
«Ալաշկերտի» սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչն արդյունավետ խաղ ցուցադրեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Այդ ցուցանիշը լավագույնն է հայկական ակումբների ֆուտբոլիստների մեջ եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում:
Նենադովիչը դարձավ 8-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվեց եվրոգավաթների մեկ խաղարկությունում 3 և ավելի գոլ խփել: Այդ ցուցանիշով յուրօրինակ ռեկորդակիրը «Բանանցի» նախկին հարձակվող Արամ Հակոբյանն է, ով 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում դարձել էր 4 գոլի հեղինակ:
Արամը մեկական անգամ աչքի էր ընկել Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ կայացած որակավորման առաջին փուլի երկու հանդիպումներում էլ, իսկ 2-րդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ «Դնեպրի» հետ անցկացրած խաղում դարձել էր դուբլի հեղինակ:
Եվրոգավաթների մեկ խաղարկության ընթացքում առաջինը փյունիկցի Արսեն Ավետիսյանին է հաջողվել 3 գոլ խփել: Դա տեղի է ունեցել 1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Ֆիննական ՀԻԿ-ի հետ առաջին խաղում Արսենը սեփական հարկի տակ դուբլ էր ձևակերպել, մեկ անգամ էլ աչքի էր ընկել հյուրընկալվելիս կայացած խաղում:
2002/03թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում 3 գոլի հեղինակ է դարձել մեկ այլ փյունիկցի՝ Արման Քարամյանը: Նա ֆիննական «Տամպերեի» հետ առաջին խաղում հյուրընկալվելիս դուբլի հեղինակ է դարձել, մեկ գնդակ էլ խփել է որակավորման 2-րդ փուլում Կիևի «Դինամոյի» հետ Երևանում կայացած խաղում:
Յուրօրինակ արդյունքի է հասել Արշակ Ամիրյանը 2003/04թթ. եվրոգավաթների մրցաշարում: Նա «Բանանցի» կազմում Թել Ավիվի «Հապոելի» դարպասը մեկական անգամ գրավել էր սեփական և մրցակցի հարկի տակ կայացած ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հանդիպումներում, որից հետո արդեն «Կոտայքի» կազմում գոլի հեղինակ էր դարձել չեխական «Բռնոյի» հետ Երևանում կայացած Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում:
Հետագա տարիներին եվրոգավաթների մեկ խաղարկությունում 3-ական գնդակ հաջողվել է խփել շիրակցիներ Ֆոֆանա Բեկոյին (2013/14թթ. ՉԼ, «Տրե Պենե» Սան Մարինո) ու Ժան Ժակ Բուգուհիին (2015/16թթ. ԵԼ, «Զրինսկի» Բոսնիա), ինչպես նաև փյունիկցի Վիուլեն Այվազյանին (2013/14թթ. ԵԼ, «Տետեքս» Մակեդոնիա՝ 2, «Ժալգիրիս» Լիտվա՝ 1): Ընդ որում Ֆոֆանա Բեկոն «Տրե Պենեի» հետ Գյումրիում կայացած առաջին խաղում հեթ տրիկի հեղինակ էր դարձել, ով մինչ օրս հայկական թիմերի ֆուտբոլիստներից միակն է այդ ցուցանիշով:
Ուրոշ Նենադովիչը Չեմպիոնների լիգայի հանդիպումներում խփած գոլերի քանակով հավասարվեց այդ մրցաշարում հայկական թիմերի ֆուտբոլիստներից լավագույն արդյունքը ցույց տված Արման Քարամյանին և Ֆոֆանա Բեկոյին:
Սերբ հարձակվողը 3 գնդակով նաև դարձավ եվրոգավաթներում «Ալաշկերտի» լավագույն ռմբարկուներից մեկը՝ հավասարվելով Նորայր Գյոզալյանին: Վերջինս գոլերի հաշիվը բացել էր 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում՝ հյուրընկալվելիս գրավելով շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» դարպասը: Իսկ անցյալ տարի «Ալաշկերտի» հարձակվողը մեկական գոլ էր խփել «Սանտա Կոլոմայի» և Թբիլիսիի «Դինամոյի» դարպասները Չեմպիոնների լիգայի մրցաշարում:
Ուրոշ Նենադովիչը նաև ընդգրկվեց եվրոգավաթների լավագույն ռմբարկուների ցանկում: VivaroNews.am-ը ներկայացնում է եվրոգավաթների մրցաշարերում հայկական թիմերի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներին:
Ֆուտբոլիստներ | Գոլ |
1. Արարատ Հարությունյան | 5 |
2. Արսեն Ավետիսյան | 4 |
3. Արամ Հակոբյան | 4 |
4. Արմեն Սանամյան | 3 |
5. Արմեն Շահգելդյան | 3 |
6. Ռաֆայել Նազարյան | 3 |
7. Արման Քարամյան | 3 |
8. Արշակ Ամիրյան | 3 |
9. Ֆոֆանա Բեկո | 3 |
10. Վիուլեն Այվազյան | 3 |
11. Ժան Ժակ Բուգուհի | 3 |
12. Նորայր Գյոզալյան | 3 |
13. Ուրոշ Նենադովիչ | 3 |
Աշոտ Հայրապետյան