
Հայաստանը կրկին մասնակցելու է եվրոգավաթների խաղարկություններին:
Փորձենք նախապատրաստել ձեզ հայկական ակումբների ելույթներին:
Ամենահզոր մրցակիցը բաժին է հասել «Ալաշկերտին»
Հուլիսի 10-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ» – «Սելթիկ» հանդիպումով հայկական ակումբները կսկսեն իրենց ելույթները ֆուտբոլի եվրոգավաթների 2018/19թթ. խաղարկությունում: Վերջին 3 մրցաշրջանների Հայաստանի անփոփոխ չեմպիոնը 4-րդ անգամ է մեկնարկելու եվրոգավաթներում: Նախորդ 3 խաղարկություններում ալաշկերտցիներին մշտապես հաջողվել է հաղթահարել առաջին փուլի արգելքը:
Հետաքրքիր է, որ նախորդ 3 խաղարկությունների մեկնարկային հանդիպումներում «Ալաշկերտը» սեփական դարպասն անառիկ է պահել՝ տոնելով 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:
«Ալաշկերտը» մինչ օրս եվրոգավաթներին մասնակցած հայկական ակումբների մեջ յուրօրինակ նվաճման է հասել՝ նորամուտը նշելով հաջորդ փուլ դուրս գալով: «Ալաշկերտը» նաև Չեմպիոնների լիգայի մասնակից հայկական 8 ակումբներից միակն է, որը հեղինակավոր այդ մրցաշարում նորամուտը նշել է հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ:
Մեկնարկի դուրս եկող հայկական 4 ակումբներից «Ալաշկերտին» է բաժին հասել ամենադժվարին ու ամենատիտղոսակիր մրցակիցը: Այս տարի հիմնադրման 130-ամյակը նշող «Սելթիկը» Շոտլանդիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկն է, որը 49 անգամ արժանացել է երկրի չեմպիոնի տիտղոսին, ռեկորդային՝ 38 անգամ նվաճել է երկրի գավաթը, 18 անգամ էլ դարձել է շոտլանդական լիգայի գավաթակիր: Ընդ որում «Սելթիկը» վերջին 7 տարիների Շոտլանդիայի անփոփոխ չեմպիոնն է:
Նվաճած տիտղոսների քանակով «Սելթիկը» Շոտլանդիայում զիջում է միայն իր վաղեմի մրցակցին՝ «Գլազգո Ռեյնջերսին», որը 54 անգամ է արժանացել երկրի չեմպիոնի տիտղոսին, 33 անգամ նվաճել է երկրի գավաթը, 27 անգամ էլ դարձել է շոտլանդական լիգայի գավաթակիր:
Նախորդ մրցաշրջանում «Սելթիկը» հասավ կրկնակի հաջողության՝ նվաճելով երկրի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները: Իսկ ահա եվրոգավաթներում «Սելթիկի» ցուցանիշներն առավել քան համեստ են, իսկ հատուկենտ հաջողություններն էլ գրանցվել են նախորդ դարում:
«Սելթիկն» ամենամեծ հաջողությանը հասել է 1966/67թթ. Չեմպիոնների գավաթի խաղարկությունում: Լիսաբոնում կայացած եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով իտալական «Ինտերին»՝ «Սելթիկը» դարձել էր պատվավոր մրցանակը նվաճած բրիտանական առաջին ակումբը, իսկ թիմի ֆուտբոլիստներին կնքել էին «Լիսաբոնյան առյուծներ» մականվամբ: Հարկ է նշել, որ մինչ օրս այդ հաջողությունը միակն է շոտլանդական ակումբների մեջ:
Եվս երկու անգամ «Սելթիկը» հանդես է եկել եվրոգավաթի եզրափակչում ու երկու դեպքում էլ անհաջողության է մատնվել: 1969/70թթ. մրցաշրջանում «Սելթիկը» Չեմպիոնների գավաթի եզրափակչում լրացուցիչ ժամանակում 1-2 հաշվով պարտվել է հոլանդական «Ֆեյենորդին», իսկ 2002/03թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության վճռորոշ խաղում կրկին լրացուցիչ ժամանակում զիջել է պորտուգալական «Պորտուին»:
Նախորդ մրցաշրջանում «Սելթիկը» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ՊՍԺ-ի, «Բավարիայի» և «Անդերլեխտի» հետ մրցակցությունում զբաղեցրել էր 3-րդ տեղը, այնուհետև Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում զիջել էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին» (1-0, 0-3):
Եվրոգավաթների մրցաշարերում «Սելթիկն» առաջին անգամ է հանդիպելու հայկական ակումբի հետ: Իսկ ահա «Ալաշկերտը» շոտլանդական արգելապատնեշը հաղթահարելու փորձ արդեն ունի: 2015/16թթ. մրցաշրջանում նորամուտը նշելով եվրոգավաթների մրցաշարերում՝ ալաշկերտցիները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս էին մղել շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին» (1-0, 1-2):