Logo

«Ժամանակն է կանգ առնենք և հասկանաք՝ նա ինչ է անում». Մրցակիցներն ու վիճակագրությունը չեն դիմանում Քարիին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 23.04.2021Բասկետբոլ
Բացառիկ
curry - «Ժամանակն է կանգ առնենք և հասկանաք՝ նա ինչ է անում». Մրցակիցներն ու վիճակագրությունը չեն դիմանում Քարիին

Հնարավոր է` չեք նկատել, սակայն ԱՄՆ-ում իրարանցում է: Վերջին շաբաթների ընթացքում վերլուծաբանները միմյանց հերթ չեն տալիս պարզելու համար, թե ով է բասկետբոլի պատմության լավագույն հարձակվողական ոճի խաղացողը: Ամեն ինչի պատճառը Ստեֆեն Քարին է, որը վերջին օրերին տիեզերական մակարդակի ցուցանիշներ է գրանցում: Ամերիկացին ապրիլին այնպիսի խաղ է ցուցադրում, որը միգուցե չենք տեսել, երբ նա երկու տարի անընդմեջ ճանաչվեց NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP): Եվ դա այն դեպքում, որ 2016-ին նրա օգտին քվեարկեցին միաձայն (աննախադեպ երևույթ):

Թիմի ամենաազդեցիկ խաղացողը

Ստեֆը վերջին վնասվածքից ապաքինվելուց հետո ամեն ինչ անում է, որ իր թիմին դուրս բերի փլեյ-ին (7-10-րդ տեղեր): Առանց նրա «Ուորիորզն» անօգնական տեսք ունի՝ 1 հաղթանակ 8 խաղում, այդ թվում «Տորոնտոյից» ստորացուցիչ պարտություն՝ 53 միավորի տարբերությամբ: Վիճակագիրները հաշվել են, որ առանց Քարիի «Գոլդեն Սթեյթը» ցուցադրում է վերջին 5 տարվա NBA-ի վատագույն հարձակվողական խաղը: Կալիֆորնաիցիները 100 գրոհի արդյունքում վաստակում են 99,8 միավոր: Նույնիսկ 2016/17 մրցաշրջանին «Ֆիլիադելֆիան», որը միտումնավոր պարտությունների տակտիկայով էր խաղում (դրաֆոտւմ բարձր ընտրության համար), 100 գրոհի ժամանակ 103,2 միավոր էր վաստակում:

Արդեն երկրորդ տարին Քարին խաղում է առանց իր լավագույն թիմակից Քլեյ Թոփմսոնի, որը  երկու ծանր վնասվածք է ստացել: Մեկ տարի առաջ Քարին մրցաշրջանի կեսից ձեռքի կոտրվածք ստացավ և վերջին տարիներին եռակի չեմպիոն թիմը դարձավ հետնապահ: Այժմ նա չի պատրաստվում նման բան թույլ տալ.

«Համաձայն եմ, որ վիճակագրությամբ իմ կարիերայի լավագույն հատվածներից մեկն եմ անցկացնում: Փորձում եմ արդարացնել սպասելիքները և օգնել թիմին: Հիմա հսկայական վստահություն եմ զգում սեփական ուժերիս նկատմամբ»,- ասել է 33-ամյա բասկետբոլիստը:

«Վաշինգտոնի» դեմ վերջին խաղում Ստեֆը վաստակեց 18 միավոր, բայց մինչ այդ անցկացրած 11 անընդմեջ մրցավեճում նա 32-ից պակաս միավոր չէր հավաքում: Այդ խելահեղ շարքում եղան հաղթական 53 միավոր՝ ուժեղ «Դենվերի», 47 միավոր՝ անզիջում «Բոսթոնի» դեմ և կրկին հաղթական 49 միավոր արևելքի ներկայիս ուժեղագույն թիմի՝ «Ֆիլադելֆիայի» նկատմամբ: Այդ 11 խաղում նա միջինը վաստակում էր անհավանական՝ 40,8 միավոր, իսկ հեռահար նետումներ կատարում 50,3 տոկոս դիպուկությամբ: Նա, միջինը մեկ խաղում, 7,2 արդյունավետ 3-միավորանոց նետում է կատարում, ինչին նույնիսկ դժվար է հավատալ:

Մեր ընտրանին

Համեմատություն մեծագույնի հետ

«Գոլդեն Սթեյթի» գլխավոր մարզիչ Սթիվ Քերը, որը եղել է Մայքլ Ջորդանի թիմակիցը, չի կարողանում զսպել իր հիացմունքը:

«Ես տեսել եմ Կոբի Բրայանտի խաղը: Նրա կարիերայի սկզբում լինում էին պահեր, երբ «խելագարվում» էր և սկսում անվերջ միավորներ հավաքել: Ինչ վերաբերվում է Մայքլ Ջորդանին, ապա լինում էին պահեր, երբ նա անհավանական նետումներ էր կատարում: Բայց ակնհայտ է, որ բասկետբոլի պատմության մեջ ոչ ոք չի կարողացել այդքան լավ նետումներ կատարել, որքան Ստեֆը: Երբեք չի եղել բասկետբոլիստ, որը կարողանար այնպիսի բաներ անել, որոնք հիմա Քարիի կատարմամբ ենք տեսնում»:

Նման ելույթներից հետո զարմանալի չէ, որ մարդիկ սկսեցին խոսել, որ հենց Քարին պետք է ստանա MVP մրցանակը: Այդպիսի կարծիք հայտնողներից ամենահեղինակավորը լեգենդար Մեջիք Ջոնսոնն է.

«Չի կարելի Քարիին չճանաչել NBA-ի MVP: Նա «Ուորիորզի» հարձակման առաջին, երկրորդ և երրորդ տարբերակն է: Նա նախկինի պես գերիշխում է բասկետբոլում»:

curry 1 960x540 - «Ժամանակն է կանգ առնենք և հասկանաք՝ նա ինչ է անում». Մրցակիցներն ու վիճակագրությունը չեն դիմանում Քարիին

Պատմության հարձակվողական ոճի լավագու՞յն բասկետբոլիստը

Օրերս Thinking Basketball-ը հետազոտություն է անցկացրել, որում վերլուծել են NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստներին, երբ նրանք իրենց կարիերայի գագաթնակետում են գտնվել: Վերլուծաբանները եկել են եզրակացության, որ Քարին NBA-ի պատմության հարձակվողական ոճի լավագույն բասկետբոլիստն է:

Հետազոտության հիմնական հետևություններից մեկն այն էր, որ Ստեֆն իր ֆենոմենալ հեռահար նետման շնորհիվ կարիք չունի խաղադաշտի կոնկրետ վայրում հայտնվել, որպեսզի կարողանա իր որակները ցույց տալ: Մայքլ Ջորդանն արտակարգ միջին նետումներ ուներ, Լեբրոն Ջեյմսն անկասելի է անցման ժամանակ, իսկ Շաքիլ Օ’Նիլը՝ օղակի տակ: Բայց Քարին իր անվրեպ հեռահար նետման շնորհիվ անկասելի է: Նա կարող է այդ նետումը կատարել թեկուզ կիսադաշտից: Իսկ երբ նրան խանգարելու համար երկու բասկետբոլիստով փորձում են շրջափակել, ապա խաղարկողը միշտ գտնում է ազատ թիմակցին և արդյունավետ փոխանցում կատարում:

curry 2 960x558 - «Ժամանակն է կանգ առնենք և հասկանաք՝ նա ինչ է անում». Մրցակիցներն ու վիճակագրությունը չեն դիմանում Քարիին

Նման իրավիճակում նաև որոշիչ դեր է ստանում արագ նետում կատարելու ունակությունը: Բասկետբոլային չափանիշներով ցածրահասակ Քարին (191 սմ), գնդակը վարելու պահին, նետման համար ծախսում է 0,4 վայրկյան, իսկ փոխանցում ստանալու և անմիջապես նետում կատարելու համար՝ 0,6: Նման կայծակնային արագությանը որևէ պաշտպան չի կարողանում դիմակայել:

«Սիրում եմ պատմել իմ էմոցիաները, երբ դիտում էի Ստեֆի ու նրա թիմի խաղերը փլեյ-օֆֆում: Ամբողջ մարզադահլիճը լեփ-լեցուն է, և ահա Քարին գնդակով անցնում է կիսադաշտն ու ես սկսում եմ բղավել հեռուստացույցին. «Նետի՛ր այդտեղից, ո՞ւմ ես սպասում»: Պաշտում եմ նրա խաղերը դիտել, Ստեֆն իմ ամենասիրելի բասկետբոլիստներից մեկն է»,- ասել է լեգենդար Դիրկ Նովիցկին:

Բայց Քարին չի սահմանափակվում հեռահար նետումներով, այլապես պարզապես դիպուկահար կհամարվեր (թոփ մակարդակի): Բայց նա նաև NBA-ի լավագույն խաբքերի տիրապետող խաղացողներից մեկն է, որը շքեղ քրոսովերների շնորհիվ հատակին է տապալում նույնիսկ ամենահամառ ու ինտելեկտուալ մրցակիցներին: Դրա շնորհիվ նա կարողանում է մոտենալ օղակին և այնտեղից նետում կատարել: Այդ ցուցանիշով ամերիկացին նույնպես թոփ մակարդակում է, ինչը Քարիին դարձնում է բացարձակապես անկանխատեսելի և անվերահսկելի մրցակից:

Իսկ այդ խաբքերը…
Այդպիսի խաղ ցուցադրող բասկետբոլիստից զարմանալի չէ, որ հենց նա կարողացավ գերազանցել մեծն Ուիլտ Չեմբերլենի ռեկորդը՝ «Գոլդեն Սթեյթում» վաստակած միավորների թվով: Չեմբերլենը միավորներ վաստակելու մեքենա էր: Հենց նրան է պատկանում մեկ խաղում հավաքած միավորների ռեկորդը՝ 100 միավոր, որը գրանցել է «Ֆիլադելֆիայի» կազմում: Իսկ «Գոլդեն Սթեյթում» նա 17 783 միավոր է վաստակել: Քարին այդ ցուցանիշը գերազանցեց ապրիլի սկզբին:

Քարի-մանիա

Վերջերս աշխարհում Քարիի ազդեցության մասին դիպուկ ասաց նրա թիմակից Քենթ Բեյզմորը.

«Մենք բոլորս պետք է մի պահ կանգ առնենք ու գնահատենք այն ամենն, ինչ հիմա անում է Ստեֆը: Քարին ոգեշնչում է բոլորին՝ NBA-ի բասկետբոլիստներին, երիտասարդ խաղացողներին, ուսանողներին, երեխաներին, ինձ և նույնիսկ այս մարզաձի հետ կապ չունեցող մարդկանց»:

Բոլորը խոսում են Քարիի կատարած խաղային հեղափոխության մասին, որի շնորհիվ հեռահար նետումը դարձավ ամենակարևոր բաղադրիչը բասկետբոլում: Սակայն Ստեֆի կատարած գլխավոր հեղափոխությունը՝ մարդկանց մտածելակերպն է, որովհետև Քարիի շնորհիվ ցանկացած մարդ հասկացավ, որ կարող է զբաղվել բասկետբոլով և նույնիսկ բասկետբոլային չափանիշներով ցածր համարվող հասակը չի խանգարի նրան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ