝ երևի ճիշտ եղավ, որ 10 տարի առաջ մերժեցին, որովհետև սցենարը հասունացավ, սցենարի հետ էլ՝ ես», - ֆիլմի մասին ասել է Թամարան։